Լրահոս

03.05.2013 16:11


Հայկ Խանումյան. «Կառավարությունն ամեն ինչ անելու է արոտավայրերը վարձակալության տալու համար»

Հայկ Խանումյան. «Կառավարությունն ամեն ինչ անելու է արոտավայրերը վարձակալության տալու համար»

Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ–ի նախագահ Հայկ Խանումյանի հետ

–Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ կառավարությունն իրոք Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրի Իրանին։

–Կարծում եմ՝ այս հարցում կա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական շահագրգռվածությունը: Խոսքը ոչ թե վարձակալման գումարի մասին է, այլ կաշառքի: Ենթադրում եմ, որ իրանական կողմը կաշառել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին: Ես չեմ հավատում, թե ՀՀ իշխանություններն այս գործարքին գնալով՝ մտածել են Սյունիքի համայնքների զարգացման մասին: Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ մտավորականների հետ  հանդիպմանն իր հստակ կարծիքն ասել էր լեռնային գյուղերի մասին` դրանց բնակիչներին խորհուրդ տալով տեղափոխվել ավելի բարեկեցիկ համայնքներ: Սա ինքնին արդեն խոսում է վարվող քաղաքականության մասին: Կառավարությունն ամեն ինչ անելու է արոտավայրերը վարձակալության տալու համար: Սա հնարավորություն է տալու մի քանի հոգու լուրջ գումարներ աշխատել: Իսկ մի քանի հոգու գումար աշխատելը, թեկուզ հայության շահերի հաշվին, սրբություն է Տիգրան Սարգսյանի կառավարության համար:

–Իրանական ոչխարներին արածեցնելու համար արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու տեղեկությունները բողոքի ալիք բարձրացրեցին։ Արդյոք դա ՀՀ կառավարությանը հետ չի՞ պահի իր մտադրությունից։

–Ես լուրջ բողոք չեմ տեսնում: Ֆեյսբուքային ընդդիմությունը, մամուլի ուշադրությունն այս հարցին, որոշ մասնագետների արժեքավոր կարծիքները, ինչպես նաև ազգայնական շրջանակների ցույցերն ու այլ ակցիաներ բավարար չեն կառավարությանը հետ պահելու համար: Ավելի ազդեցիկ միջոցներ պետք է մտածել, այնինչ հարցով մտահոգ հանրության լուրջ համախմբում դեռևս տեղի չի ունեցել:

–Երեկ տեղեկություն տարածվեց նաև, որ Իսրայելից Հայաստան մեծ քանակությամբ սերմնահեղուկ է ներկրվել, ինչը ՀՀ մաքսային ծառայությունը հաստատել է, թեև առողջապահության նախարարը պնդել է, թե նման բան հնարավոր չէ։ Եթե իրոք այդպես է, ապա, Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել։

Վերարտադրողականությունը, արհեստական բեղմնավորումը և նման այլ խնդիրները պետք է ազգային անվտանգության լրջագույն հարցերից դառնան: Թեև ծննդօգնությունը և ծննդաբերությունը մեր երկրում անվճար են հռչակված, այնուամենայնիվ երիտասարդ զույգերը հսկայական գումարներ են ծախսում հղիության բարդության դեպքերում: Մայրանալու տարիքի մեջ են պատերազմի ու սոցիալական ծանր պայմանների ժամանակ ծնված աղջիկները, որոնց նկատմամբ հատկապես պետք է ուշադիր լինենք: Ձեր հարցի պատասխանը ես տեսնում եմ համալիր լուծումների մեջ, որոնցից մեկն էլ արհեստական բեղմնավորման բարձրորակ կենտրոնների ստեղծումն է և հայ դոնորների պատշաճ հաշվառումը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը