Աշխարհ

15.07.2013 14:31


Իսրայելը կարող է Իրանին ավելի շուտ հարվածել, քան դա կորոշի անել ԱՄՆ-ը

Իսրայելը կարող է Իրանին ավելի շուտ հարվածել, քան դա կորոշի անել ԱՄՆ-ը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իսրայելը կարող է ԱՄՆ-ից անկախ հարվածներ հասցնել Իրանին՝ կանխելու համար նրա կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքը:

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նա հայտարարել է, թե այդ պարագայում Իսրայելն ավելի խոցելի կլինի, քան ԱՄՆ-ը, ուստի իր երկիրն ավելի շուտ պետք է պատասխանի հարցին, թե ինչպես կանգնեցնի Իրանին:

Իսրայելի վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ բացի միջուկային զենք ստեղծելու ծրագրերից, Իրանում փորձեր են արվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելու ուղղությամբ ևս, որոնք ի վիճակի կլինեն միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին:

Իսրայելի վարչապետը նաև միջազգային հանրությանըկոչ է արել չթուլացնել ճնշումները Իրանի նկատմամբ՝ չնայած նախագահական ընտրություններում չափավոր բարեփոխումների կողմնակից թեկնածուի հաղթանակին, քանի որ միջուկային բնագավառում Իրանի քաղաքականությունը որոշում է ոչ թե նախագահը, այլ հոգևոր առաջնորդ Ալի Խամանեյը:

Նաթանյահուն նաև նշել է, որ եթե իրանցիները արհամարհեն միջազգային պատժամիջոցները, ապա նրանց ուշադրությունը գրավելու համար պետք է պատրաստ լինել ռազմական գործողություններ ձեռնարկելու։ Ապա ասել է, թե ինքը չի սպասի, մինչև ամեն ինչի համար շատ ուշ լինի:

Իսրայելի վարչապետը նշել է, որ ներկայումս 20 տոկոսով հարստացված ուրանի պահանջված 250 կգ փոխարեն Իրանն ունի 190 կիլոգրամը, մինչդեռ 6-7 ամիս առաջ ընդամենը 110 կգ ուներ. նրանք մոտենում են սահմանագծին, սակայն դեռ չեն հատել: Նաթանյահուն նկատել է, որ ամենադժվարը տրոհելի միջուկային նյութեր պատրաստելն է, դա է միջուկային նյութի սիրտը և խնդրի լուծման 90 տոկոսը:

Նշենք, որ ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ արդեն 2015թ. Իրանը կարող է փորձարկել իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները:

Այս խորագրի վերջին նյութերը