Մեկնաբանություն

11.06.2013 12:05


Անհամարժեքության սինդրոմ

Անհամարժեքության սինդրոմ

Անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթի վերաբերյալ կարծիքները կիսվել են։ Քաղաքական, փորձագիտական ու լրագրողական շրջանակները ներկայացնող մարդկանց մի մասը գտնում է, որ նա շատ լավ տեղյակ է երկրում տիրող իրավիճակից, սակայն չի ուզում բարձրաձայնել այդ մասին և ստիպված խոսում է աճից ու զարգացումից, իսկ մյուս մասի կարծիքով՝ Սարգսյանը կտրված է իրականությունից, անկեղծորեն հավատում է իր ասածներին և գտնվում է Տիգրան Սարգսյանի փիլիսոփայության ազդեցության տակ։ Մեկ հարցում բոլորը համակարծիք են. Սերժն իրեն անհամարժեք է պահում։

Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանն անկեղծորեն հավատում է իր ասածներին։ Եվ ցավալին հենց դա է, քանի որ խնդիրների խորությունը չպատկերացնող և կյանքից կտրված ղեկավարը համեմատաբար շատ ավելի վտանգավոր է, քան ամեն ինչ լավ պատկերացնող, սակայն ձևեր թափողը։ Երկրորդ դեպքում դեռ կարելի է ինչ–որ բան ակնկալել և հուսալ, որ ցինիզմին փոխարինելու կգա կոնկրետ գործը։ Սերժինը ծանր դեպք է։

Անհամարժեքության սինդրոմը սարսափելի բան է։ Այն վտանգավոր է ինչպես այդ սինդրոմը կրող ղեկավարի, այնպես էլ պետության համար։

Բերեմ մի քանի պատմական օրինակներ։

Երբ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային ասացին, որ ժողովուրդը հաց չունի և դրա համար է բողոքում, թագուհին իմիջիայլոց նետեց, թե հաց չունեն, թող թխվածքաբլիթ ուտեն։ Մարիայի ամուսին Լյուդովիկոս 16րդին համոզում էին գնալ բարեփոխումների, սակայն նա անդրդվելի էր։ Վերջում և՛ թագավորը, և՛ թագուհին հայտնվեցին գիլյոտինի տակ։ Նրանք համարժեք չգտնվեցին փոփոխվող միջավայրին ու երկրում առկա խնդիրներին, և զրկվեցին կյանքից։

Երբ Նապոլեոնը գրավել էր հերթական երկիրն ու մտել Ֆրիդրիխի կառուցած նստավայրը, գերմանացի ծառան Մյուրատից պահանջում էր տեղը դնել ոսկյա բաժակը, որը զորավարը վերցրել էր որպես խորհրդանշական ավար։ Փաստորեն ծառան չէր անրագրել, որ ժամեր առաջ ինքը շատ ավելի լուրջ կորուստ էր ունեցել՝ պետությունը։ Անհամարժեք պետության ծառաներն էլ են անհամարժեք լինում։

Սովետական զորքերը մտել էին Բեռլին, սակայն Հիտլերն իր բունկերում հարձակողական ծրագրեր էր քննարկում։ Նա միայն ամենավերջում հասկացավ, թե ինչն ինչոց է և դիմեց ինքնասպանության։

Երբ Ռումինիայի ավտորիտար ղեկավար Չաուշեսկուին հասկացնում էին, որ ՍՍՀՄ–ը փլուզվում է, տեղի են ունենում փոփոխություններ, և պետք է համակերպվել այդ փոփոխությունների հետ, նա չէր ընկալում այդ ամենը, քանզի համարժեք չէր։ Չաուշեսկուն փորձեց բռնությամբ պահել իշխանությունը։ Հետևանքն այն եղավ, որ ռումինական հեղափոխությունը կյանքից զրկեց Չաուշեսկուին ու նրա կնոջը։

Համարժեք վարքով աչքի չէր ընկնում նաև ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ով խնդիրները փորձում էր լուծել դեմագոգիկ ժողովներ ու համագումարներ անցկացնելու միջոցով։ Գորբաչովն այնքան անհամարժեք էր դարձել, որ Բելովեժյան համաձայնագրի ստորագրումից հետո Բորիս Ելցինից դժգոհում էր, թե իր համար որևէ պաշտոն չեն նախատեսել։ Գորբաչովի ղեկավարած ՍՍՀՄ–ն արդեն փլուզվել էր, բայց նա, փաստորեն, կարգավիճակի ու պաշտոնի կռիվ էր տալիս։

Եգիպտոսի երկարամյա նախագահ Մուբարաքին առաջարկում էին հեռանալ հանգիստ տարբերակով, իսկ նա Թահրիրի հրապարակ էր ուղարկում վարձկանների ու փորձում ուժով պահել իշխանությունը։ Հիմա, ակնհայտորեն, Մուբարաքը փոշմանած կլինի։

Բազմաթիվ այլ օրինակներ կարելի է բերել, բայց այսքան էլ բավական է։

Եվ այսպես, պետության ղեկավարի անհամարժեքության սինդրոմը պատուհաս է դառնում և՛ ղեկավարի, և՛ պետության համար։ Ելքերը բազմաթիվ են։ Պետության կործանումից հնարավոր է լինում խուսափել միայն այն դեպքում, երբ անհամարժեք ղեկավարը մինչև վերջ հասցրած չի լինում պետությունն իրենով անելու ծրագիրը։ Այդ տարբերակում հեռացվում է անհամարժեք ղեկավարը (ցնցումներով կամ առանց դրա), և պետությունը հնարավորություն է ստանում բարեփոխվելու։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը կարողանա իր վարձկանների հետ միասին վերացնել դիմադրության այն կենտրոնները, որոնք դեռ առկա են մեզանում, այսինքն՝ թույլ չտալ, որ Սերժն ամբողջությամբ պետությունն իրենով անի։ Հակառակ պարագայում ներկայումս վարվող ապաշնորհ քաղաքականության գինը կդառնա պետությունը, ավելի ճիշտ՝ դրա կորուստը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը