Մեկնաբանություն

04.07.2013 09:40


Սերժ Սարգսյանի «ասուժդամսն» ու «ադաբրյամսը»

Սերժ Սարգսյանի «ասուժդամսն» ու «ադաբրյամսը»

Անասնաֆերմայի 7 պատվիրանները

1.Բոլոր երկոտանիները թշնամի են։

2.Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են։

3.Անասունը երբեք հագուստ չի հագնի։

4.Անասունը երբեք անկողնում չի քնի։

5.Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։

6.Անասունը երբեք անասունի չի սպանի։

7.Բոլոր անասունները հավասար են։

. . .

Նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը «Տիգրա՛ն, սիրո՛ւն չի» օպերացիա իրականացրեց կառավարության շենքում՝ վարչապետին մեղադրելով վատ կառավարման մեջ։ Մրցակից թեկնածուների հարցում դեռևս անորոշության մեջ գտնվող ՀՀԿ ղեկավարը բողոքում էր «ատկատներից» ու ձևական «տենդերներից»։ Այլ կերպ ասած՝ Սերժը խոսում էր բյուջեի թալանից։

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նույն ոճի մեջ մինի–խորհրդակցություններ տեղի ունեցան նախարարություններում։ Բոլոր նախարարներն ու պետական մարմնինների ղեկավարներն ընդունում էին, որ բյուջեն լափվում է, և որ կան միջոցների անարդյունավետ օգտագործման աղաղակող երևույթներ։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանն «ասուժդամս» էր անում Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու պահանջում «գլխից բռնել կոռուպցիոներներին»։

Մեկ տարի անց, սակայն, Սերժ Սարգսյանը լրիվ այլ կարծիքի է Տիգրան Սարգսյանի մասին։ Ավելի ճիշտ՝ նա միշտ էլ նույն կարծիքին է եղել գործող վարչապետի մասին, պարզապես այժմ տոկոսները «խփված» են, և փիարի կարիք չկա։ Եկել է «ադաբրյամսի» ժամանակը։

Ուշագրավն այն է, որ նախագահականում տեղի ունեցած «հակակոռուպցիոն» քննարկումից հետո նույն նախարարները, որոնք նախորդ տարի հայտարարում էին, թե «երկու ոտքն ավելի լավ է, քան չորսը», հիմա հակառակն են ասում՝ նախապատվությունը տալով չորս ոտքին։ Նրանք, իրար հերթ չտալով, թութակի պես կրկնում են, թե բյուջեն չի լափվում, «ատկատ» չկա, և ընդհանրապես Իշխան Զաքարյանը իմպերիալիստական Ռուսաստանի գործակալ է կամ էլ «մութ ուժերի» դաշնակից։ Իրար կրկնող նախարարներն այդպիսով ցույց են տալիս, որ հավասար են։ Դե, իսկ Տիգրան Սարգսյանի սիրելի Դավիթ Սարգսյանը՝ ֆինանսների նախարարը, ցույց տվեց, որ ավելի՛ հավասար է։

Չգիտեմ զգում են, թե ոչ ասուլիսային շքերթի ելած նախարարներն ու վարչապետը, բայց փաստն այն է, որ նրանք «փչացնում» ու սխալ են հանում 2012թ. նմուշի Սերժ Սարգսյանին, քանզի Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ նախագահի մակարդակով խոսվում էր ալան–թալանից։

«Խոխման» այն է, որ այս տարվա Սերժին նույնպես չի գոհացնում նախորդ տարվա Սերժի գործունեությունը։ Այս տարվա Սերժը նախորդ տարվա Սերժին մեղադրում է միտումնավոր կերպով բյուջեի թալանից խոսելու և անձնական փիարն անելու մեջ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը դուրս է եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Եթե 2012թ. կարգախոսը «Կորչի՛ «ատկատն»» էր, ապա այս տարի նախընտրելի է դարձել «Կեցցե՛ «ատկատը»»։

Առա՛ջ, դեպ ապահով Հայաստան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը