Լրահոս

27.06.2013 12:12


Բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրվել է դատական ակտը բողոքարկելու կարգը

Բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրվել է դատական ակտը բողոքարկելու կարգը

ՀՀ գլխավոր դատախազությունից անդրադարձել են երեկ դատախազության վարչական շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային` ամբաստանյալ Մ. Դանիելյանի և նրա հարազատների մասնակցությամբ, ովքեր բողոքում էին Մ. Դանիելյանի նկատմամբ կայացված դատական ակտի դեմ:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 25.06.2013թ. դատավճռով Մ. Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ, և դատապարտվել ազտազրկման` 7 տարի ժամկետով:

Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ընդունել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, լսել նրանց պահանջները, առարկությունները:

Դատախազությունից տեղեկացնում են, որ ընդունելության ժամանակ նրանց բացատրվել է դատավճիռը բողոքարկելու կարգը:

Հիշեցնենք՝ երեկ «7օր»–ը գրել էր, որ Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչներ եկել էին Երևան՝ ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետև ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն իրականացնելու։

Մեր խմբագրություն զանգահարած ՄարգարիտՀովհաննիսյանը պատմել էր, որ 2008թ. հոկտեմբերի 25–ին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, որը 2 մարդու կյանք է խլել։ Մարգարիտ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ղեկին եղել է ԳագիկՀովհաննիսյանը, բայց դատարանը մեղավոր է ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել ուղևորին՝ Մկրտիչ Դանիելյանին, ում եղբոր կինն է Մարգարիտ Հովհաննիսյանը։

Նա ասել էր, որ գլխավոր դատախազը լսել է իրենց պահանջը, ասել, որ ինքը տեղյակ չէ գործից և խոստացել է դրան ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ հանդիպել նրանց հետ։

Այս հանդիպումից հետո Մկրտիչ Դանիելյանի հարազատները հրաժարվել էին ՀՀ նախագահի նստավայր գնալու իրենց մտադրությունից. որոշել են սպասել և տեսնել, թե գլխավոր դատախազի հետ հանդիպումն ինչ արդյունք կտա։

Հիշեցնենք նաև, որ Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 5–ին էլ նույն Գլխավոր դատախազության մոտ բողոքի գործողություն էին իրականացրել ավտովթարից զոհված19-ամյա Աբրահամ Բակլաչյանի և նրա հորեղբոր հարազատները։ Ինչպես պնդել էր նրանց հայրը՝ Արայիկ Բակլաչյանը, վթարի ենթարկողը եղել է հենց Մկրտիչ Դանիելյանը, ով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր տղան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը