Լրահոս

31.05.2013 17:04


Պետական գնումների վերաբերյալ

Պետական գնումների վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացրել է բողոքարկման խորհրդի գործունեության, նրա կողմից ընդունված որոշումների և մեկ անձից գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն և արձանագրել է մի շարք բացթողումներ և թերություններ:

Այսպես, գնումների մասին օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է, որ բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է որոշման հիմնավորումը, բողոքարկման խորհրդի հանձնաժողովի կողմից ընդունվում և հրապարակվում է բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացույցային օրվա ընթացքում: Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս դրույթը միշտ չէ, որ կիրարկվում է պրակտիկայում: Մասնավորապես, 2013թ. մայիսի 30-ի տվյալներով՝ գնումների պաշտոնական կայքի (www.procurement.am) բողոքարկման բաժնում ներկայացված 3 բողոքների վերաբերյալ համապատասխան որոշումները դեռևս չեն կայացվել, չնայած նրան, որ օրենքով սահմանված ժամկետն արդեն անցել է: Օրինակ, սույն թվականի ապրիլի 4-ին գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ բողոք է ստացվել «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի կողմից: Գնումերի մասին օրենքի համաձայն, բողոքարկման խորհրդի հանձնաժողովը տվյալ բողոքի վերաբերյալ որոշում պետք է կայացներ մինչև ապրիլի 24-ը: Սակայն կայքի բողոքների վերաբերյալ կայացրած որոշումների բաժնում վերոնշյալ, ինչպես նաև երկու այլ բողոքներին առնչվող որոշումները հրապարակված չեն գնումների պաշտոնական կայքի «Բողոքների վերաբերյալ կայացրած որոշումներ» խորագրի ներքո, այն դեպքում, երբ ավելի ուշ ստացված բողոքների մասով որոշումներ կայացված և կայքում տեղադրված են: Իհարկե, չի կարելի բացառել, որ հետագայում այդ բողոքներին վերաբերող որոշումներ ընդունվեն հետին թվով և տեղադրվեն կայքում:

Ուսումնասիրվել են նաև մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տվյալները, որոնք զետեղված են www.e-gov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» խորագրում: Նշված կայքում 2013 թ.-ի տվյալների բազայում տեղադրված են նաև 1996-2012 թվականների ժամանակահատվածում կնքված պայմանագրեր (ներառյալ նաև այնպիսիք, որոնց գործողության ժամկետը վաղուց է ավարտվել): Զավեշտալին այն է, որ չնայած պետական գնումների մասին առաջին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել միայն 2000թ., կայքում առկա են 1996-1999 թվականների կատարված ձեռքբերումներ, ընդ որում, դրանց կատարման հիմքում նշվում են 2011-2012թթ. ընդունված իրավական ակտերը:

Ստորև բերված հղումով կարող եք դիտել ԹԻ ՀԿ գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի մեկնաբանությունները թեմայի մասին: http://www.youtube.com/watch?v=3SLCe73YxwM&feature=youtu.be

Այս խորագրի վերջին նյութերը