Մեկնաբանություն

03.06.2013 13:59


Բարի Սերժը և չար «բոյարները»». արար 3–րդ

Բարի Սերժը և չար «բոյարները»». արար 3–րդ

Դատելով այն բանից, որ ֆեյսբուքում խումբ է ստեղծվել «Պահանջում ենք Լիսկայի ...» թեմայով և այն բանից, թե ովքեր են բլբուլ կտրել այս հարցում՝ կարող ենք ասել, որ նախագահականից արտոնված է վիրտուալ տարածքում տեղի ունեցող «հանրահավաքը»։ Խոսքս, իհարկե, անկեղծ պայքարողների մասին չէ։ Ես «դհոլներին» նկատի ունեմ։ Իսկ նրանց կարելի է ճանաչել պաթետիկ խոսքից և «թունդ հեղափոխական» կեցվածքից։

Ուշադիր հետևելով ոմանց գործողություններին՝ այնպիսի տպավորություն է, թե կա մի սխեմա, որի շրջանակներում գործում են բոլոր «սութի» ակտիվիստները։ Պարզապես անունն են փոխում և վերջ։ Մնացածը նույն «շտամպովկան» է։

Հարցն այն չէ, որ Սյունիքի մարզպետն արժանի չէ պատժի։ Ճիշտ հակառակը։ Լիսկան վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի տոկոսները «խփեր», բայց այն ժամանակ «արմատականությունն» արտոնված չէր։ Հիմա «պետպատվերը» կա՝ «հեղափոխություն» արա ինչքան սիրտդ կամենա և ինչքան կասեն։

Կրկնեմ՝ խոսքս բոլորի մասին չէ։ Մաշտոցի պուրակում և «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ էլ ահագին ազնիվ մարդիկ կային պայքարողների շարքերում, բայց կային նաև մանր ժուլիկներ, որոնց դեմքը սփրթնում էր, երբ պուրակային պայքարի քաղաքականացման կոչ էր արվում կամ «Նեմե՛ց, մարդասպա՛ն» վանկարկումը վերածվում էր «Սերժի՛կ, մարդասպա՛ն»–ի և «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի։

Ուշագրավն այն է, որ օրեր առաջ բացահայտված կոռուպցիոն սկանդալը, որի կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանն է, քար լռության մատնվեց նույն «հեղափոխականների» կողմից այնպես, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր խոսում ընտրակեղծիքներից, բայց Ազատության հրապարակի հարթակից քծնում էր Սերժ Սարգսյանին՝ չմոռանալով հուժկու ձևով պահանջել Լիսկայի հրաժարականը։

Ըստ ամենայնի՝ Սուրիկ Խաչատրյանի մասով նախագահականում որոշում են կայացրել «Սիրո՛ւն չէ» օպերացիան իրականացնել այնպես, ինչպես «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո։ Ասել է թե՝ մենք, թերևս, ականատեսը կդառնանք «Հասարակությունը նախագահից պահանջում է, իսկ նախագահն ընդառաջ է գնում հասարակության պահանջին և պատժում է չար Լիսկային» բեմադրությանը։

Ընտրություններն ավարտվել են, ու Սերժի համար լավ առիթ է իր օգտին աշխատած օդիոզ մարզպետներից մեկին հեռացնելու և նրա փոխարեն երիտխունվեյբին նշանակելու համար, ինչը, չզարմանաք, ավելի է կենտրոնացնելու նրա իշխանությունը։ Ահա այդպիսի արդյունքի կհանգեցնեն բոլոր այն «պայքարները», որոնք կենտրոնանում են լիսկաների վրա, բայց շրջանցում են բուն խնդիրները։

Լիսկայի որդուն արդեն ձերբակալել են, բայց դա պետք չէ ընկալել որպես նվեր իշխանության կողմից։ Այ քեզ բան, բա ի՞նչ պետք է անեին։ Տեղի է ունեցել սպանություն, և «աստվածաված» Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է ձերբակալել կասկածյալներին ու հանցագործներին։ Թամաշան այստեղ տեղ չպետք է ունենա։

Ինչ վերաբերում է Լիսկայի մասով սպասվող զարգացումներին, ապա հնարավոր են տարբեր սցենարներ։

Մինչև Լիսկայի հարցի պարզեցումը, սակայն, արժե հիշել, թե ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո (դաժան զուգադիպությամբ՝ Գորիսում էլ է զինվորական սպանվել ու մեկն էլ վիրավորվել)։ Այդ սպանության հետևանքով Ռուբեն Հայրապետյանի փոխարեն պատգամավոր դարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «անլեզու» աներորդին, ընդ որում՝ այդ երիտասարդը ԱԺ–ում հայտնվեց շատ ավելի կեղտոտ ընտրակեղծիքների միջոցով, քան երբևէ արվել էր Ռուբեն Հայրապետյանի օգտին։ Ու դժվար է ասել, թե ով է ավելի վտանգավոր հանրության ու պետության համար՝ բացահայտված օդիոզ ֆիգուր Հայրապետյա՞նը, թե՞ «տափուկ» աներձագը (Տարոնի դեպուտատ աներձագի անունը չեմ հիշում և ալարում եմ փնտրել «գուգլում»)։ Մեզ, փաստորեն, առաջարկում են ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև և կոչ են անում ուրախանալ վատագույն ընտրությամբ։

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանից հետո պատգամավոր դարձածի օգտին արված կեղծիքների կապակցությամբ ոչ մի «ակտիվիստ» «Պահանջում ենք անլեզու պատգամավորից վայր դնել մանդատը» անունով խումբ չստեղծեց։ Ինչևէ։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը հերթական սպանությունը փորձում է օգտագործել PR անելու և ներիշխանական մոնոլիտն է՛լ ավելի ամրապնդելու նպատակներով։ Լիսկան Բաղրամյան 26–ին ենթակա է, բայց ունի իր տարածքում բդեշխություն անելու ինքնուրույնություն և փող աշխատելու հնարավորություն։ Սերժին դա ձեռնտու չէ։ Նրան կատարյալ ենթակա է պետք։ Ենթակա, ով Լիսկայի համեմատ քիչ ֆինանսական փոխհատուցման դիմաց ավելի կատաղի ձևով և բոլշևիկյան էնտուզիազմով կպայքարի Սերժի դիրքերի ամրապնդման համար։ Այդպիսի թեկնածու Սյունիքի մարզպետի դերում կարող է լինել, ասենք, տխրահռչակ Խաչիկ Ասրյանը։

Շատ հնարավոր է, որ Լիսկան շարունակի իր պաշտոնավարումը։ Դա կախված է այն բանից, թե որքանով են ամուր Սերժ–Սուրիկ չերևացող կապերն ու որքանով ծանր համատեղ գործած հանցանքները։

Ամեն դեպքում արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը հանրությանն առաջարկում է հետևյալ տարբերակը. «Դուք սպանվածներ տվեք, հետո ինձանից պահանջեք արդարադատություն։ Ես մեծահոգաբար կիրականացնեմ այդ արդարադատությունը՝ ամրապնդելով դիրքերս ու իրականում չպատժելով հանցագործին։ Բայց դուք գոհ եղեք դրանից և շարունակեք պայքարը։ Ակտիվացեք այն ժամանակ, երբ մենք կասենք ու ծպտուն չհանեք մեր նեղ թիմակիցների դեմ»։

Այո՛, Լիսկան պետք է պատժվի և հեռացվի, բայց երբ քրեական հանցագործին պատժելու գործընթացը ներկայացվում է «Սերժ արդարադատի» լույսի ներքո և փորձ է արվում մեզ վրա ծախել մեր իրավունքները, դա արդեն էժանագին գեղամյանություն է։ Դա նաև Նիկոլ Փաշինյանի «ցպահանջ արդարադատության» նման մի բան է, երբ բոցաշունչ ելույթներ ես ունենում մարտի 1–ի թեմայով, բայց իրականում ծառայում Սերժ Սարգսյանի ռեժիմին։

Մի խոսքով, «Բարի թագավորը և չար բոյարները» տրագիկոմեդիան շարունակվում է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը