Մեկնաբանություն

06.06.2013 13:10


Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը խորանում է

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը խորանում է

Երեկ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և քննարկել ՀՀ էներգետիկ անվտանգության ու տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը։

Նիստի ընթացքում Սարգսյանի հնչեցրած ելույթը ցույց տվեց, որ նրա մոտ խորացել են չեռնենկոյացման միտումները կամ այլ կերպ ասած՝ քաղաքական զառամախտը։ Դպրոցականների համար էլ է արդեն ակնհայտ, որ ՀՀԿ ղեկավարը ադեկվատ չէ և չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին։ Քանզի միայն ոչ ադեկվատ մարդը կարող է վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին խոսել 7–տոկոսանոց տնտեսական աճից ու փայլուն ցուցանիշներից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բռնվել է օֆշորային գործում, իսկ Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսության մեջ իբր արձանագրված դիվերսիֆիկացիայից և ոչ մի բառ՝ մեր երկրի անվտանգությանն առնչվող կոռուպցիոն այդ սկանդալի մասին։ Ինչպես «անկախ» լրատվամիջոցների, այնպես էլ Սերժի համար օֆշորային պատմությունը գոյություն չունի, չի եղել նման բան։

Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիային։ Եթե նման բան կա, ապա «ատկատների» ու փողերի լվացման առումով՝ ««Ատկատը» երկրի ներսում, իսկ փողերի լվացումը՝ Կիպրոսում» ծրագրի շրջանակներում. ի՞նչ վատ դիվերսիֆիկացիա է։

Դիվերսիֆիկացվել է նաև ՀՀ քաղաքացիների բնակության վայրը, քանզի 2008-2013թթ. ընթացքում «Հայկական աշխարհը» համալրվել է 300 հազ.–ով։

Գործարար Փայլակ Հայրապետյանին վարչապետ Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Երիցյանի բարձր հովանու ներքո «քցել» են ավելի քան 30 մլն դոլարով, իսկ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ Հայաստանը վերականգնել է նախաճգնաժամային վիճակը և 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր: Պատկերացնել կարելի է այն մարդկանց դեմքը, ովքեր վերջին տարիներին փակել են իրենց բիզնեսները սերժա–տիգրանական հարկային տեռորի պատճառով, սակայն հեռուստատեսությամբ լսում են Սերժ Սարգսյանի խոսքերը։ Սովետի ժամանակ էլ մարդկանց սառնարանները կիսադատարկ էին, կոռուպցիան ծաղկում էր, իսկ երկիրը՝ փլուզվում, սակայն «Վրեմյան» հաղորդում էր փայլուն ցուցանիշների և կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ դեպի պայծառ ապագա գնալու մասին։

Միայն այսօր հրաժարականի դիմում գրած Սուրիկ Խաչատրյանի տանը մարդ են սպանում, իսկ Սերժ Սարգսյանը խոսում է Ադրբեջանում տիրող հոռի բարքերից և բռնապետությունից։

Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները հայտնվել են անելանելի դրության մեջ, իսկ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, թե Հայաստանի տնտեսությունն առաջանցիկ տեմպերով զարգանում է։ Ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանն ինքն իր ասածներին հավատում է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա «ա լյա» Չեռնենկո քաղաքականապես անմեղսունակ է։

«Խոխման» այն է, որ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային զարգացումների և մասնավորապես Ադրբեջանի մասով կանխատեսում է անում առաջիկա 3-4 տարիների համար։ Եվ դա այն դեպքում, երբ որպես Հայաստանի նախագահ չի կարողանում կանխատեսում անել 3-4 ամսվա, իսկ հաճախ նաև՝ 3-4 օրվա կտրվածքով կամ էլ պահել իր՝ 3-4 ամիս կամ 3-4 օր առաջ տված խոստումը։

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ աշխատավարձերը կբարձրանան, իսկ գազն էլ չի թանկանա։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ աշխատավարձերը մնացին իրենց նախկին մակարդակին, իսկ գազն ու մյուս ապրանքները թանկանում են։ Եվ այս մարդը խոսում է տարածաշրջանային զարգացումներից այն դեպքում, երբ առաջին կուրսի ուսանողի չափ գիտելիքներ չունի։

Սերժի անգրագիտությունը պարզապես աչք է ծակում։ Իսկ երբ դրան գումարվում է նաև չեռնենկոյական մարազմը, ապա պարզ է դառնում, որ ՀՀ անվտանգությունը լուրջ հարվածի տակ է։ Ու դժվար է ասել, թե երեկ նախագահի հետ անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներից քանի՞սն են գիտակցում այդ բանը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը զերծ չմնաց դեմագոգիայից։ Նա քննադատում էր Ադրբեջանի կառավարման համակարգն այն դեպքում, երբ ինքն է ձգտում նմանատիպ համակարգ ստեղծել Հայաստանում, բայց առայժմ չի կարողանում, քանզի որոշակի դիմադրություն կա։

Այս խորագրի վերջին նյութերը