Լրահոս

23.11.2010 17:03


ՀՀ սահմանադրական դատարանը բավարարեց Պաշտպանի դիմումը

2010-ի նոյեմբերի 23-ի կայացած նիստում ՀՀ սահմանադրական դատարանը, բավարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական և ընտանեկան կյանքը»: Իսկ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:

Վիճարկվող նորմից բխում էր, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը: Այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը և խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի՝ նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրությունը նշված կարգից որևէ բացառություն չի նախատեսում:

Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխանության հարցը  որոշելու խնդրանքով:

  Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը