Լրահոս

25.06.2013 15:16


Սերգեյ Լավրով. «Սնոուդենը Ռուսաստանի սահմանը չի հատել»

Սերգեյ Լավրով. «Սնոուդենը Ռուսաստանի սահմանը չի հատել»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԿՀՎ–ի նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը ռուսական սահմանը չի հատել: Ըստ Լավրովի՝ ռուսական կողմը որևէ կապ չունի աշխարհով մեկ Սնոուդենի տեղափոխությունների հետ:

Կիրակի Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել էր, որ Սնոուդենը Հոնգ Կոնգից «Աերոֆլոտի» չվերթով Մոսկվա էր ժամանել և Էկվադորից քաղաքական ապաստան հայցել: Ներկայումս Սնոուդենի գտնվելու վայրը անհայտ է, Պատանյոն երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ չգիտի, թե ԿՀՎ–ի նախկին գործակալն այժմ որտեղ է:

ԱՄՆ գաղտնի ծառայությունների մասին փակ փաստաթղթեր հրապարակած Սնոուդենի նկատմամբ ԱՄՆ-ում լրտեսություն կատարելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, և Վաշինգտոնը նպատակ ունի հասնել նրա արտահանձմանը:

Այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց Սնոուդենի Մոսկվայում գտնվելու մասին, Վաշինգտոնը հանդես եկավ կոշտ քննադատությամբ Մոսկվայի հասցեին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի ելույթ ունենալով՝ ընդգծել է, որ եթե Ռուսաստանը Սնոուդենին չարտահանձնի, դա շատ վատ կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա:

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է. «Մենք բացարձակապես անհիմն և անընդունելի ենք համարում փորձերը, որի ականտատեսն ենք այժմ, այն է`ռուսական կողմին մեղադրել ամերիկյան օրենքների խախտման և գրեթե դավադրության համար՝ զուգորդված մեր հասցեին սպառնալիքներով» :

Լավրովը նաև հայտարարել է, թե Վաշինգտոնի հայտարարությունների նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը «տեղ է հասցվել համապատասխան ուղիներով», ապա հավելել. «Նա (Սնոուդենը) ինքնուրույն է ընտրել իր ուղղությունը, դրա մասին մենք իմացել ենք ԶԼՄ-ներից։ Ռուսաստանի սահմանը նա չի հատել»:

Պեկինը, որին ևս ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Հոնգ Կոնգից Սնոուդենի հեռանալուն աջակցելու համար, նույնպես հանդես է եկել կոշտ քննադատությամբ: Չինաստանի ԱԳՆ-ն Սնոուդենին միտումնավոր օգնելու մասին ԱՄՆ հայտարարությունները որակել է որպես անհիմն ու անթույլատրելի և հայտարարել, որ նրան Հոնկոնգից հեռանալ թույլատրել են տեղական իշխանությունների որոշմամբ՝ հաշվի առնելով հատուկ վարչական տարածաշրջանի օրենսդրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը