Հարցազրույց

18.04.2013 16:36


Գուրգեն Ասատրյան

Գուրգեն Ասատրյան

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Գուրգեն Ասատրյանի հետ

–Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ավան համայնքում ՀԱԿ–ի քարոզչական նյութերը բաժանելիս ձեր նկատմամբ բռնի ուժ է կիրառվել։ Խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և ո՞վ է խոչընդոտել ձեր քարոզչությունը։

–Երբ դուռը թակեցի, Բրյուսով 63 շենքի լիազորը միանգամից հայհոյախառը վիրավորանքներ թափեց, երբ տեսավ՝ քարոչանյութի վրա գրված է ՀԱԿ: Ես նրան չարձագանքեցի, սակայն չորրորդ հարկում, երբ վերելակի դռները բացվեցին, դուրս եկավ այդ կինը՝ մեր քարոզչանյութերը ձեռքին, և սկսեց ճղել ու վիրավորանքների հետ մեկտեղ սպառնալիքներ հնչեցնել, որ մարդիկ կկանչի և ոտքերս կջարդի, կամ՝ այստեղ բոլորը հանրապետական են, և ես իրավունք չունեմ մտնել այդ շենքը: Այնուհետև 65–րդ շենքի 9-րդ հարկում ինձ դիմավորեց մի տղամարդ, և ինձնից քարոզչանյութ խնդրեց։ Ես փոխանցեցի, իսկ նա միանգամից վիրավորեց մեր առաջնորդին։ Հասկացա, որ պրովոկացիայի են գնում, ոչինչ չպատասխանեցի և շարունակեցի իմ գործը։ Սակայն նույն բնակարանից դուրս եկավ մի ուրիշ տղամարդ, ներկայացավ որպես ազատամարտիկ և ինձ խնդրեց չերևալ այդ թաղամասում, քանի դեռ իմ հետ ոչինչ չի պատահել։ Ես նորից չարձագանքեցի և շարունակեցի քարոզարշավը, սակայն առաջին հարկում իմ դիմաց հայտնվեց այդ ազատամարտիկ տղամարդը, հայհոյեց ինձ ու մեր առաջնորդին, կոշտ սպառնալիքներ հնչեցրեց ու հրեց: Այնուհետև, այդ շենքից դուրս գալուց հետո, մեզ դիմավորեց մի երիտասարդ՝ Տարոն Մարգարյանի շտաբից։ Բա՝ դուք վիրավորել ե՞ք Մարգարյանին։ Ասացի ո՛չ։ Բա՝ այլևս ստեղ չերևաք, թե չէ հաստատ մյուս անգամ ստեղից դուրս չեք պրծնի:

–Գիտեմ, որ դիմել եք ոստիկանություն։ Գործն ի՞նչ ընթացքի մեջ է, և իրավապահ մարմիններից որևէ ակնկալիք ունե՞ք։

Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, և ինձ հայտնել են, որ երկու օրից կպատասխանեն ընթացքի վերաբերյալ: Ոստիկանությունից ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև տարիներ շարունակ ոստիկանությունը հանդիսանում է մի բութ գործիք, որը հլու հնազանդ ծառայում է իշխանություններին՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծված են Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի անվտանգության, սեփական կարողությունները պահպանելու գործին:

–ՀՀԿ–ականներն ասում են, որ Տարոն Մարգարյանի վարկանիշը բարձր է քաղաքի բնակչության շրջանում, իսկ Ավանում, անխոս, նա է հաղթելու։ Մարդկանց հետ շփման ժամանակ ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը Տարոն Մարգարյանի նկատմամբ։

Մարդիկ վախվորած են և շատ դժվար են մտնում անհատական շփման մեջ ու քարոզչանյութը վերցնելուց հետո միանգամից փակում են դուռը։ Դա ինձ համար հասկանալի է, որովհետև յուրաքանչյուրը ինչ–որ մի հարցով կապված է իշխանությունների հետ՝ մեկի բարեկամը աշխատում է, մեկի երեխան մանկապարտեզ է գնում, մեկը տարածք ունի ու մի քանի կոպեկ է աշխատում: Եվ Տարոնը ավելի լավ Երևան ասելով՝ հասկանում է, վախի մեջ պահելով ժողովրդին, սեփական բիզնեսներն ու կարողությունը ծաղկացնել:

–Իսկ կոնկրետ Ավանում իրո՞ք Տարոն Մարգարյանի վարկանիշն այդքան բարձր է։

Հանրապետականների և թաղային խաժամուժի հետ շփման արդյունքում ինձ համար ավելի ու ավելի համոզիչ դարձավ, որ Տարոն Մարգարյանը ինչպես ամբողջ Երևանում, այնպես էլ Ավանում, ձայն չունի, որովհետև Ավան համայնքում այդ սպառնալիքները, այդ վախը, երբ ՀՀԿ-ականները ամեն ինչ անում են, որ ես ժողովրդի հետ շփման մեջ չմտնեմ, միայն ու միայն մի բանի մասին են վկայում՝ իրենք հասկացել են, որ Տարոնը ձայն չունի, որովհետև եթե այդքան բարձր լիներ նրա վարկանիշը, նրա կամակատարները այդպիսի հիստերիկ վիճակում չէին լինի ու խնդիրներ չէին ստեղծի: Հատկապես Ավանում մարդիկ ինձ հետ անմիջական շփման մեջ չեն մտնում, սակայն նրանց դեմքերին նայելով՝ տեսնում եմ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացիների հայացքներ, որոնք ոչ մի դեպքում չեն պատրաստվում ձայն տալ իշխող հանցագործ ռեժիմին։

ՀԱԿ անդամներն ու համակիրները ի՞նչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել մայիսի 5–ին ընտրատեղամասերում ընտրողի ձայնը պահելու համար։ Արդյոք իրատեսակա՞ն է դա։

–Հայ ազգային կոնգրեսը բոլոր տեղամասերում ունենալու է և՛ հանձնաժողովի անդամներ, և՛ վստահված անձեր, ովքեր այս հինգ տարիների ընթացքում շարժման ծոցից դուրս եկած ազնիվ, հպարտ քաղաքացիներ են։ Եվ ես անձամբ լինելու եմ վստահված անձ Ավան համայնքում, որտեղ Նեմեց Ռուբոն է քվեարկում ու ամեն ինչ անելու եմ՝ քաղաքացու ձայնը հասնի տեղ։ Վստահ եմ, որ ընտրատեղամասերում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում դա կդառնա իրականություն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը