Լրահոս

25.06.2013 12:20


Կճոյանը նախընտրել է «Արմենպրես»-ով խոսել

Կճոյանը նախընտրել է «Արմենպրես»-ով խոսել

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Արմենպրես»–ին տված հարցարզույցում անդրադարձել է Կիպրոսի օֆշորում իր անունով գոյություն ունեցող ընկերությանը և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ Կիպրոս իր այցելությանը։

Նա նախ պնդել է, որ իր անունն այդ կազմակերպության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իր իմացության, այնուհետև խոստովանել է, որ Աշոտ Սուքիասյանի հետ իրոք բավականին մտերիմ է եղել.

«Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով»:

Հիշեցնենք, որ այս հունիսի 20-ին «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «ՍիվիլՆեթի» տաղավարում հայտարարել էր, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100 տոկոսով ապացուցված փաստ է, և այդ տեղեկությունը ճշտված է նրանց օդանավակայան ուղեկցողներից։

Էդիկ Բաղդասարյանը հայտարարել էր նաև, որ իրենք այլ հիմքեր էլ ունեն չհավատալու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայտարարությանը, թե ինքը կապ չունի օֆշորային գործարքի հետ, քանի որ մի քանի տարի առաջ նրա անունը կապված է եղել զենք ունենալու հետ, ինչը սկզբում հերքել է, սակայն փաստեր ներկայացնելուց հետո` խոստովանել:

Ընդգծենք, որ «Արմենպրես»–ին տված հարցարզույցում Կճոյանը խոստովանում է ընդամենը միայն մեկ անգամ՝ 2011թ. մարտին, Կիպրոս իր այցելության փաստը, իսկ Էդիկ Բաղդասարյանի պնդմամբ՝ 100 տոկոսով ապացուցված է, որ Կճոյանն Աշոտ Սուքիասյանի հետ առնվազն երկո՛ւ անգամ է մեկնել Կիպրոս։

Հատկանշական է նաև, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն այս «օֆշորային պատմությանը» նախընտրել է անդրադառնալ հենց «Արմենպրե՛ս»–ին հարցազրույց տալով։ Թերևս պատճառն այն է, որ այդ գործակալության տնօրենը վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Արամ Անանյանն է, մինչդեռ 3 օր առաջ «7օր»–ը Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ այս թեմայով հարցազրույց կտրվի մե՛ր կայքին։ Արարատյան Հայրապետական թեմ «7օր»–ի ուղարկած գրավոր հարցերի պատասխանները, բնականաբար, չկան «Արմենպրես»–ի հետ հարցազրույցում։ Իսկ մեզ մասնավորապես հետաքրքրում էր, օրինակ.

  1. Աշոտ Սուքիասյանն իր նամակում գրել է, որ օֆշորային գոտում բացված ընկերության բաժնեմասերը գրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և համաձայնության, որպեսզի երաշխավորի իր բիզնեսի անվտանգությունը: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ինչպե՞ս է երաշխավորում գործարարների բիզնես անվտանգությունը և ի՞նչ է ստանում դրա դիմաց։
  2. Եթե ընդունենք, որ առանց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության է Աշոտ Սուքիասյանը նրա անունով օֆշորային ընկերության բաժնեմաս գրել, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել առանց Կճոյանի լիազորագրի, ստորագրության և գիտության՝ այդ հաշվեհամարից փոխանցումներ կատարել։
  3. Այս պատմությունից և ձեր պնդումներից հետո որքանո՞վ է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վստահ, որ իր անունով օֆշորային գոտում այլ ընկերություններ չկան բացված, և հենց այս պահին էլ մութ գործարքներ չեն իրականացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը