Լրահոս

20.06.2013 12:14


Նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք

Նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք

Այսօր կառավարության շենքի առջև հավաքված «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի» անդամները հերթական անգամ պահանջել են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը։ Կոալիցիայի անդամները համապատասխան նամակը փոխանցել են ՀՀ վարչապետին, այն նաև հասցեագրված է հանրապետության նախագահին։ Նամակում ասված է. ««Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ձևավորվել է 2010թ. հոկտեմբերին ամուսնու կողմից դաժանաբար սպանված Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ` նպատակ ունենալով իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության ու դրա հետևանքների մասին` այդպիսով կանխարգելելով կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում:

Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների` միայն 2012թ. 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխայի: Ավելին, ըստ ՀՀ Ոստիկանության վիճակագրական տվյալների` նույն թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից միայն 621-ը կատարվել է կանանց հանդեպ:
Ըստ «Ամնեստի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության 2008թ-ի սոցհարցման` Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, և այս զոհերի մեծ մասը չունի արդյունավետ մուտք դատական համակարգ և չունի անվտանգ ապաստարանի և վերականգնման մեխանիզմների հնարավորություններ:
Կանանց իրավունքների կենտրոնը դեռևս 2007թ-ից սկսել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009թ. սեպտեմբերին ներկայացվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հետագա քայլերը ձեռնարկելու համար: 2010թ. նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման համար: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նածագիծը 2012թ. նոյեմբերի 28-ին ներկայացվեց ՀՀ վարչապետին` հավանության արժանանալու համար:
2013թ-ի փետրվարի 11-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել էր կառավարության եզրակացությունը, համաձայն որի` վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:
Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի 2010թ. մարտի 30-ի N 213 Ա որոշմամբ Հայաստանում ստեղծվեց գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով , որի ստեղծման նպատակն է «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումը: Ընդ որում, նշված ծրագրի հոդված 42.2-ում հստակ նշված է` «ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը միջազգային չափանիշներին համապատասխան և այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը»:
Կարևորելով «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ:
Մենք կոչ ենք անում կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացումը, որոնք արտահայտված են ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերում, քանզի օրենքի ընդունումը, անկասկած, կնպաստի ընտանեկան բռնության դեպքերի նվազեցմանը Հայաստանում»։

Այս խորագրի վերջին նյութերը