Տնտեսական

02.05.2013 13:23


Տիգրան Սարգսյան. «Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք»

Տիգրան Սարգսյան. «Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք»

ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։ Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։ Գործադիրն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։ Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։

Մեկ այլ որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը և տեղեկանքները։ Նշված ժամանակամիջոցում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն։ Կազմակերպություններից 52-ն իրականացրել է երկարաժամկետ` ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր, իսկ 73-ը` կարճաժամկետ` միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր։ Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ և մի շարք այլ կազմակերպություններ։

Այս խորագրի վերջին նյութերը