Լրահոս

12.06.2013 09:41


Այսօր Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20 տարին է

Այսօր Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20 տարին է

Այսօր՝ հունիսի 12-ին, լրանում է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20 տարին:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993), Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ Հայաստանի ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

1991թ. սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:

1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն էր:

Զոհվել է 12.06.1993թ. Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1981թ. նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն...»: 1985թ. նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են, պարզվում է՝ ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որից սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:

Կինն էր Սեդա Գպրանյան-Մելքոնյանը:

Այս խորագրի վերջին նյութերը