Մեկնաբանություն

04.06.2013 13:27


Օֆշորս «ատկատիդ» վնաս չէ (տեսանյութ)

Օֆշորս «ատկատիդ» վնաս չէ (տեսանյութ)

Ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն ակցկացրեց կառավարությունում և «ատկատների» թեմայով «մին լյավ» քլնգեց վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Առաջինը դժգոհում էր, թե չորս տարի է՝ այս հարցը չի լուծվում, իսկ երկրորդը խոստանում էր սթափվել և ուղղվել։

Նույն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը դիմեց իրավապահ մարմիններին՝ կոչ անելով գնալ ոչ թե մանր ձկնիկների, այլ խոշորների հետևից ու բռնել գլխից։

Եվ ահա Սերժ Սարգսյանի համար եկել է ճշմարտության պահը։ Վերջապես խոշոր ձուկ է բռնվել, այն էլ ինչքան խոշոր։

Բանն այն է, որ հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսի օֆշորում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետերերից է։ Այդ փաստն ընդունել է անձամբ վարչապետը։

Հիշեցնենք, որ դա այն կազմակերպությունն է, որի հաշվին փոխանցվել է 10 մլն դոլարից ավելի գումար, հետո այդ հաշվից «Ամերիաբանկում» բացված մեկ այլ հաշվի վրա հետ է փոխանցվել նույն այդ գումարը, որի հետևանքով «քցվել» է գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այսինքն՝ տվյալ դեպքում մենք գործ ունենք «ատկատի» ու փողերի լվացման դասական օրինակի և խոշոր չափերի հասնող հանցագործության հետ։ Դե, իսկ ֆինանսական մեքենայության մեջ ներգրավված է խոշոր «ձուկ»՝ վարչապետը և իշխանական միջոցառումների «հոգևոր» մասի հովանավոր Նավասարդ Կճոյանը։

Թվում է, թե վերջապես Սերժ Սարգսյանի չսիրած խոշորն ընկել է ցանցի մեջ, և միայն պետք է քաշել ուռկանը։ Սակայն ավա՜ղ։

Դատելով իշխանությունների պահվածքից, նրանց կցված լրատվամիջոցների հրապարակումներից և «քաղաքացիական ակտիվիստների» քար լռությունից՝ որոշում է կայացվել թաղել գործը և փակել թեման։

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն, բայց ոչ թե «Հետքի» հրապարակումը զրպարտություն համարելու հայցով, այլ որպեսզի դատախազությունը պարզի, թե ով է իր անունից Կիպրոսի օֆշորում կազմակերպություն գրանցել։ Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը հաստատում է, որ օֆշորային կազմակերպության փայատերերից մեկն ինքն է (մինչդեռ նրա խոսնակը սկզբում դա սուտ տեղեկություն էր համարում), բայց դա տեղի է ունեցել իր կամքից անկախ։ Հիմա դատախազությունը պետք է ապացուցի, որ դա այդպես է, և վարչապետն անմեղ է ինչպես Վելինգտոնի դքսուհին։

Փորձենք առաջ ընկնել և ներկայացնել այն պատմությունը, որը շուտով մեզ կհրամցնեն Բաղրամյան 26–ի թելադրանքով գործող իրավապահները, և կտիրաժավորեն «անկախ» լրատվամիջոցները։

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը գլուխը կախ աշխատում էր և «Հայկական աշխարհ» կառուցում։ Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, քանզի 300 հազ.–ի չափ մարդ էր հայտնվել «Հայկական աշխարհում», դե, իսկ «ատկատներն» ու «տենդերները» կանոնակարգվում էին ինչպես պետք է։ Եվ հանկարծ չար ու մութ ուժերը որոշեցին խաթարել կառավարության աշխատանքի բնականոն ընթացքն ու վարկաբեկել Տիգրան Սարգսյանի բարի անունը։ Այդ չար ուժերը հերիք չէ՝ Տիգրան Սարգսյանին դարձրել են Կիպրոսի օֆշորում գրանցված կազմակերպության փայատեր, դեռ մի բան էլ նենգություն են ունեցել 10 մլն դոլարից ավելի գումար փոխանցել այդ կազմակերպության հաշվի համարին։ Արդյունքում՝ վարչապետի կամքից անկախ աճել են նրա անձնական եկամուտներն, ու վարկաբեկվել բարի անունը։

Նրանք, ովքեր չեն հավատում, որ նախագահական նստավայրից նման մի բան կթելադրվի դատախազությանը, առաջարկում եմ մի քիչ սպասել և համոզվել, որ երևակայությունս չի հերիքել սրանց դեմագոգիկ ու ցինիկ էությունն ավելի ճիշտ նկարագրելու համար։

Դե, իսկ խոշորների դեմ պայքարը, ինչպես գլխի եք ընկնում, շարունակվում է։ Հրեն Լիսկան արձակուրդ գնաց, Ռուբենը պատգամավոր չէ, իսկ Ներսիկի դավադրությունն ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի կանխվեց, և հիմա «Մոսկվիչկայում» մեծ զեղչեր են։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե որևէ մեկն իմ անունից օֆշորային գոտիներում ֆիրմա գրանցի ու այդ ֆիրմայի հաշվին միլիոնավոր դոլարներ փոխանցի, ապա ես չեմ դիմի դատախազություն և չեմ պնդի գտնել այդ անհայտ չարագործին։ Ավելին՝ շնորհակալություն կհայտնեմ նրան և «Ամերիաբանկում» հաշիվ կբացեմ՝ «Ավանդ՝ օֆշորային» ակցիայի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը