Քաղաքական

03.06.2013 15:19


Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը անելիք չունի՞

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը անելիք չունի՞

Մայիսի 29-ին «Հետքը» հրապարակել էր մի փաստաթուղթ, համաձայն որի Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի ու գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկացման հասցրած Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսի օֆշորում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության համաբաժնետեր է։ Այդ ընկերությանը Փայլակի գույքի գրավադրման դիմաց «Ամերիա» բանկից միլիոնավոր դոլարներ են փոխանցվել, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»–ից էլ բանկում բացված այլ կազմակերպության հաշվին հետ են փոխանցվել նույն այդ միլիոնները։ Այսինքն՝ գործ ունենք փողերի լվացման դասական օրինակի հետ։

Այսօր փորձեցինք բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովից տեղեկություններ ստանալ՝ իրենք արդյոք այդ հարցով զբավո՞ւմ են, թե՞ ոչ:

Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նախագահը իրենց փոխանցել է, թե այդ կապակցությամբ որևէ հայտարարություն չեն անելու:

Մեզ միացրեցին հանձնաժողովի անդամներից մեկի հետ: Երբ խնդրեցինք ներկայանալ, զանգին պատասխանող տղամարդը հրաժարվեց՝ ասելով, թե հեռախոսազանգերով հարցազրույցներ չի տալիս և չի ներկայանում:

Երբ պնդեցինք, որ մեկնաբանի վարչապետի օֆշորային սկանդալի մասին մամուլի հրապարակումները, տղամարդը բավական նյարդայնացած տոնով հայտարարեց, թե վարչապետը դիմել է դատախազություն, և օրենքի համաձայն եթե գործը գնում է մեկ այլ քննության, հանձնաժողովը անելիք չունի։Ապա հեռախոսն անջատեց:

Հ.Գ. Հիշեցնենք, սակայն, որ «Հետքի» հրապարակումը եղել է մայիսի 29-ին, ու թեև վարչապետի մամլո քարտուղարը հրապարակմանն ի պատասխան հայտնել էր, թե իրենք մտադիր են դիմել դատախազություն, վարչապետը դատախազություն էր դիմել 6 օր անց՝ հունիսի 3-ին, այսինքն Էթիկայի հանձնաժողը հարցին արձագանքելու համար բավական ժամանակ ուներ։

Այս խորագրի վերջին նյութերը