Մեկնաբանություն

22.07.2013 19:05


Սերժ Սարգսյանը Պետրոս Գետադարձի և Միխայիլ Գորբաչովի արանքում

Սերժ Սարգսյանը Պետրոս Գետադարձի և Միխայիլ Գորբաչովի արանքում

Վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց անել այն, ինչը երկար տարիներ չէր ստացվում Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ։ Նրան հաջողվեց քանդել ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգը։

Ամեն ինչ սկսվեց «ֆուտբոլային» դիվանագիտությամբ։ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքը եղավ այն, որ Թուրքիան, օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից, սկսեց ակտիվորեն և լեգիտիմ կարգով միջամտել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ բնականաբար հօգուտ Ադրբեջանի։ Բացի այդ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հայ–թուրքական արձանագրությունների շնորհիվ դարձավ միջպետական վեճի առարկա։ Պատահական չէ, որ ճանաչման գործընթացը կանգ է առել, իսկ վերջին ընտրությունների ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուներն առաջին անգամ չանդրադարձան այդ թեմային, ինչը խոսուն փաստ է։

Սերժ Սարգսյանին հաջողվեց նաև փչացնել հայ–ռուսական հարաբերություններն ու հարված հասցնել ՀՀ–ի և ԼՂՀ–ի անվտանգությանը։ Թուրքերն ու ադրբեջանցիները երկար տարիներ աշխատում էին այդ ուղղությամբ, սակայն արդյունքի չէին հասնում։ Հիմա հասել են, այն էլ՝ Սարգսյանի «նախաձեռնողականության» միջոցով։

Հարցն այն չէ, որ ռուսներն են մեր անվտանգության գլխավոր երաշխավորը։ Նախևառաջ մեր բանակն է մեր անվտանգության երաշխավորը, սակայն մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որ ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ խիստ անհրաժեշտություն է։ Վրաստանն ու Ադրբեջանը «քյալլագյոզություն» արեցին ու տուժեցին, սակայն կարողացան հետևություններ անել ու հիմա ձգտում են լեզու գտնել ռուսների հետ, իսկ ահա Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ եղած կապերն է քանդում ու կատարում հակառակորդի տարածքում ներդրված տրոյական ձիու ֆունկցիա։ Իսկ դա նշանակում է, որ հայ–ռուսական ռազմական դաշինքը քանդելը պետական դավաճանությանը հավասարարժեք քայլ է, քանզի Հայաստանն այդ դեպքում հայտնվում է թուրք–ադրբեջանական աքցանի մեջ։ Ընդ որում՝ առանց դաշնակիցների կամ անվտանգության հարցում գործընկերների։

Պատրանքների գիրկն ընկնել պետք չէ. ԵՄ–ն չունի անվտանգության տրամադրման համակարգ, իսկ ՆԱՏՕ–ի տարածաշրջանային օպերատորը Թուրքիան է։ Եթե Արևմուտքը օգնության չհասավ ոտքով–գլխով իրենց նվիրված Սահակաշվիլուն, ապա հայ–ադրբեջանական սպասվող պատերազմի ժամանակ հաստատ իր նավերը չի բարձրացնի հայկական լեռներ, մանավանդ որ ՆԱՏՕ–ի անդամ երկրների շահերն օբյեկտիվորեն պահանջում են Ղարաբաղում ստատուս–քվոյի փոփոխություն՝ կանխատեսելի հանգուցալուծման տարբերակով։

Որքան էլ հիմա մեր «տնաբույծ» «քյառթ–արևմտամետները» վարդագույն բաներ նկարագրեն ու հակառուսական հիստերիա բարձրացնեն՝ նրանք, ըստ էության, Ղարաբաղը հանձնելու կոչերով են հանդես գալիս. իրերը պետք է կոչել իրենց անվանումներով։

Ռուսներն, իրենց իսկ շահերից ելնելով, շահագրգռված էին Ղարաբաղի շուրջ ստատուս–քվոյի պահպանմամբ։ Ստատուս–քվոն ձեռնտու է նաև մեզ, քանզի դրա այլընտրանքն Ադրբեջանին կապիտուլացվելն է։ Ասել է թե՝ մեր ու ՌԴ–ի շահերն անվտանգության հարցում համընկնում էին։ Իսկ այժմ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» բերել են այն բանին, որ ռուսները, տեսնելով ՀՀ նախագահի՝ ստատուս–քվոյի փոփոխությանը միտված քայլերը, իրենք են շտապում փայ մտնել ստատուս–քվոյի փոփոխության գործում և հնարավորինս շատ բան պոկել Ադրբեջանից ու Հայաստանը թանկ վաճառել մեր թշնամիների վրա։ Զենքի վաճառքն ու Հայաստանի թշնամու հետ բիզնես տրամաբանությամբ առաջնորդվելն այդ ծրագրի շրջանակներում է։

Դժվար է ասել, թե ի՞նչն է ստիպում Սերժ Սարգսյանին Հայաստանի անվտանգության ապահովման հարցում գնալ արկածախնդրության։

Կա տեսակետ, որ նա մեր օրերի Պետրոս Գետադարձն է։ Վերջինս, ինչպես հայտնի է, Բյուզանդիայի կայսր Վասիլ 2-ի հետ կնքեց մի համաձայնագիր-կտակ, որով Հովհաննես-Սմբատի մահից հետո, նրա տիրույթները՝ Անի մայրաքաղաքով հանդերձ, անցնելու էին Բյուզանդիային; Փաստացի, կաթողիկոսը մեր պետականությունը ուղղակիորեն վաճառեց Բյուզանդիային։

Կա նաև տեսակետ, որ Սերժ Սարգսյանն իր վարքագծով հիշեցնում է ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, ով քաղաքականապես անմեղսունակ էր և արևմտամետ ու առաջադեմ երևալու կոմպլեքսներից ելնելով՝ հանձնում էր ամեն ինչ, և ի վերջո փլուզեց կայսրությունը։

Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք Սերժ Սարգսյանի դեպքում, էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանը դնելով «կամ–կամ» ընտրության առաջ, ինչպես նաև տնտեսապես թուլացնելով երկիրը՝ Սարգսյանն ի վերջո հարվածի տակ է դնելու ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանը, եթե արդեն իսկ չի դրել։ Հետևաբար՝ ՀՀԿ ղեկավարի հեռացումը պետական կառավարման ղեկից վերածվում է մեր բոլորիս անվտանգության ապահովման խնդիրը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանին մեկ այլ բան էլ է հաջողվել անել՝ ստեղծել ՀՀ քաղաքացու դեմ աշխատող «անկախ» մամուլ, որի կարկառուն ներկայացուցիչներից հանդիսացող «lragir.am» կայքը բացահայտորեն զբաղված է թուրք–ադրբեջանական շահերի քարոզով և եվրոինտեգրացիայի քողի տակ նախապատրաստում է Ղարաբաղի հանձնման գործընթացը։

«lragir.am»–ի գործունեությունը ֆունկցիոնալ ու բովանդակային առումով գրեթե չի տարբերվում, ասենք, ադրբեջանական «day.az»–ից և «1newz.az»–ից կամ թուրքական «Սաբահ»–ից։ Միակ տարբերությունն այն է, որ վերջիններիս հակահայկական քարոզը տրամաբանական է և սպասելի։ Իսկ ի՞նչ անուն դնես Երևանի կենտրոնում նստած ու տեղեկատվական դիվերսիայով զբաղվող տնաբույծ «day.az»–ներին։ Թշնամու օգտին լրտեսությունը, փաստորեն, «ափաշքարա» է արվում։ Եվ այդ ամենը՝ Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո։ Սրանց ցինիզմն ու լկտիությունը հասել է այնտեղ, որ «Ղարաբաղը հանձնենք՝ մտենք Եվրոպա» կոդը քարոզվում է «Մեծ Հայաստանի» մասին հեքիաթների միջոցով։

Այս ամենը հաշվի առնելով՝ մի քիչ դժվար է լինում «Սերժ Սարգսյանը մեր օրերի Պետրոս Գետադարձն է» տեսակետ հայտնողներին համոզել, որ ի դեմս Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» մենք գործ ունենք գորբաչովիզմի ժամանակակից դրսևորումների հետ։ Դժվար է նաև այդ մարդկանց համոզել, որ Սերժ Սարգսյանի քայլերը գիտակցված չեն և ընդամենը դիլետանտիզմի հետևանք են։

Այս խորագրի վերջին նյութերը