Լրահոս

28.06.2013 14:59


Պատվոգրեր` արդյունավետ համագործակցության համար

Պատվոգրեր` արդյունավետ համագործակցության համար

Այսօր Հայաստանում նշվում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի կազմավորման 21-ամյակը: Տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մեծ ցուցադրություն էր կազմակերպել:

Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992թ.` հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց: Հայաստանը միակն է տարածաշրջանում, որն ունի ռազմական օդաչուների պատրաստման արդեն իսկ կայացած, բարձրակարգ դպրոց և ինստիտուտ:

Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր երեք տասնյակից ավելի ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին` հիացմունք առաջացնելով օդանավակայանի բակում հավաքված մեծ հանրության մոտ:

Այնուհետև պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈՒ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները: Ցուցադրվեց նաև անօդաչու թռչող սարքերի աշխատանքը:

Տոնական միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ մասնավորապես ասաց.
- Այսօր համահայկական տոն է: Հունիսի 28-ը նաև Մարտակերտի ազատագրման 21-ամյա տարեդարձն է: Մեր ձեռքի տակ եղած ռազմական համակարգերը թույլ են տալիս մեզ վերահսկել հակառակորդի բոլոր գործողությունները մեր սահմանների մոտ, և այսօր մենք կարողանում ենք պահմանել տարածաշրջանում միակ հաղթանակած բանակի բարձր համբավը:

ՊՆ զինված ուժերի ավիացիայի վարչությունն ակտիվ համագործակցում է ՀՀ ԱԻ նախարարության օդադեսանտային խմբի հետ և բազմիցս վերապատրաստման դասընթացներ է անցկացրել խմբի անդամների հետ: Այդ կապակցությամբ և տոնի առիթով, միջոցառման ավարտին, ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը` ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ, պատվոգրեր հանձնեց ՊՆ ԶՈՒ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պառաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանին, նույն ծառայության ավագ հրահանգիչներ` կապիտան Քրիստինա Իլիկչյանին ու կապիտան Ջանիբեկ Հարությունյանին, և մարտական պատրաստվածության բաժնի անվտանգության գծով օդաչու-տեսուչ Ռուբեն Աբրահամյանին:

Շնորհավորելով ՊՆ մեր գործընկերներին` գնդապետ Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց ՊՆ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին` արդյունավետ համագործակցության համար և մաղթեց բոլոր թռիչքներից հետո ունենալ բարեհաջող վայրէջքներ:

Այս խորագրի վերջին նյութերը