Քաղաքական

09.05.2015 00:25


Մայիսյան եռատոնը

Մայիսյան եռատոնը

23 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։

Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ երեք հազարը` «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Հետաքրքրական է, որ Ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվեց 1994–ի մայիսի 9–ին, և այդ օրը նույնպես տոնական օր է համարվում։ Հրադադարի պայմանագիրը մայիսի 9–ին ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, մայիսի 10–ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, իսկ մայիսի 11–ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս. Բաբայանը (տե՛ս կից փաստաթուղթը)։

Մայիսի 9-ին նշում ենք նաև 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը