Լրահոս

13.07.2013 22:11


Փայլակ Հայրապետյան. «Երբ գնում էի Աշոտենց տուն, Կճոյանը միշտ ընդեղ էր, մի քանի անգամ էլ վարչապետին եմ տեսել»

Փայլակ Հայրապետյան. «Երբ գնում էի Աշոտենց տուն, Կճոյանը միշտ ընդեղ էր, մի քանի անգամ էլ վարչապետին եմ տեսել»

«Երբ գնում էի Աշոտենց տուն, Կճոյանը միշտ ընդեղ էր, գալիս նստում էր, մի քանի անգամ էլ վարչապետին եմ տեսել»:

Ինչպես արդեն հայտնի է ընթերցողին, սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ նույն ինքը, ում ունեզրկման մասին «Հետք» էլէկտրոնային օրաթերթը բացահայտեց, որ մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը, արդեն ճանաչվել է տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում գործարարը հայտարարեց, որ ինքը մի քանի անգամ արդեն հարցաքննվել է, առերեսումներ չեն եղել: Փայլակ Հայրապետյանը ասաց նաև, որ տուժող ճանաչվելու հանգամանքը իրեն չի գոհացնում, այլ անհրաժեշտ է, որ պարզվի ի վերջո իրեն սնանկացնողները ովքեր են:

«Տվյալներ կան, այո, որ վարչապետը, Կճոյանը խառնված են այս գործի մեջ, և այսօր ես դրանում համոզված եմ, որ նրանք էլ են խառնված, եթե վաղը պարզեն, որ նրանք կապ չունեն, արդեն ես կասեմ, որ նրանք գործ չունեն:

Ես ասեմ միայն, որ դատախազը հայտարարեց, որ գնամ Կիպրոս, և կպատասխանի, թող պատասխանի, տեսնենք ինչ է պատասխանում: Ես իմ կարծիքը ունեմ, որ ես իմ ունեցածը չեմ տվել ոչ վարչապետին, ոչ տերտերին, ոչ էլ Աշոտին, ես իմ ունեցածը տվել եմ ՀՀ պետական կազմակերպության, որտեղ պիտի աշխատեին 10 հազար բանվոր, ծրագրով, ժողովով այդպես էր, բայց հետագայում տեսել եմ, որ գումարը տեղ չի հասել, իմ ունեցածն էլ վերցրել են, ես էլ մնացել եմ այս վիճակի մեջ: Ես պետությանն եմ վստահել, ես անհատին ու անհատներին չեմ վստահել, ես ոչ մի Աշոտ Սուքիասյանի էլ չեմ ճանաչել...»:

Գործարար Փայլակ Հայրապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ 2009 թվականի վերջերին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, ներկա է եղել նաև ինքը:

«Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել, ասացին մեզ, որ դրանից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային ձևով՝ ադամանդի հումքով։ Հանդիպմանըքննարկեցին, թե էդ 100 միլիոնի վարկը ինչպես բաժանեն այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի աշխատենք և աշխատատեղեր բացվեն, որ ժողովուրդը չարտագաղթի այս երկրից: Եվ ես ինչ որ արել եմ, իմ ժողովրդի համար եմ արել: Ուզում եմ իմանաք, որ ես հայրենասեր մարդ եմ, դրա համար եմ արել»:

Հայրապետյանը ասաց, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Ես Աշոտ Սուքիասյանին չէի էլ ճանաչում, բայց ինքը իմ կողքին էր նստած խորհրդակցության ժամանակ: Ինքը՝ էդ Աշոտը, մեզ բոլորիս ասաց, որ Ռուսաստանի առաջարկածից 20-30 տոկոս ավելի էժան և ավելի բարձր որակի ապրանք կարող է առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի։ Սրանք էլ ոգևորվեցին, ասին բեր: Աշոտն էլ ծրարով բերեց ապրանքը, հավանեցին, և գործ սկսելու համար պահանջեց 12 միլիոն դոլար, որ սարքավորում ու մեքենան առնեն»:

Դրա համար, ըստ Փայլակ Հայրապետյանի, ինքը համաձայնվել է, որ գրավադրեն իր սեփական ունեցվածքը, որ Սուքիասյանին տրամադրեն անհրաժեշտ գումարը՝ աշխատանքները սկսելու համար, որպեսզի հետո փակեն վարկը, հետ տան իր ունեցվածքը։

Գործարարը պատմեց, որ գործարքի համար գնացել են նախ «Սվիս» բանկ՝ վարկի համար, սակայն բանկն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է տրամադրել այդ 12 միլիոն դոլարը։ Օրեր անց Սուքիասյանը Հայրապետյանին տեղեկացնում է, որ կառավարության միջնորդությամբ «Ամերիաբանկը» խոստացել է տրամադրել 12 միլիոն դոլարի վարկ։

«Աշոտ կոչեցյալը ասաց, որ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանն է խոսել, և որ բանկում 12 մլն-ի վարկը կձևակերպեն, բիզնես ծրագիրն էլ կազմելու էր «Ամերիաբանկը», Աշոտ կոչեցյալը խոսել էր «Ամերիաբանկի» հետ, որ ծրագիր կազմեին, առաջին երեք ամիսը պետք է մեքենաներ առնեին տանեին, ես հարցնում ասում էի՝ Աշոտ, մեքենաները տարե՞լ ես: Ասում էր՝ էսօր-էգուց, 10 ամիսը լրացավ, էդ ժամանակ ես խառնվեցի, ես մինչ այդ ոչ մի բանից էլ տեղեկություն չեմ ունեցել, չեմ իմացել Սիերա Լիոն ինչ բան ա, մենակ իմացել եմ, որ պետական ծրագրով գործ լինի և դրա համար ես իմ ունեցածը ներդրել եմ: Տոմս վերցրեցի մենակ Սիերա Լիոն թռա և տեսա, որ ոչ մի մեքենա սարքավորում, ոչ մի ստանոկ էլ չկար, մենակ մեկը՝ ես էի ուղարկել Վրաստանից»:

Ապա մոտ 1 տարի անց գործարարը իմացել է, որ «Ամերիաբանկը» վերցրել է հանրախանութի մի մասը, հետո վերցրել է երկրորդ մասնաշենքը։ Վերջինս էլ զգուշացրել է Աշոտին, որ ինքը կդիմի դատախազություն, և ապա դիմել է:

Գործարարը պատմեց նաև, որ ինքը Աշոտ Սուքիասյանի տուն շատ է գնացել, այնտեղ մշտապես նա հանդիպել է արքեպիսկոպոս Կճոյանին, մի քանի անգամ՝ նաև ՀՀ վարչապետին:

«Վարչապետին ես հանդիպել եմ մոտ մի 3-4 անգամ Աշոտենց տանը, իսկ Կճոյանը, ինչքան ես գնացել եմ, Աշոտենց տանն է եղել: Ես հենց գնացել եմ Աշոտի հետ խոսալու, Կճոյանը գալիս նստում էր ընդեղ:

Եվ ահա պարզվեց, որ օֆշորում դրանք գոյություն ունեն, երևի Աստված էնքան մեծ էր, իմ երեխաների Աստվածը, որ այդ բանը ի հայտ եկավ, որ դրանք այդ գործի մեջ են:

Ընդեղ դակումենտներ կան, որ այդ գումարները գնացել են օֆշոր: 3 հատ օֆշորի մեջ, որտեղ գրանցված են Աշոտը, վարչապետը և Կճոյանը, 350 հազար է գնացել և Հայաստան է եկել 2 մլն 90 հազար... Եթե ուզում եք ճիշտն իմանաք՝ գլխավոր մեղավորը այդ բանկն է:

Եթե ժամանակին փոխանցում էր, պարտավոր էր իմանալ, չէ՞, ում և ոնց է փոխանցում, գումարը ինչի համար և ուր է գնացել, ինչի էր փոխանցում, սրանք ընդհանուր կապի մեջ են եղել հայկական գործարքի տարբերակով՝ պրեզիդենտի խոսքերով՝ ատկատ են արել, հետո ոնց ուզել, արել են»:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը