Լրահոս

06.05.2013 12:57


ԵԽ–ի դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի կիրառման, ուղղորդման, քվեների գնման և մի շարք այլ խնդիրներ

ԵԽ–ի դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի կիրառման, ուղղորդման, քվեների գնման և մի շարք այլ խնդիրներ

2013թ. մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրություններին հետևած Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելությունը քիչ առաջ ներկայացրել է իր միջանկյալ զեկույցը։

Քվեարկության ընթացքում մշտադիտարկում է անցկացրել ԵԽ–ի Տեղական և շրջանային մարմինների կոնգրեսի 12 անդամից բաղկացած խումբը։ Դիտորդները եղել են 13 ընտրատարածքի ավելի քան 100 ընտրատեղամասերում։

Այսօր հրավիրված ասուլիսում միջազգային դիտորդները ներկայացրել են իրենց մտահոգություններն այդ ընտրությունների վերաբերյալ։

Մասնավորապես, որպես մտահոգիչ փաստ նշվել է ընտրացուցակներում այն մարդկանց առկայությունը, ովքեր այլևս չեն բնակվում Երևան քաղաքում, բայց մնացել են գրանցված պետռեգիստրում։

–Մենք Կոնգրեսում հավատում ենք, որ իշխանություններն այս խնդրին պետք է անդրադառնան և լուծեն, որովհետև տեղական ընտրություններին մասնակցում են նրանք, ովքեր փաստացի բնակվում են այդ համայնքում,–ասել է դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարդ Դիքսոնը։

Նրանք նաև արձանագրել են «Գազել»–ներով մարդկանց ընտրատեղամաս տեղափոխելու դեպքեր, տեղական ծառայողների նկատմամբ ճնշումների, և նրանց կողմից մյուսներին քվեարկել ուղղորդելու, ինչպես նաև քվների գնման ահազանգեր.

–Այս մեղադրանքների առումով մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջ դնեն այս վիճակին, որտեղ գոյություն չի ունենա վախի մթնոլորտ և կանխիկ դրամի խթանում։ Դա խաթարում է մարդկանց վստահությունը ընտրական համակարգի հանդեպ։

Միջազգային դիտորդները նաև մտահոգիչ են համարում քվեարկելիս բջջային հեռախոսների օգտագործումը, տեղական դիտորդների շատ մեծ քանակի առկայությունը տեղամասերում, որոնք գործում էին քաղաքական կուսակցությունների և դաշինքների օգտին, բազմակի քվեարկությունների, «կառուսել»–ների դեպքերը։

Նրանք նաև որոշակի առաջընթաց են գրանցել զսպումների և հակակշիռների, ինչպես նաև ԶԼՄ–ների ազատության և լավ թանաքի առումով։

–Մի քանի միջադեպերի բացառությամբ, այն ընտրատեղամասերում, որտեղ մենք եղել ենք, քվեարկությունն անցնում էր խաղաղ, և ընտրությունները տեխնիկապես լավ նախապատրաստված էինք, քվեարկության գաղտնիությունը մեծապես հարգված էր,–եզրափակել են նրանք։

Դիտորդների արձանգրած փաստերը կամփոփվեն համապարփակ զեկույցում, որը կներկայացվի հոկտեմբերին։

Ի դեպ, 10 օր հետո Հայաստանը ստաձնելու է ԵԽ–ի նախագահությունը, և Կոնգրեսը հույս ունի, որ մեր երկրի իշխանությունները կօգտվեն այդ հնարավորությունից ու կբարելավեն մեր իրավական դաշտն և այն միջավայրը, որում տեղի են ունենում ընտրությունները.

–Առանց անվտանգ և ապահով միջավայրի հնարավոր չի լինի ժողովրդավար ընտրություն անցկացնել, և առանց ժողովրդավարության, քաղաքացիների կյանքում բարելավում չի լինի։ Բարելավում չի լինի, եթե գյուղապետերը, համայքապետերը չհասկանան, որ սա իրենց պարտականությունն է՝ ծառայել ժողովրդին, ոչ թե միայն նրանց, ովքեր իրենց ընտրել են,–նշել է Ստյուարդ Դիքսոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը