Տնտեսական

03.05.2013 11:42


Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Հայաստանում լավատես է գործարարների միայն 14%-ը

Հայաստանում գործարարների միայն 14%-ն է լավատեսորեն նայում առաջիկա 12 ամիսներին երկրի տնտեսության բարելավման հեռանկարին: civilnet.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փաստում են «Գրանթ թորնթոն ինթերնեշնլ» միջազգային աուդիտորական ընկերության՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի «Միջազգային գործարար զեկույցի» (IBR) տվյալները։ 2012թ. չորրորդ եռամսյակում ցուցանիշը կազմել է 42%։

Համաձայն զեկույցի՝ տնտեսական հեռանկարների հարցում աշխարհում լավատես է գործարարների 27%-ը՝ նախորդ եռամսյակի 4%-ի համեմատ։ Երեք խոշորագույն տնտեսություններում ևս գրանցվել է լավատեսության աճ։ Միացյալ Նահանգներում ցուցանիշը 31% է (2012թ. չորրորդ եռամսյակի 4%-ի համեմատ), Չինաստանում՝ 29% (նախորդ 19%-ի համեմատ)։ Ճապոնիայում նույնպես նվազել են հոռետեսական տրամադրությունները՝ ցուցանիշը -70%-ից կրճատվել է մինչև -2%։ Վստահությունը վերադարձել է անգամ PIGS (Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան և Իսպանիա) երկրներում՝ -56%-ից հասնելով 15%-ի։

Ընկերության փորձագետների խոսքով՝ զարգացած շուկաներում գործարարները աճի հնարավորություն են տեսել՝ կուտակած դրամական միջոցները տրամադրելով ներդրումների։ «Պահանջարկի ավելացումը խթանել է գործարարների լավատեսությունը։ Ցուցանիշը, ի դեպ, առաջին անգամ է այսքան բարձր 2011-ից ի վեր։ Լավատեսության մթնոլորտը, թերևս, որոշիչ դեր կարող է խաղալ այն գործարարների համար, որոնք կարծում են, որ այժմ աճի հիմքերը դնելու լավագույն ժամանակն է»,– ասվում է զեկույցում։

Այս խորագրի վերջին նյութերը