Քաղաքական

04.06.2013 15:07


Ռուբեն Բաբայան. «Տիգրան Սարգսյանը չպետք է քաղցած մարդու տպավորություն թողներ»(տեսանյութ)

Ռուբեն Բաբայան. «Տիգրան Սարգսյանը  չպետք է քաղցած մարդու տպավորություն թողներ»(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին ի պատասխան «7օր»–ի հարցին՝ «տեղի է ունեցել սկանդալ՝ օֆշորային գոտում վարչապետի ներգրավվածության մասին փաստաթղթերի հրապարակման տեսքով, բայց մտավորականները լռում են, ինչո՞վ է դա պայմանավորված», Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Բաբայանը ասել է.

-Մի թեթև ծանոթացա։ Եթե կա նման բան, (իսկ որքան ես հասկացա՝ եթե վարչապետը դիմել է դատախազություն, ուրեմն նման բան կա, փաստեր կան երևի, և դրանք պարզապես լուրեր չեն), միանշանակ դատապարտելի երևույթ է, ինչպես և բոլոր մյուս երևույթները, որոնք կապված են իշխանության օրոք և իշխանությունը օգտագործելով` սեփական հարստությունը դիզելու հետ: Գուցե ի տարբերություն ուրիշների` իմ անձնական կարծիքն եմ ասում. վարչպետ Տիգրան Սարգսյանը չպետք է թողներ քաղցած մարդու տպավորություն, բայց այն, ինչ ես տեսնում եմ այսօր, թե ինչ է կատարվում իշխանական բուրգում, ես հասկանում եմ, որ սրանք քաղցած մարդիկ են, ընդ որում` գենետիկորեն քաղցած: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կշտանալ, որովհետև նրա պապն է քաղցած եղել, պապու պապն է քաղցած եղել, և դա գենետիկորեն տեղափոխվում է: Հիմա դղյակներ են կառուցում, չեն կշտանում, և այլն:

Կարծում եմ` վարչապետն իր մեջ այդ գենետիկական կոդը չպետք է ունենար: Գուցե ես սխալվում եմ. թող դատախազությունը ճշտի, թող պարզեն, եթե դա իրականում այդպես է, ամաչելու բան է: Համենայնդեպս՝ ինձ համար:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս, երգահան Վահան Արծրունին էլ նկատել է.

-Այստեղ ուրիշ խնդիր կա. արդյոք վարչապետը կարո՞ղ է իր աշխատավարձով ապրել մեր երկրում, որևէ պաշտոնյա արդյոք կարո՞ղ է իր աշխատավարձով ապրել։ Մի հատ այս հարցը բարձրացնենք, և պատասխանենք՝ իհարկե չի կարող: Ուրեմն ուրիշ եկամուտներով պետք ա ապրի: Եթե դու վարչապետ լինելով՝ չես կարող ուրիշ ձևով ստեղծես, ինչո՞ւ ես նստել որպես վարչապետ: Երբ այս մոտեցումն է աշխատում, ինքն ուզի–չուզի՝ պետք է օֆշորային հաշիվներ բացի, ուզի–չուզի՝ պետք է այսպիսի բաներ անի:

Դիտարկմանը, թե վարչապետը սովորական պաշտոնյա կամ կառավարության անդամ չէ, Վահան Արծրունին պատասխանել է, թե իշխանական տրամաբանության համաձայն՝ եթե նա վարչապետ լինելով չանի, իրենից ցածր գտնվող տղերքն ի՞նչ պետք է անեն:

«7օր»–ի հարցին, թե այս սկանդալի համատեքստում ինչպես են գնահատում ամիսներ առաջ կառավարության նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հանդիմանություններն այն մասին, թե ինքը բավարարված չէ կառավարության գործունեությամբ, որ ատկատներին վերջ պետք է տրվի, և պետք է «գլխից բռնել», Վահան Արծրունին պատասխանել է.

-Սերժ Սարգսյանը ուրիշ ինչ պետք է ասեր, կարո՞ղ է՝ պետք է ասեր՝ Տիգրան ջան, լավ չես աշխատում: Լավ ես անում, էլիտայի տրամաբանությամբ՝ ինչ էլ անում ես, լավ ես անում, ախպեր ջան։ Կարո՞ղ է՝ ուրիշ բան պետք է ասի:

Ռուբեն Բաբայանն էլ նշել է, որ դա ևս խոսում է քրեական մտածողության մասին, ըստ որի եթե ինչ–որ մեկի նշանակած մարդը վատ է աշխատում, դա նշանակում է, որ ինքն էլ է վատ աշխատում, իր շրջապատն էլ:

Ռուբեն Բաբայանը նաև նկատել է, որ փոփոխություններ են անհրաժեշտ. եթե օվկիանոսում ևս փոփոխություններ չլինեն, այն ճահիճ կդառնա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը