Կարծիք

30.04.2013 19:29


Ինչի՞ց և ինչո՞ւ է խուսափում Տարոն Մարգարյանը

Ինչի՞ց և ինչո՞ւ է խուսափում Տարոն Մարգարյանը

ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզչաթիմը ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ ձգտելով առավելագույնս հեռու պահել նրան բակային հանդիպումներում առանց ՀՀԿ փուչիկի եկած հատուկենտ մարդկանց հետ շփումներից, ինքնաբուխ ելույթներից և մրցակիցների հետ բանավեճերից։

Երևանի գործող քաղաքապետի թույլ կողմը փորձ արվեց թաքցնել՝ բնակիչներին ուղղված նամակում «մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի և միտինգային վարվեցողության» ձևակերպման օգնությամբ։ Իրականությունը, սակայն, այն է, որ Տարոնը ոչ թե չի սիրում միտինգային վարվեցողությունը, այլ չի տիրապետում հոդաբաշխ խոսքի արվեստին։ Ասել է թե՝ ճառեր ու միտինգներ չսիրելը Տարոնի համար «ատմազկա» է, այլ ոչ թե «մարդկանց հետ մտերմիկ զրույցները» ճառերից ու միտինգներից գերադասելու սկզբունք։

ՀՀԿ–ում լավ գիտեն, որ եթե Տարոնի բանավոր խոսքը դուրս գա պլանավորված սահմաններից, ապա հանրությանն այնպիսի մտքի «գոհարներ» կմատուցվեն, որ խիարը, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ էր հաճախ պատահում, կարող է թարս բուսնել։ Դա էր պատճառը, որ Տարոն Մարգարյանը խուսափեց ՀՅԴ–ի՝ բանավիճելու առաջարկից։ Դա էր նաև պատճառը, որ գործող քաղաքապետը խուսափեց ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու պոտենցիալ քաղաքապետների հետ այսօր կայացած բանավիճ–քննարկումից։

Տարոն Մարգարյանը էժանագին ձեթի գովազդ հիշեցնող պաստառի վրայի թեկնածու է։ Նա, ինչպես իր «անլեզու» աներորդին, խոսել չի սիրում, քանզի ընտրությունների ժամանակ հույսը ոչ թե հանրային ռեսուրսն է, այլ «զորավարի» օժանդակությամբ խփած «տոկոսները»։

Տարոնը խոսքի փոխարեն նախընտրում է գործը։ Այդ գործի շնորհիվ է, որ Տարոնին հաջողվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատած տարիներին կուտակել միլիոնավոր դոլարներ։

Բաղրամյան 26–ին մայրաքաղաքի հենց տարոնատիպ ղեկավար է պետք, որպեսզի կարողանան «սիրուն է» կամ «սիրուն չէ» մոդելով կառավարել Երևանը և ունենալ «չխոսկան պռառաբ»։

Հիմա ամեն ինչ շատ պարզ է. մայիսի 5–ին երևանցիները պետք է մի կողմից ընտրություն կատարեն նախագահական նստավայրի կողմից նշանակված «պռառաբի» գլխավորած ցուցակի և մյուս կողմից՝ սեփական «ես»–ն ունեցող ու քաղաքականապես ինքնուրույն թիմերի՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի, միջև։ Կարիք չկա բացատրելու, որ ավելի լավ Տարոնը պաշտոնազրկված Տարոնն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը