Կարծիք

08.07.2009 13:35


Ղարաբաղյան «կարգավորման» տրամաբանությունը

Ղարաբաղյան «կարգավորման» տրամաբանությունը

Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Ղարաբաղի հարցը մոտակա ժամանակներում կմնա չլուծված: Եվ լուծման ժամկետներ ասելու անշնորհակալ կերպից խուսափելով՝ կարելի է կանխատեսել միայն, թե ինչպիսի պայմանների առկայության դեպքում կլուծվի այս բարդ ու հետաքրքիր հակամարտությունը:

Այսօր բոլոր շահագրգիռ կողմերը Արցախի խնդիրն օգտագործում են Հարավային Կովկասում իրենց շահերը հիմնավորելու և ամրապնդելու համար: Այդպես են վարվում ինչպես հակամարտող հայերն ու ադրբեջանցիները, այնպես էլ նրանց բոլոր հարևաններն ու մոլորակի գերհզորները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն: Եվ քանի որ Հարավային Կովկասի համար մրցապայքարում բացարձակ գերակշռություն ոչ մի ուժ դեռևս չունի, ներկայիս «ստատուս քվոն» կպահպանվի: Ղարաբաղյան հարցն ունի լուծման երկու հնարավորություն. կա՛մ կողմերը հանգում են բոլորի համար ընդունելի լուծման մի տարբերակի, որը քիչ հավանական, ավելի ճիշտ՝ անհավանական է, կա՛մ էլ ուժերի հարաբերակցությունը փոխվում է այնպես, որ մի գերհզոր ուժ թելադրում է իր կամքը՝ դաշնակցած տարածաշրջանի հակամարտող կողմերից մեկի կամ վերջիններիս հարևանների հետ:

Ակնայտ է, որ Ղարաբաղում պատերազմ կվերսկսվի ոչ թե հայերի կամ ադրբեջանցիների նախաձեռնությամբ, այլ միայն ու միայն Ռուսաստանի հրահանգով։ Այլապես՝ այլ հրահանգողը անցանկալիորեն գործ կունենա ռուսական զենքի հետ: Իսկ այս վտանգավոր խաղի դեպքում ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուքիան, Իրանը, նույնիսկ Իսրայելը ձեռքները ծալած չեն նստի երբեք։ Ու նոր բախումը կարող է տարածաշրջանային խոշոր կոնֆլիկտի վերածվել: Եվ Վրաստանում դեռևս հարցերը չլուծած, Չեչնիայում և Դաղստանում էլ դեռևս առկա խնդիրների պայմաններում Ռուսաստանը չի կարող երաշխավորել որևէ հաղթանակ: Բացի այդ, պատերազմը կարող է առիթ դառնալ Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից, այն դեպքում, երբ ներկայումս բոլորը գիտակցում և նույնիսկ ընդունում են, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտին է, և պետք է հաշվի նստել այդ իրականության հետ: Իսկ Ղարաբաղյան ճակատում առկա փաստացի վիճակը հնարավորություն է տալիս սեղմելու Հարավային Կովկասի տիրապետման ոտնակներին՝ ե՛րբ հարմար է և ինչպե՛ս հարմար է:

Միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրի լուծման երկակի հնարավորությունները ստեղծում են այլընտրանքի մի դաշտ, որտեղ բոլորի համար խաղալը ձեռնատու է ներկա ժամանակում: Եվ դա է պատճառը, որ կողմերն ի զորու չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի պայմաններում, և ոչ էլ՝ նրանց միջև: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի համար մղվող պայքարում հաղթելու հավանականությունը հատկապես Ռուսաստանինն է։ Ավելին, եթե ՆԱՏՕ-ն և նրա արբանյակները ակտիվորեն խոսում են կամ ինչ-որ կիսատ-պռատ զորավարժություններ անում Վրաստանում, ապա Ռուսաստանը՝ իր արբանյակներով, Սև ծովից Կասպից ծով ամբողջ գծով իր ուժերը կենտրոնացնում է և պատասխանում աննախադեպ «Կովկաս-2009» զինավարժություններով: Եվ այս պայմաններում «Արևելյան գործընկերության» նույնիսկ նախաձեռնող երկրները հայտարարում են, թե ծրագիրը ներկայումս ամբողջ թափով  կյանքի կոչել հնարավոր չէ: Կովկասյան հակամարտությունում, ակնհայտորեն, Արևմուտքը հասկանում է, որ դժվար է գրանցել բացարձակ հաջողություն, սակայն այդպիսի հնարավորությունից ցանկանում է զրկել նաև Ռուսաստանին: Իսկ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը փաստեց, որ Ռուսաստանը Կովկասի համար պատրաստ է կռվել, իսկ մնացյալները պատրաստ են միայն դատապարտել կամ մտահոգվել: Ադրբեջանի հետ գազային համաձայնագրից հետո կարելի է ուղղակիորեն ասել, որ Ռուսաստանը քայլ առ քայլ վերանվաճում է Հարավային Կովկասը: Եվ այս հարթության վրա, քանի դեռ նա չի հասել իր վերջնանպատակին, որն է՝ թեկուզև ԱՊՀ անվան տակ՝ հաստատել իր բացարձակ տիրապետությունն այս փխրուն տարածաշրջանում, Ղարաբաղյան հարցը չի կարգավորվի՝ մնալով որպես կամքի թելադրման լծակ Հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար:

Այս տարածաշրջանը թանկ է իրո՛ք, քանզի այստեղից կարելի է հարվածել և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, և՛ Իրանին՝ ազդեցությունն ընդլայնելով Սև ու Կասպից ծովերի ավազաններում: Իսկ այս երեքին հարվածել ցանկացողները, ինչպես նաև ծովային բարիքներից օգտվել երազողները, քիչ չեն: Բացի այդ, պանթուրանիզմի համար Կովկասն է, որ հիմնական խոչընդոտ է և արգելակում է թուրք-ադրբեջանական միավորումն ու Ատրպատականի հանդեպ իրական հայտ ներկայացնելը: Իսկ այս ծրագիրը գենետիկորեն հակասում է  Ռուսաստանի և Իրանի շահերին, Հայաստանի համար էլ դրա իրագործումը հավասար է մահվան: Եվ Հայաստանի կշիռը այս բարդ ձգտումներում առանցքային է, քանզի մենք խառնում ենք բոլորի խաղաքարտերը՝  իրական և շոշափելի մակարդակում դաշնակցելով Ռուսաստանի ու Իրանի հետ: Այս պարագայում նրանք մեզ համար ունեն բնական դաշնակցի կարգավիճակ: Բայց հայտնի փաստ է, որ Ռուսաստանը հայերին մեկ անգամ չէ, որ զոհել է ռազմադաշտում և բանակցությունների սեղանի շուրջ՝ օգտագործելով որպես մանրադրամ: Միաժամանակ, կորցնելով Արևելյան Եվրոպան, Ռուսաստանը չի կարող զիջել Կովկասը: Սա հակացուցված է ռուսական կայսերապաշտությանը, ինչն արթնացել է նոր հագուստով, սակայն՝ անփոփոխ տրամաբանությամբ: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հնարավորինս լուրջ ընդունել Կովկասյան հիմնախնդիրներում ներգրավվելու՝ Արևմուտքի ձգտումը, նույնիսկ աջակցել դրան, որպեսզի բացառվի միակողմանի և բացաձակ կախվածությունն ու այլոց կողմից զոհ մատուցվելու մղումը: Սակայն, եթե մինչ այժմ դա հաջողվել է իրականացնել կոմպլեմենտար կեցվածքով, Ռուսաստանի խրոխտ առաջխաղացմամբ, այս քայլերի հնարավորությունը աստիճանաբար կարող է նվազել կամ լինել ոչ արդյունավետ: Եվ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական ճակատներում այսօրվա ակտիվացումը բխում է ոչ թե հակամարտությունները կարգավորելու տրամաբանությունից ու անկեղծ մղումներից, այլ տարաբնույթ զիջումներ կորզելու և առավել շահեկան վիճակներում հայտնվելու մտայնությունից: Այն իմիտացիան, թե մոտ է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, բոլոր կողմերին մղում է ակտիվ երկխոսության և... առևտրի: Իսկ այս՝ արդեն անվերջ թվացող «առուվաճառքում», համենայնդեպս, հակամարտող կողմերը դուրս են գալիս ինչ-որ բան զիջած ու վաճառած, մրցավարներն էլ՝ գնած ու շահած: Եվ կոնֆլիկտը մնում է չկարգավորված ու եկար ժամանակ աշխատեցնում նշյալ տրամաբանությունը:

Այնուամենայնիվ,  Հայաստանը այլ ելք չունի, քան դիմակայելու այս բազմաբնույթ հակադարձ ուժերին և թույլ չտալու, որ Հարավային Կովկասի համար մղվող պայքարը կրկին վերջանա Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու՝ հավանական և արդեն մեկ անգամ կիրառված սցենարով: Մեր նավթը մեր ռազմավարական դիրքն է և այն ճիշտ օգտագործելու մեր մղումը: Եվ զուրկ լինելով միայնակ իրական ու անկախ քայլ անելու հնարավորությունից՝ Հայաստանը դատապարտված է դաշնակցելու հզորների հետ ու հաջողության ձգտելու՝ իր  օգտակարությունը մեծացնելու ճանապարհով: Իսկ այդ օգտակարությունը բխում է մեր ներքին համերաշխությունից, Հայաստանի հզորացման հարցում Սփյուռքի ներգրավվածության մակարդակից ու հայոց բանակի մարտունակությունից: Հայերս երբեք չպետք է մոռանանք, որ անգլիական նավերը ժամանակին չբարձրացան Հայաստանի լեռները, որովհետև կռվելու անընդունակ ազգերի դաշնակիցը միայն մահն է, իսկ մխիթարանքը՝ Փրկչի գալուստը՝ մի անորոշ օր և չգիտես՝ որտեղ:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը