Լրահոս

11.04.2013 14:50


ՀՀ ոստիկանության հայտարարությունը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ի և ապրիլի 9-ի իր հայտարարություններում հանգամանալից գնահատելով Ազատության հրապարակում վերջին օրերին կազմակերպված հանրային հավաքներում առկա միտումները և դրանց առնչությամբ իրականացված կամ ծրագրված մի շարք հակաիրավական գործողություններ, բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտար լիովին խուսափել ապրիլի 9-ին տեղի ունեցած անցանկալի զարգացումներից: 

Ապրիլի 9-ի միջադեպերն ուղղակիորեն հաստատեցին ՀՀ ոստիկանության կանխատեսումների և նախազգուշացումների հիմնավորվածությունը` միաժամանակ բացահայտելով անպատասխանատու հակաիրավական վարքագծի դրսևորումներով Ոստիկանության` իրավաբանական, հատկապես` վարչական պատասխանատվության ենթարկելու կարողությունն ու կամքը անհարկի փորձելու հետևանքները:

ՀՀ ոստիկանությունը խոր ափսոսանքով արձանագրում է, որ Բաղրամյան պողոտայով ապօրինի երթի առանձին` անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը Ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, ովքեր անհապաղ մեկուսացվեցին հավաքի վայրից և ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որից հետո հավաքը վերականգնեց իր խաղաղ բնույթը և մասնակիցներին ընձեռվեց հանգիստ կերպով իրազեկված հավաքի հիմնական վայր` Ազատության հրապարակ վերադառնալու հնարավորություն: 

ՀՀ ոստիկանությունը գործադրեց բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու և հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:

ՀՀ ոստիկանության ծառայողները «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված իրենց այս հիմնական պարտականությունները կատարեցին արդյունավետ` կանխելով իրավիճակի սրումը և հնարավոր այլ բացասական հետևանքների առաջացումը:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:

Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին:

ՀՀ ոստիկանությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ երթի երթուղու վերաբերյալ լիազոր մարմնի` Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել էր երկու սահմանափակում: Մասնավորապես, Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրականացվելիք մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում` արտասահմանյան հյուրերի, ներառյալ` բարձրաստիճան դիվանագետների մասնակցությունն ապահովելու նպատակով Բաղրամյան պողոտայով և Պռոշյան փողոցով անցնող երթուղու փոխարեն առաջարկվել էր փոքր-ինչ փոփոխված երթուղի: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը նախօրոք զգուշացրել էր, որ խստիվ պահպանելու է քաղաքապետի որոշմամբ ամրագրված սահմանափակումները: 

Իրավական պետությունում պետք է խստորեն պահպանվեն գործող օրենքների և վարչական ակտերի դրույթները: Չվիճարկված և իրավաբանական պարտադրականություն ունեցող ակտերին չենթարկվելը կոպիտ իրավախախտում է և չի կարող ունենալ որևէ արդարացում, ներառյալ`  հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ իրականացման անպատեհ հղումը: Միևնույն ժամանակ, ոստիկանության կողմից վարչական ակտի կատարումը չի կարող որակվել իբրև խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակում, քանի որ. նախ` վարչական ակտով սահմանափակվել է որոշ տարածքներում հավաքի անցկացումը, ինչը բացառում է այդ տարածքները հավաքի վայր դիտարկելը. Երկրորդ` հավաքների ազատության իրավունքը որևէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու` հավաքի մասնակիցների որևէ իրավունք: Այս առումով, Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտել քաղաքապետի որոշման մեջ առաջարկված վայրերում անցկացվող երթի ընթացքին, այլ բացառապես ապահովել է Բաղրամյան պողոտայով Հանրապետության Նախագահի նստավայր ժամանող անձանց և երթևեկության անվտանգությունը: Մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ ուժային ճանապարհով ոստիկանության պատնեշը ճեղքելը կարող էր մնալ անարձագանք և Ոստիկանությունը հրաժարվեր արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու իր պարտականությունների կատարումից: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության և հանրային շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում:

ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների տարածած հայտարարությունները, մեղմ ասած, ժամանակավրեպ են և զուրկ մասնագիտական հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքում կգնահատի այդ գործողությունների իրավաչափությունը և իր գնահատականները կներկայացնի հանրության դատին: Հարկ է նկատի ունենալ, որ համաչության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասառակշռության հարցը: Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում` սահմանափակման բնույթը և ծավալը, հետապնդվող նպատակի կարևորությունը, միջամտելու պատճառները և դրևսորումները: Իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ զգացմունքային լուծումներն ու գնահատականները անթույլատրելի  են և անհամարժեք: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը կողջունի այդ հարցին իրավական հարթության մեջ անդրադառնալու և քննարկելու ցանկացած քայլ:

Այս խորագրի վերջին նյութերը