Լրահոս

24.11.2010 00:13


Հանցավոր են ճանաչվել` ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության  սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը հանցավոր է ճանաչվել' ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Մասնավորապես' ապացուցվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության  սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, «Սերգոյաններ», «Համլետ Նարինե» ՍՊ ընկերությունների, ինչպես նաեւ «Թեհմինե Հովհաննիսյան», «Լիլիթ Խաչատրյան» եւ «Լիանա Խաչատրյան» Ա/Ձ-րի տնօրենների հետ ձեռք բերելով նախնական համաձայնություն, հիշյալ ընկերություններում ձեւականորեն աշխատանքի է ձեւակերպել հղիներ Լ. Դարբինյանին, Բ. Ղազարյանին, Ս. Մկրտչյանին, Թ. Հովհաննիսյանին եւ Մ. Մովսիսյանին՝ հափշտակելով վերջիններիս որպես ծննդաբերության նպաստ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները:  

 Հ. Արիստակեսյանը խաբեությամբ  պետական բյուջեից  խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Նաիրիի տարածքային հարկային տեսչություն  ներկայացրել է կեղծ փաստաթղթեր' դրանցում ներառելով կեղծ տվյալներ: Այնուհետեւ որպես փոխհատուցում' պետական բյուջեից գործատուի հաշվեհամարին փոխանցված գումարները ստացել է վերոհիշյալ ՍՊ ընկերությունների եւ Ա/Ձ-րի տնօրենների միջոցով եւ յուրացրել: 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' 2010թ. հուլիսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Հ. Արիստակեսյանը դատապարտվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում' 3 տարի 6 ամիս ժամկետով:
«Համլետ Նարինե» ՍՊ ընկերության տնօրեն Մ. Բադալյանը, «Լիլիթ խաչատրայն» Ա/Ձ Լ. Խաչատրյանը  եւ «Սերգոյաններ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Սարգսյանը հանցավոր են ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով  եւ նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել  ազատազրկում' 3 տարի ժամկետով:

Հ. Արիստակեսյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հուլիսի 23-ի դատավճիռը:

2010թ. հոկտեմբերի 27-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  բավարարել է Հ. Արիստակեսյանի  վերաքննիչ բողոքը'  դատավճիռը պատժի մասով բեկանելու եւ փոփոխելու վերաբերյալ: Վերաքննիչ քրեական դատարանը   Հ. Արիստակեսյանին մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով ազատազրկման՝  2 տարի 6 ամիս ժամկետով եւ 308-րդ հոդվածի  1-ին մասով դատապարտել  ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ  հոդվածի  1-ին մասի կիրառմամբ  պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով   ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  Հ. Արիստակեսյանի նկատմամբ պատիժ  է նշանակել ազատազրկում 3 տարի  ժամկետով:
Սակայն «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի' 2009թ. հունիսի 19-ի   որոշմամբ 
Հ. Արիստակեսյանին  նշանակված պատժի կրումից  վերաքննիչ քրեական դատարանն  ազատել է:

Այս խորագրի վերջին նյութերը