Լրահոս

27.06.2013 12:59


Տիգրան Սարգսյանը օֆշորային սկանդալը համարում է քաղաքական սպեկուլյացիա և հեքիաթ

Տիգրան Սարգսյանը օֆշորային սկանդալը համարում է քաղաքական սպեկուլյացիա և հեքիաթ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է օֆշորային հայտնի աղմկահարույց պատմությանը, որտեղ առկա է նաև նրա անունը։ Նա դա անվանել է քաղաքական սպեկուլյացիա։

–Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել։ Եթե հետաքննող լրագրողները լինեն օբյեկտիվ, կարող են թացը չորից զանազանել,–հայտարարել է Տ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները զբաղված են բացահայտմամբ, և որևիցե հարց անպատասխան չի մնալու։

«Նաիրիտ» գործարանի հետ կապված տեղեկատվություններն էլ նա անվանել է դրանք իր անվան հետ կապելու՝ անհասկանալի մշակված հերթական սցենար։

«Արդեն բավական ժամանակ մեծ ռեսուրսներ են ծախսում լրատվամիջոցները, անհասկանալի սցենարներ են նկարագրում, և այդ ամենը փորձում են կապել վարչապետի անվան հետ»,- ասել է նա։

Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ ասելով, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները:

–Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ արձանագրված բոլոր հարցերը պետք է ստանան պատասխան։ Անպատասխան հարց չպետք է մնա,-նշել է Տ.Սարգսյանը։

Կառավարության շենքի առջև հաճախակի տեղի ունեցող բողոքի գործողությունների պատճառն էլ նա կապել է միջին օղակների հետ.

–Միջին օղակի չինովնիկները նրանց պատասխանում են՝ մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի: Սա անթույլատրելի մոտեցում է, քանի որ մարդկանց ուղղորդում են կառավարության դիմաց միտինգներ անելու: Կոմպետենտ չեն այդ միջին օղակի աշխատողները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը