Քաղաքական

18.06.2013 17:00


Գառնիկ Իսագուլյան. ««Օֆշորային» սկանդալը մոտ ապագայում պետք է ստանա լուրջ իրավական լուծում»

Գառնիկ Իսագուլյան. ««Օֆշորային» սկանդալը մոտ ապագայում պետք է ստանա լուրջ իրավական լուծում»

Այսօրվա ասուլիսին Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու Նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանին անդրադարձել են ՀՀ վարչապետի անվան հետ կապվող «օֆշորային սկանդալին»։

Խոսելով «Հետք»–ի հրապարակած փաստաթղթի մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նշել է. ««Հետք»–ը կոնկրետ փաստաթուղթ է հայտնաբերել։ Մենք պետք է պետականորեն մոտենանք այս խնդրին։ Եթե իրոք եղել է գործարքը, այդ մարդկանց պետք է ասենք ցտեսություն՝ առանց սրտի ցավի, մտածելով որ մենք մեր պետության համար ենք դա անում»:

Ինչ վերաբերվում է օֆշորային սկանդալի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նվասարդ Կճոյանի առնչությանը, Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ նրանցից մեկը աշխարհիկ, մյուսը հոգևոր իշխանությունների ըստ էության երկրորդ դեմքերն են։ Երկու առանցքային դեմքերի աննուններ այժմ քննարկվում են, և նրան այլևս չի հետաքրքրում՝ դա կեղծի՞ք է թե՞ իրականություն, կարևորն ըստ նրա այն է, որ «Հետք»–ը տպել է փաստաթուղթ, այժմ այդ փաստաթուղթը պետք է կամ հաստատվի, կամ հերքվի։ «Պետությունը՝ եկեղեցու հետ միասին, պետք է փորձի պարզաբանել այս հարցը: Վարչապետի բանավոր հերքումը չի բավարարում ինձ։ Հերքելը բանավոր չի լինում, հերքումը պետք է փաստերով ապացուցվի, և մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այլապես որտեղից երաշխիք, որ վաղը հանրապետության նախագահի կամ վեհափառի անունով որևէ օֆշորում ինչ որ բան չի գրանցվի»,–ասել է Իսագուլյանը։

Նա նաև նշել է, որ իրեն հետաքրքրում է, թե ո՞վ կարող էր իր տրամադրության տակ ունենալ վարչապետի անձնագրային տվյալները, և այդ դեպքում ի՞նչ է անում նրա անվտանգության աշխատակիցները:

«Եթե մեր համպատասխան ծառայությունները չեն կարող ճշտել, թե օֆշորում փաստաթղթերը արդյոք մեր պետական այրե՞րը, թե ուրիշներն են ստորագրել, ուրեմն մենք պետություն կոչվելու իրավունք չունենք, էլ ինչ անվտանգության խորհուրդ, էլ ի՜նչ արտահերթ քննարկում, էլ ի՜նչ ազգային անվտանգություն, էլ ի՜նչ դատախազություն»,–ընդգծել է բանախոսը՝ նշելով, թե հավատում է, որ շատ մոտ ապագայում այս հարցը պետք է ստանա լուրջ իրավական լուծում։ Նա նաև ավելացրեց, որ վստահ է և ուզում է հավատալ, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը այլև Ազգային ժողովը կստեղծեն այս հարցը ուսումնասիրող հանձնաժողով, քանի որ այս հարցը ունի շատ լուրջ հանրային հնչեղություն:

Նշենք, որ ասուլիսի ամբողջ ընթացքում Արշակ Սադոյանը ամեն կերպ փորձում էր հերքել վարչապետի առնչությունը «օֆշորային» սկանդալին՝ շեղելով լրագրողների հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը