Մեկնաբանություն

03.07.2013 13:05


Սերժ Սարգսյանը հրաժարվու՞մ է արբիտրի ֆունկցիայից

Սերժ Սարգսյանը հրաժարվու՞մ է արբիտրի ֆունկցիայից

Հայաստանի կառավարման կիսանախագահական համակարգը և անցումային շրջանին բնորոշ առանձնահատկությունները ենթադրում են, որ նախագահը պետք է արբիտրի ֆունկցիա կատարի իշխանության մաս կազմող ֆորմալ և ոչ ֆորմալ թևերի միջև։

Ե՛վ Լևոն Տեր–Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում այդպես է եղել։

Առաջին և երկրորդ նախագահները կառավարում էին զսպումների և հակակշիռների մեխանիզմների միջոցով։ Բալանսի խախտում թույլ չէր տրվում։ Ճիշտ է, Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Տվյալ դեպքում մենք դիտարկում ենք կառավարման մեխանիզմները։

Մի կողմ թողնելով այն հարցի քննարկումը, թե արդյոք ճի՞շտ է արբիտրի ֆունկցիան նախագահի համար, թե՞ ոչ, նկատենք, որ ժողովրդավարական անցման փորձ անող Հայաստանն այլընտրանք չունի, քան արբիտրի ինստիտուտի միջոցով կապիտալի նախնական կուտակման փուլն ապրող շրջանակներին, ուժային կառույցներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ու քաղաքական ուժերին միմյանց հոշոտելուց հեռու պահելը։ Եթե իշխանական բուրգի ներսում նախագահը արբիտրից վերածվի հակամարտող կողմի, ապա դա կթուլացնի ինչպես իշխանությանը, այնպես էլ պետությանն ու հասարակությանը։ Սա՛ է օբյեկտիվ իրականությունը՝ դուր գա մեզ այն, թե ոչ։

Եթե նախագահը դառնա կողմ, այլ ոչ թե արբիտր, ապա մեզ մոտ շատ արագ ձևով կհաստատվի ադրբեջանական տիպի բռնապետություն՝ «մեկ օլիգարխի» բացարձակ իշխանությամբ, ինչն էլ իր հերթին կկործանի Հայաստանը, քանզի տեղական նշանակության «Ալիև» պահելու ռեսուրս մենք չունենք։

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո, ցավոք, մենք ականատեսն ենք լինում Հայաստանի «ադրբեջանականացմանը», քանզի Սերժ Սարգսյանը որոշել է արբիտրի դերը փոխարինել այլ կարգավիճակով։ Իշխանական համակարգում նա աստիճանաբար վերածվում է «կողմի»։ «Կողմ», որը բոլոր ուղղություններով պատերազմ է հայտարարում «յուրայիններին» և վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերով սողացող ձևով սեփականության վերաբաշխում նախապատրաստում ու իրականացնում։ Արդյունքում կլանաօլիգարխիկ համակարգը բարեփոխվելու փոխարն դառնում է ավելի վատը՝ վերածվելով միահեծան իշխանության։

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ Սերժը դարձել է «կողմ»՝ այդպիսով իշխանական բուրգի ներսում զրկվելով լեգիտիմությունից։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն անվերապահ ու բացահայտ պաշտպանության տակ առավ Տիգրան Սարգսյանին, ով հայտնվել է մի շարք կոռուպցիոն սկանդալների մեջ, ընդ որում՝ փաստերով ապացուցված։ Եվ ահա ՀՀԿ ղեկավարը ցույց է տալիս, որ Տիգրանը գործում է իր հովանու տակ, և ինքը չի պատրաստվում իշխանության տարբեր թևերին ընդառաջ գնալ ու հեռացնել օֆշորասեր Տիգրանին։ Իշխանության մյուս թևերն էլ նախագահին հասկացնում են, որ այդ դեպքում անհեթեթություն է գործող վարչապետից բարեփոխիչի ու առաջադեմի իմիջ կերտելը, քանզի նա թալանչի է, ընդ որում՝ ավելի մեծ չափերի թալանչի, քան «անկախ» մամուլն է ներկայացնում այսպես կոչված օլիգարխներին։ Վերջիններս փորձում են հարկերից խուսափել, բայց ամեն դեպքում իրենք են լցնում բյուջեն, իսկ ահա Տիգրան Սարգսյանը գործ ունի բյուջեի ծախսերի հետ, այն է՝ «ատկատների» հետ։ Ասել է թե՝ Տիգրանն ու իր շրջապատը փող են աշխատում զրոյական ներդրման միջոցով, իսկ ահա «օլիգարխները», լավ թե վատ, շատ կամ քիչ չափով, ավելացված արժեք են ստեղծում։ Հետևաբար՝ մեծ հարց է, թե ովքեր են չարյաց փոքրագույնները՝ լֆիկսամոնե՞րը, թե՞ օֆշորիտիկոները։

Կյանքը ցույց տվեց, որ բարեպաշտության և մտքի հեղափոխության ջատագով ներկայացող Տիգրան Սարգսյանը շատ ավելի վնասակար է պետության համար, քան բոլոր տիպի լիսկաները միասին վերցրած, քանզի երկրից 300 հազ. մարդ է հեռացել ոչ թե փողոցային խուժանների գործունեության, այլ տնտեսական «բարեշրջումների» հետևանքով։ Այնպես որ, իշխանական բուրգի ներսում Տիգրան Սարգսյանի ընդդիմախոսների փաստարկները լրիվ ճիշտ են, և նրան իր կողքից չհեռացնելով՝ Սերժ Սարգսյանը կորցնում է հնարավոր բոլոր հենարաններն իշխանության ներսում։

Տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանին վերանշանակելով այդ պաշտոնին՝ Սերժ Սարգսյանը նաև մարտահրավեր նետեց հանրության լայն շրջանակներին ու բիզնեսի բոլոր շերտերին։ Իսկ դա է՛լ ավելի ապալեգիտիմացրեց գործող նախագահին։ Արդյունքում մենք հիմա ունենք ոչ միայն ընտրական գործընթացների պատճառով լեգիտիմության սուր դեֆիցիտ ունեցող, այլ նաև իր քայլերի պատճառով խնդիրների առաջ կանգնած նախագահ։

Թե ինչի կարող է հանգեցնել Սերժի կողմնակալությունը, դժվար չէ կռահել։ Առանց այն էլ երկրում տնտեսական վիճակը անմխիթար է։ Եթե հասարակության և իշխանության, բիզնես դաշտի և իշխանության արանքից հանվեն վերջին բուֆերները, ապա երկրում լարվածությունն է՛լ ավելի կմեծանա՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը չի կարող «կողմ» լինել, եթե իհարկե՝ վերջնականապես չի կտրվել իրականությունից և չի դարձել իր սևեռուն գաղափարի գերին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը