Քաղաքական

12.07.2013 17:33


Լևոն Զուրաբյան. «Բալանսավորված քաղաքականությունն այլընտրանք չունի»

Լևոն Զուրաբյան. «Բալանսավորված քաղաքականությունն այլընտրանք չունի»

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ ամենուրբաթյա բողոքի գործողությունների մասնակիցների առջև ելույթ ունենալիս անդրադառնալով մամուլում աշխուժորեն շրջանառվող՝ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն թեմային՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այժմ Հայաստանում քաղաքական երկու կլան է ձևավորվել՝ արևմտամետ և ռուսամետ: Արևմտամետների խմբավորումը փորձում է մեզ հասկացնել, որ ժամանակն է Ռուսաստանի փեշի տակից դուրս գալ, և բոլոր նրանք, ովքեր չեն քննադատում Ռուսաստանին, ազգի և դեմոկրատիայի դավաճաններ են. նրանք ըստ էության դավաճանում են ժողովրդի պայքարին։ Համարյա նույն բառապաշարով են առաջնորդվում նաև ռուսամետ ուժերը. նրանք էլ ասում են, թե Արևմուտքը փողի տիրապետությունն է, ով փորձում է գնալ Արևմուտք, նա ըստ էության զբաղված է մեր արժեքները Եվրոպական լիբերալ արժեքներին հավասարեցնելով:

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այս խմբավորումներից յուրաքանչյուրը փորձում է հայ հասարակության վրա ազդել իր տեսանյունից ամենատպավորիչ ձևով:

Լևոն Զուրաբյանը նկատել է, որ ոչ հարկավոր է եվրոպական, արևմտյան արժեքները հավասարեցնել գեյերի ազատությանը, քանի որ Եվրոպան ավելի կարևոր արժեքներ էլ ունի, ոչ էլ պետք է զբաղվել Ռուսաստանին որպես հրեշ ներկայացնելով։ Թե´ Արևմուտքը, թե´ Միացյալ Նահանգները, թե´ Եվրոպական Միությունը, թե՛ Ռուսաստանը Հայաստանում շատ հստակ շահեր ունեն, որոնք բխում են իրենց աշխարհաքաղաքական շահերից, և այդ իրավիճակում շատ կարևոր է, որ Հայաստանը գտնի զարգացման և հարաբերությունների այն համակարգը, որը հնարավորություն կտա առավելապես շահավետ դարձնել իրավիճակը մեր ազգային, պետական շահերի տեսանկյունից:

Լևոն Զուրաբյանը հավաքվածներին հիշեցրել է, որ Հայաստանը 90-ական թվականներից որդեգրել էր «բալանսավորման» քաղաքական հայեցակարգը, որի հեղինակն էր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. համաձայն դրա՝ Հայաստանը պետք է հարաբերություններ զարգացնի անխտիր բոլոր ուղություններով: Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ այդ հայեցակարգի էությունն այն է որ մենք համագործակցում ենք, կամ եթե հարկավոր է, պաշտպանվում ենք բոլոր ուղղություններով: Ըստ Լևոն Զուրաբյանի՝ լավ թե վատ, դա իրագործում էր նաև հաջորդ իշխանությունը:

Բանախոսը հայտարարել է, որ եթե հիմա ընտրության առաջ են դրել Հայաստանին, ուրեմն դրա գլխավոր մեղավորը Հայաստանի իշխանություններն են. նման ընտրություն պարտադրում են թույլերին։ Ուժեղին, հզոր պետությանը երբեք ոչ մեկը չի համարձակվի նման ընտրություն պարտադրել, և հիմա նման իրավիճակի մեղավորը Սերժ Սարգսյանի փտած ռեժիմն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը