Մեկնաբանություն

08.07.2013 12:03


Մի բացահայտված օֆշորային պատմություն

Մի բացահայտված օֆշորային պատմություն

Երբ բացահայտվեց Տիգրան Սարգսյանի մասնակցությունը գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման գործում, իշխանամետ լրատվամիջոցներն անմիջապես անցան իրենց գործին։

Փողերի լվացմանն առնչվող մեքենայությունը փորձ արվեց ներկայացնել «գեոպոլիծիկ», ԱՄՆ–ՌԴ, հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք, ինչպես նաև «Ժառանգորդ» օպերացիայի ենթատեքստով։

Ըստ հանրությանը հրամցվող հեքիաթի՝ Օբաման ու Պուտինը քուն և դադար չունեն։ Նրանք ամեն օր կռիվ են տալիս ու քաշքշում ՀՀ վարչապետին։ Մեկն ուզում է Տ. Սարգսյանին դարձնել արևմտամետ, իսկ մյուսը՝ ռուսամետ։ Վարչապետը, ահա, այս գլոբալ դիմակայության զոհ է դարձել, քանզի հոգու խորքում արևմտամետ լինելով՝ ստիպված է մտնել Մաքսային միություն։

Ի դեպ, Տիգրանի փաստաբանները ոչ մի վատ բան չեն տեսնում օֆշորային սկանդալի մեջ, քանզի վարչապետն արևմտամետ է։ Իսկ արևմտամետությունը, ինքներդ եք հասկանում, կանաչ լույս է վառում օֆշորներում փողեր լվանալու համար։ Եթե վարչապետի արևմտամետությանը գումարվում է նաև նրա աստվածավախ ու բարեպաշտ էությունը, ապա որևէ մեկի Կլերիդեսին չպետք է լինեն Կիպրոսի դատախազի պնդումներն առ այն, որ առանց տվյալ անձի կամ նրա լիազորագրի հնարավոր չէ իրենց մոտ կազմակերպություն գրանցել։

«Անկախ» լրատվամիջոցները նորմալ են համարում այն, որ տեղի է ունեցել «քցոցի», և այդ «քցոցուն» մասնակցել են աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները՝ գումարած լրատվական դաշտի ժուլիկների սիրելին դարձած ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նրանց մտահոգում է միայն «գեոպոլիծիկան»։

Դե, իսկ ինչ վերաբերում է օֆշորային սկանդալի ու «Ժառանգորդ» օրեպարցիայի միջև եղած կապին, ապա ստացվում է, որ չար ուժերը բացահայտեցին վարչապետի կյանքի մութ էջերը, քանզի այդպիսով ցանկացան խանգարել նրան դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը 2018թ.։ Այ, եթե չլիներ ժառանգորդի հարցը, ապա ոչ մի օֆշոր էլ չէր բացահայտվի, ու թեման «տաք» չէր պահվի։ Խեղճ Տիգրանն այդպիսով օլիգարխիկ համակարգի զոհ դարձավ։

Համաձայնե՛ք, որ շատ սրտաճմլիկ պատմություն է ստացվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը