Լրահոս

17.07.2013 13:59


Գուրգեն Եղիազարյան. «Իշխանություններն այնքան խելք չունեն հասկանան, որ վարչապետից պետք է արագ ազատվել»

Գուրգեն Եղիազարյան. «Իշխանություններն այնքան  խելք չունեն հասկանան, որ վարչապետից պետք է արագ ազատվել»

Հարցազրույց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ

-Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԱԱԾ-ն հատուկ խումբ է գործուղել Կիպրոս օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար: Արդյոք այս խմբի գործուղումը ձևական քայլ չէ՞:

-Իհա՛րկե ձևական է. այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

-Ի՞նչ նպատակով։

-Այդ քայլի նպատակն է հասարակական կարծիքը հանդարտացնելն ու մարդկանց խաբելը, ինչպես որ միշտ դա եղել է մեր երկրում՝ սուտը ստի վրա, ընդամենը սա: Երբ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ստորագրում է Կիպրոսի գլխավոր դատախազի ցանկացած բառի տակ և մեր բոլորի ուշադրությունը գամեց Կիպրոսի գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ նա պետք է գնա, գնալուց հետո պարզի որոշ հանգամանքներ, հետո ասի, արդեն պարզ դարձավ, որ այստեղ աշխատել է շատ պարզ ու կոնկրետ մի բան, որը կոչվում է Պրեսկոտի սինդրոմ:

-Ո՞րն է այդ սինդրոմը:

–Պրեսկոտի սինդրոմն այն է, երբ դիմահար կաշառքի ձևով ցանկացած հարց լուծում են:

-Փաստորեն, կարծում եք, որ Կիպրոսի գլխավոր դատախազին կաշառե՞լ են:

–Ես չեմ կարծում, ես համոզված եմ որ կաշառել են: Այս մաֆիոզների հանդարտությունը խոսում է այն մասին, որ «կլիենտը» պատրաստ է, գումարը տեղ է հասել:

-Մամուլում հայտնված տեղեկություններում խոսվում է, որ ԱԱԾ հատուկ խումբը Կիպրոսում ստուգելու է միայն Տիգրան Սարգսյանի առնչությունը օֆշորային սկանդալին, բայց այդ սկանդալի հետ երեք հոգու անուն է շրջանառվում, ի՞նչ եք կարծում ՝ ինչո՞ւ են միայն Տիգրան Սարգսյանի անունը նշում:

–Այս ամենի նպատակը «էս մի հոգավորին» կեղտի միջից հանելն է, բայց մի բան լավ չեն հասկանում, որ սա այն տեսակից է, որ մի կեղտից հանում են, երկար ժամանակ չի դիմանում, ընկնում է մի ուրիշ կեղտի մեջ: Նա այդիսի տարօրինակություններ ունի:Սրանք այնքան խելք չունեն, որ հասկանան, որ Տիգրան Սարգսյանից պետք է արագ ազատվել, որովհետև շուտով ընկնելու է մի ուրիշ, ավելի զազրելի կեղտի մեջ: Կուզեի նշել նաև, որ այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը, և ինչպիսին պետք է չլինի իշխանավորը: Այս պատմությունը վտանգում է ոչ միայն ազգային անվտանգությունը, այլ նաև հոգևոր անվտանգությունը: Սրանք թքում են հոգևորի վրա, որովհետև սրանց օրինակները զազրելի են։ Երբ Հռոմի Պապը հրաժարվեց իր ճոխ մեքենայից, նրան հարց տվեցին, թե ինչու նախ հրաժարվեց իր ճոխ կեցավայրից, իսկ այժմ էլ հրաժարվում է իր մեքենայից, նա պատասխանեց, որ ինքն իրավունք չունի նստել այդ ճոխության մեջ, երբ աշխարհում սոված երեխա կա, իսկ մեր «ժուժկալ» հոգևորականի՝ Կճոյանի երազանքը «Բենթլի» ունենալն է։

-Տարբեր կանխատեսումներ են հնչում այն մասին, որ իշխանության մեջ կան լուրջ տարաձայնություններ, որոնք ավելի ակնհայտ կդառնան աշնանը, համաձա՞յն եք այս կանխատեսումներին, թե՞ ոչ:

–Գիտեք՝ այս իշխանությունները որքան էլ կույր ու խուլ լինեն, միևնույն է, տեսնում են, թե իրենց սարքած երկիրը և ժողովուրդը ինչ վիճակում են գտնվում: Այս թանկացումները, ահագնացող արտագաղթը հենց այնպես չեն անցնելու: Իշխանությունների մեջ կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ «լա՛վ, ընկերներ, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում»:

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր կլինեն այդ մարդիկ։

–Այս պահին չեմ կարող կողմնորոշվել ու անուններ նշել, բայց կլինեն մարդիկ, որոնք իրենց իսկ կաշին փրկելու համար կգնան այդ քայլին:

Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը