Մեկնաբանություն

29.04.2013 16:47


Տարոն Մարգարյանն ու «VOX POPcorn»–ը

Տարոն Մարգարյանն ու «VOX POPcorn»–ը

Պալատական սոցիոլոգները և հարցումներ կազմակերպող «ֆեյք» կառույցները լծվել են ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի համար տոկոս «խփելու» գործին։

«Կացնային» մեթոդով պատվեր կատարողները Տարոնի վարկանիշը փչում են պոպկոռնի պես՝ այն հասցնելով 60 և ավելի տոկոսի։ Ավելի «նուրբերն» ու փորձառուները խոսում են 45 տոկոսի մասին։ «Սոցիոլոգոների» այս երկու խմբերը, մեծ հաշվով, ուզում են հանրային գիտակցության մեջ տեղավորել այն թեզը, թե իբր Տարոնը մրցակցությունից դուրս է, իսկ ՀՀԿ–ն կարող է միանձնյա իշխանություն ձևավորել Երևանում։

Նկատենք, սակայն, որ «սոցիոլոգները», կամա թե ակամա, արջի ծառայություն են մատուցում Տարոնին, և նրան դարձնում կուսակիցների թիրախը։

Նրանք, ովքեր գործող քաղաքապետի վարկանիշը 60 տոկոսից բարձր են գնահատում, այդպիսով ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորողին դարձնում են ավելի ընդունելի, քան Սերժ Սարգսյանին, ում համար նախագահական ընտրությունների ժամանակ «խփվեց» 57 %:

Իսկ նրանք, ովքեր ՀՀԿ ավագանու ցուցակի համար թմբկահարում են 45 տոկոս ձայն, նսեմացնում են արդեն ՀՀԿ–ին, որը կարողացավ «շրջիկ» խմբերով և այլ մեթոդներով ԱԺ ընտրություններքում հավաքել 44 տոկոս։

Ըստ «սոցիլոգոների» ստացվում է, որ Տարոնը բարձր վարկանիշ ունի գործող նախագահից, իսկ նրա գլխավորած ցուցակը՝ ՀՀԿ–ից։ Այդպես է դա, թե ոչ՝ կորոշի ընտրողը։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ ձայն բազմացը՝ «Vox Pop»–ը, պոպկոռն չէ, որ ինչքան ուզես փչես, ու փքվող հատիկների մեջից ավելի լավ Տարոն դուրս գա։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Պարզելու համար, թե արդյոք կեղծվե՞լ են Երևանի ավագանու ընտրությունները կա երկու ինդիկատոր։ Մեկն այն է, որ եթե ՀՀԿ–ն 40 և ավելի տոկոս հավաքի, ապա ակնհայտ կլինի, որ հերթական անգամ տեղի է ունեցել թվանկարչություն, քանզի մայրաքաղաքը բաց երկնքի տակ «փողերի լվացման մեքենայի» վերածած ուժը չի կարող իրականում այդքան ձայն ունենալ։

Մյուս ինդիկատորը ՕԵԿ–ն է։ Եթե 2008թ. հետո զրոյացած այդ ուժը ԿԸՀ տվյալներով հաղթահարի անցողիկ շեմ համարվող 6 տոկոսը, ապա դա նույնպես ցույց կտա, թե իրականում ինչպիսի ընտրություններ են տեղի ունեցել։

Ոչիշխանական ուժերի խնդիրը պետք է լինի կեղծիքներ թույլ չտալը։ Այդ դեպքում ՀՀԿ ավագանի կհայտնվի փոքրամասնության մեջ, իսկ ՕԵԿ–ը կհավաքի իր հասանելիք 0,1 %–ը։

Այս խորագրի վերջին նյութերը