Մեկնաբանություն

03.07.2013 11:30


Լև Տրոցկուց մինչև Հովիկ Աբրահամյան

Լև Տրոցկուց մինչև Հովիկ Աբրահամյան

Ձախողված և ավտորիտար իշխանությունները մշտապես դիմում են դավադրությունների տեսության օգնությանը։ Նրանք հորինում են այդ դավադրությունների մասին պատումները, որպեսզի արդարացնեն սեփական ապաշնորհ կառավարումը ներքին ու արտաքին «մութ ուժերի» չուզողությամբ։

Ուշագրավն այն է, որ դավադրությունների տեսության միջոցով հանրությանը կերակրող իշխանությունը ինչ–որ պահից ինքն էլ է սկսում անկեղծորեն հավատալ դավադրություններին՝ ընկնելով մառազմի գիրկը և ձեռք բերելով պաթոլոգիկ շեղումներ։

«Հակատրոցկիստական» պայքարի ռահվիրան. Իոսիֆ Ստալին

Դավադրությունների մասին հեքիաթների ստեղծման և տարածման հսկայական հոսքագիծ էր ստեղծել, օրինակ, ՍՍՀՄ–ը։ Հատկապես ստալինյան կառավարման տարիներին դավադրությունները «թողարկվում» էին ամենօրյա ռեժիմով։

Դավադրությունների մասին հեքիաթները Ստալինին պետք էին որպես կառավարման գործիքներ։ Դավադրությունների առկայությամբ էին հիմնավորվում ՆԷՊ–ից ու բռնազավթումներից հետո ստեղծված ծանր վիճակը, սովը և կյանքի որակի կտրուկ անկումը։ Դա, իհարկե, բլեֆ էր, բայց դե մարդկանց ուղեղները լվացել էին, իսկ անհնազանդներին՝ գնդակահարել կամ ուղարկել ուղղիչ աշխատանքի։

Սովետական ժողովրդին դավադրապաշտության գիրկը նետելը Ստալինին պետք էր նաև միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Դավադրությունները կանխելու մասին տարածվող միֆերով ավելի հեշտ էր արդարացնել գնդակահարությունները բոլոր այն մարդկանց, որոնց միջոցով նա վերցրել էր իշխանությունը Լենինի մահից հետո։

Ստալինի ամենահիմնական հակառակորդը Լև Տրոցկին էր, ում նա խաղից հանեց Զինովևի ու Կամենևի միջոցով, ապա գնդակահարեց վերջիններիս, իսկ Տրոցկուն էլ արտաքսեց երկրից (Տրոցկին նույնպես հետագայում սպանվեց)՝ նրանից կերտելով «բոբոյի» կերպար։

Ստալինյան քարոզչամեքենան դավադրությունների կազմակերպման հիմնական գործող անձ էր հայտարարել Լև Տրոցկուն, ով, ըստ բոլշևիկների, դրսից անընդհատ դավեր էր նյութում և փորձում թուլացնել Սովետական Միությունը։ Այդպիսի բան, իհարկե, չկար, քանզի Տրոցկին չէր կարող նման ազդեցություն ունենալ, մանավանդ վտարանդիի կարգավիճակում, բայց Տրոցկուց «բոբո» սարքելը Ստալինին պետք էր սոված ժողովրդին կերակրելու և «յուրայինների» գնդակահարությունները հիմնավորելու համար։

Ստալինը քարոզչության միջոցով հրեշ էր սարքել Տրոցկուն, որպեսզի ում էլ տրոցկիստ լինելու հմար մեղադրի, հնարավորություն ստանա «լեգիտիմացնել» կիրառվող ռեպրեսիան։ «Տրոցկիստ» որակումը, ըստ այդմ, դատավճռի պես մի բան էր դարձել, և անցանկալի մարդկանցից ազատվում էին այդ «հոդվածի» կիրառմամբ։

Տրոցկին արդեն սպանված էր, բայց նրա «բոբոյության» մասին միֆը դեռ պահպանվում էր, քանզի այդպես ավելի հեշտ էր հիմարացնել ժողովրդին և հասկացնել, որ եթե ժողովուրդների հոր զգոն հայացքը չլինի, ապա վիճակը կարող է շատ ավելի վատ լինել։

«Հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրան. Սերժ Սարգսյան

Ցավալի է արձանագրելը, որ 21–րդ դարում Հայաստանի իշխանություններն օգտվում են ստալինյան մեթոդներից ու փորձում սեփական տապալումներն արդարացնել դավադրությունների տեսությամբ։

Դավադրությունների տեսությունը մեր տնաբույծ նեոբոլշևիկներին պետք է նաև թալանն արդարացնելու, հակառակորդներին դեմ պայքար մղելու և բուն խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու համար։

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, կարելի է ասել, ապրում է դավադրությունից դավադրություն։ Բաղրամյան 26–ի ստեղծած գեբելսյան քարոզչամեքենան դավադրությունների մասին էժանագին պատմություններ է տարածում ամեն Աստծո օր։

Ստեղծվել են արտաքին ու ներքին թշնամու կերպարներ, ինչպես նաև իրականության հետ բացարձակապես կապ չունեցող պատմություններ։

Եթե հավատալու լինենք «անկախ» լրատվամիջոցներին, ապա բարի և խիստ արևմտամետ Սերժ Սարգսյանն ամեն օր կռիվ է տալիս չար Ռուսաստանի դեմ, որպեսզի կարողանա պահպանել ՀՀ անկախությունը, հետևաբար՝ պետք է աչք փակել ներքին կյանքում նրա բոլոր ձախողումների վրա։

Դժվար է ասել, թե քանի ոխչարի են սրանք կարողացել համոզել, թե իբր Արևմուտքն ու Ռուսաստանը կենաց–մահու պայքար են մղում Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին իրենց կողմը տանելու համար, բայց փաստն այն է, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցները, «դհոլները» և «վերլուծիստները» անընդհատ տարածում են Հայաստանի դեմ արտաքին դաշտից կազմակերպվող դավադրության մասին հեքիաթը։

Անգամ կոռուպցիոն սկանդալները, որոնց կիզակետում է հայտնվել «աստվածավախ» վարչապետը յուր ընկեր Կճոյանի հետ միասին, փորձ է արվում ներկայացնել որպես ԱՄՆ–Ռուսաստան դիմակայության դրսևորում։ Փաստորեն, Տիգրանն օֆշերներում փող է լվացել Պուտինի ինադու և Օբամայի «դաբրոյո՞վ». թալանչիությունն արևմտամետությամբ արդարացնելը սերժա–տիգրանական շրջապատի վերջին «կրեածիվ» գլուխգործոցներից է։

Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա այստեղ էլ «դավադրությունների» պակաս նույնպես չկա։ Կարելի է ասել, որ Սերժը պարզապես 24–ժամյա ռեժիմով կանխում է «դավադրությունները». ուրիշ բան ու գործ չունի։ Դե, չեն թողնում, էլի, որ մարդն աշխատի...

Սերժական ռեժիմի կողմից «տրոցկիստներ» են հայտարարված ՀՀԿ ղեկավարի՝ իբր «հակաօլիգարխիկ» պայքարին խոչընդոտողները։ Ոչինչ, որ երկրի թիվ մեկ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է։ Գեբելսյան քարոզչամեքենան նրան ներկայացնում է որպես բարի և բարեփոխիչ ղեկավար, ով ուզում է մտածողության հեղափոխություն իրականացնել Տիգրանի օգնությամբ, սակայն նրան խանգարում են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, «օլիգարխները», ՀՀԿ–ի ոչողջախոհ թևի ներկայացուցիչները։ Մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ինքնուրույնաբար կարող են ֆինանսական կամ քաղաքական կապիտալ տնօրինել, հայտարարված են «տրոցկիստներ»։

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաղրամյան 26–ը «տրոցկիզմի» մեջ է մեղադրում նաև Իշխան Զաքարյանին ու Հովիկ Աբրահամյանին։ Առաջինը մեղադրվում է պետբյուջեի թալանը հայտնաբերելու և այդ մասին բարձրաձայնելու մեջ, իսկ երկրորդը՝ թալանչիներին պատժելու կոչի մեջ։ Ճիշտ է, այդ երկուսն էլ մի բարի պտուղ չեն, բայց դա բյուջեի 2/3–ը «ատկատի» հովտի վերածածներին պատասխանատվությունից չի ազատում։

Հիմա շիզոֆրենիայի գիրկն ընկած «անկախ» լրատվամիջոցները լավաշ–հեդվածներ են թխում այն մասին, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը փորձել Իշխանի միջոցով դավադրություն իրականացնել, բայց ահա Սերժ Սարգսյանի զգոնության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել պալատական հեղաշրջման հերթական փորձից։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Իշխանություններին որ մնա, օֆշորի թեմայով Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարության հետևում էլ Քոչարյանի կամ մեկ ուրիշի ականջները կտեսնեն։ Ինչևէ։

Փաստորեն, օֆշորային սկանդալից ու բյուջետային միջոցների թալանից սրանք փորձում են դուրս գալ «տրոցկիստների» մասին հեքիաթների օգնությամբ։ Բայց դե հիմա ստալինյան ժամանակները չեն։ Մի քանի կայք ու մեկ–երկու թերթ դեռ կարող են էժանագին թատրոնի մասին ճշմարտություններ գրել։ Բացի այդ՝ կան նաև սոցիալական ցանցեր, որոնք ինչքան էլ պղտորվեն իշխանական «ֆեյքերով» ու դրածոներով, միևնույն է, առայժմ ազատ տարածություն են։

Եթե իշխանություններին այդքան շատ են դուր գալիս դավադրությունների մասին պատմությունները, ապա նկատենք, որ իրական դավադրություն Հայաստանի դեմ կազմակերպվում է Բաղրամյան 26–ի կողմից։ Արտագաղթը, տնտեսական անկումը և գաղջ մթնոլորտը վերջին հինգ տարում իրականացված քաղաքականության ձեռքբերումներից է։ Այ, ա՛յս դավադրության դեմ է պետք պայքար մղել։ Ամենօրյա ու մեթոդիկ պայքար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը