Մեկնաբանություն

12.07.2013 18:07


«Արևմտամետ» քյառթերի խրախճանքը

«Արևմտամետ» քյառթերի խրախճանքը

Երևի միայն Հայաստանում կարող է լրատվամիջոցն իրեն ներկայացնել որպես արևմտյան արժեքների ու եվրաինտեգրման մոլի ջատագով, բայց միաժամանակ փաստաբանություն անել օֆշորային մեքենայության մեջ ներգրավված ու բյուջետային ատկատներով զբաղվող վարչապետի ու նրա անբաժան ընկերոջ համար։

Միայն Հայաստանում է հնարավոր ռուսական հատուկ ծառայությունների կողմից պարգևատրված և Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգած Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես արևմտամետ գործիչ, իսկ մարտի 1–ի շնորհիվ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանին՝ բարեշրջիչ։

Միայն հայաստանյան մանր ժուլիկների մտքով կարող էր անցնել «ֆուտբոլային» դիվանագիտության քարոզից սահուն անցում կատարել ծովից–ծով Հայաստան պահանջելուն։

Միայն հայաստանյան «դհոլները» կարող են Սերժ Սարգսյանին ծառայելը ներկայացնել որպես ԵՄ–ին ինտեգրվելու գործընթաց։ Դավիթշահնազարյանների «մտքի թռիչքը» սահմաններ չի ճանաչում։

Միայն մեզանում գործող 5–րդ շարասյունը կարող էր թուրք–ադրբեջանական շահերն առաջ մղել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի քարոզչություն տանելու և հակառուսական հիստերիա բարձրացնելու միջոցով, և միայն քյառթու «արևմտամետները» Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց կարող էին մեղադրել ռուսամետության համար։ Իբր իրենք թունդ արևմտամետն են, իսկ մենք էլ, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրն ենք բարձրացնում, հետամնաց ռուսամետներ։ Տո ա՛յ թրիքոտներ, դուք ուր, արևմտյան արժեքներն ուր։ Դուք առավելագույնը կարող եք բույն դնել Բաղրամյան 26–ի նկուղում և որոճալ սերժատիգրանական զույգի գլխավորած օլիգարխիայի կողմից ձեզ նետված պատառը։ Ձեր արևմտամետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է օֆշորային պատմությունը, իսկ եվրաինտեգրացիայի ձեր ձգտումն ընդամենը թուրքական բաղնիք մտնելու հուսահատ փորձ է և պղծված արյան կանչ։

Հարկ է արձանագրել, որ Արևմուտքի ու եվրոպական համամարդկային արժեքների այսպիսի «փչացում» ՀՀ անկախության պատմության ընթացքում չէր եղել։ Եթե Ս. Սարգսյանն է արևմտամետ և եվրոինտեգրացիայի դրոշակակիր հռչակվել, ապա Չեչնիայի էքսցենտրիկ նախագահ Կադիրովին կարելի է Սախարովի անվան մրցանակի արժանացնել։

Եթե Տիգրան Սարգսյանն է ՀՀ–ի դեպի Եվրոպա ձգտելու «իրեղեն ապացույցը» և մեր տնտեսության բարեփոխիչը, ապա Թալեաթ փաշային հանգիստ կարելի է հետմահու հռչակել որպես հայ ժողովրդի մեծ բարեկամ։

Եթե Կճոյանն է քրիստոնեական արժեքների կրողը, ապա ինձ հանգիստ կարող եք մահմեդական համարել։

Իսկ եթե «lragir.am»–ներն են եվրաինտեգրման քարոզիչները, ապա երգիչ Արմենչիկին կամ Սպիտակցի Հայկոյին կարելի է դասական երաժշտության ռահվիրաների ցուցակ մտցնել։

Ահա այսպիսի ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել Սերժ Սարգսյանը, ով գեբելսյան քարոզչագործիքներով փորձում է մեր հասարակությանն ապրեցնել շուռ տված իրականության մեջ։ Սակայն ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Գալու է պատասխան տալու ժամանակը։ Ոչ ոք չի մոռացվելու, և ոչինչ չի մոռացվելու։ Հայաստանի անվտանգության դեմ արված քայլերը վաղեմության ժամկետ չունեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը