Հարցազրույց

24.07.2013 20:43


Ոսկերչյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխությանը այլընտրանք չի մնում»

Ոսկերչյան. «Բուրժուադեմոկրատական հեղափոխությանը այլընտրանք  չի մնում»

Հարցազրույց «Յոթի» գործով նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի հետ

-Պարոն Ոսկերչյան, սկսենք վերջին շրջանում արդիական դարձած արտաքին քաղաքական հարցերից։ Հայաստանին իշխանությունը կանգնեցրել է «կամ–կամ»–ի ու «և–և»–ի արանքում։

Իհարկե, ես առաջինը չեմ, ոչ էլ վերջինը, ով կհայտարարի, որ իրավիճակը բավական նուրբ է և բարդ: ՀԱԿ-ը բազմիցս զգուշացրել է, որ ներքին լեգիտիմության բացակայությունն արտաքին ուժային կենտրոններին սիրաշահելով ու խոստումներ շռայլելով լրացնելու պրակտիկան ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Ցավալի փաստ է, որ հանուն իշխանության պահպանման՝ այսօր իշխանությունները պարտադրված են անհավասարակշիռ որոշումներ ընդունել, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ պետության համար:

Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է նախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման

համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ՝ լինելով արևմտյան քաղաքակրթական արժեքների կրող՝ կողմ եմ ԵՄ-ի հետ մերձեցմանը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ ես պատրաստ եմ փակ աչքերով ընդունել և կողմ արտահայտվել մի փաստաթղթի, որի բովանդակությունը գաղտնի է պահվում, մանավանդ որ բանակցողը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններն են: Ինձ համար անընդունելի է, ամենայն հավանականությամբ՝ Բաղրամյան 26-ից մատուցված, լրատվամիջոցներում վերջերս ծավալվող, հիմնականում անառարկայական «ռուսամետ-արևմտամետ» բանավեճը՝ սիրում եմ-չեմ սիրում մակարդակով: Կարծում եմ՝ եթե գործող նախագահը հանրության կողմից ընտրված, լեգիտիմ նախագահ զգար իրեն, ապա պարտավորված կլիներ ուղերձով հանդես գալ և կողմնորոշել ժողովրդին, որից հետո հնարավոր էր հանրօգուտ քաղաքական բանավեճ:

–Այսօր Հայաստանի ներքին կյանքը ևս հանգիստ չէ, ըստ Ձեզ՝ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, ադեկվա՞տ են գնահատում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Արդյոք այս անգամ է՞լ վարչախումբը կկարողանա վերահսկելի դարձնել ժողովրդի արդարացի բողոքը՝ կապված վերջին թանկացումների հետ:

– Եթե գնահատենք այսօրվա իշխող վերնախավի տեսանկյունից, ապա իրենց համար ներքաղաքական առումով ստեղծվել է համարյա իդեալական իրավիճակ, երբ բոլոր մակարդակի ընտրություններում «հաղթել» են, արժանացել միջազգային հանրության գովասանքին և հանգիստ կարող են շարունակել իրենց առօրյա թալանը, նույնիսկ ավելի լկտի ձևերով: Ինչ վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի թանկացմանը, ապա այդ բոլորն իրենց համար նույնիսկ ուրախանալու առիթ է՝ եթե գազը Ռուսաստանի պատճառով x անգամ թանկացավ, ապա իրենք տրանսպորտը և այլ ծառայություններ կթանկացնեն կրկնակի ու լրացուցիչ գերշահույթ կստանան, իսկ հետո, առանց որևէ ջանք թափելու, կզեկուցեն ներքին համախառն արդյունքի կտրուկ աճի մասին: Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող քաղաքացիական ընդվզումներին, ապա պետք է ամեն կերպ աջակցել նմանատիպ քաղաքացիական շարժումներին, սակայն ցավոք՝ նման ընդվզումները ոչնչով չեն սպառնում իշխանական համակարգի կայունությանը: Դա շատ լավ գիտակցելով՝ թանկացման գործընթացին «դաբրո» տալուց հետո Սերժ Սարգսյանը գնաց վաստակած հանգստի, իսկ եթե մինչ վերադառնալը ընդվզումները չմարեն, ապա հարցը կլուծեն, ինչպես տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արտահայտվեց՝ «կթանկացնեն ի օգուտ ժողովրդի», իսկ «չեզոք» լրատվամիջոցները կօգնեն ժողովրդի զայրույթը շեղելու գործում: Այնուհանդերձ, սոցիալական ընդվզումներն ամենատարբեր ոլորտներում և ամենատարբեր շարժառիթներով, անկախ այն հանգամանքից, թե որքանով է իշխանություններին հաջողվում կառավարելի, հետևաբար և՝ հնարավորինս անվնաս դարձնել դրանք, քաղաքականապես հասունացնում են մարդկանց՝ դրանով իսկ ընդլայնելով ապագա հեղափոխության սոցիալական բազան:

Ուշադրություն դարձրեք, այս թանկացումներից կօգտվեն իշխանությունների հովանավորությունը վայելող պարազիտային «գործարարները» և նրանց հետ փայ մտած իշխանության վերնախավը, իսկ տուժելու է ոչ միայն աշխատավոր պարզ ժողովուրդը, այլև աշխատավոր գործարարների խավը՝ անկախ ունեցած կապիտալի չափից:

Ընդդիմությունը և որոշակի փորձագիտական շրջանակներ առաջ են քաշել մի տեսակետ, ըստ որի՝ Հայաստանին անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Այս գիտական ձևակերպումն ունեցավ տարաբնույթ մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այնպիսի անհեթեթություն, թե քանի որ Կոնգրեսը կողմ է բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, ուրեմն դեմ է սոցիալական բունտին: Ո՞րն է նշված ձևակերպման Ձեր մեկնաբանությունը:

Այս հարցին ցանկանում եմ ավելի հանգամանալից անդրադառնալ:

Նախ, իմ կարծիքով սոցիալական մեծ բունտը Հայաստանում քիչ հավանական է, իսկ ինչ վերաբերում է բուրժուադեմոկրատական հեղափոխության և սոցիալական բունտի հակադրությանը, իմ կարծիքով՝ դրանք տարբեր կատեգորիաներ են, հետևաբար՝ չեն կարող համեմատվել կամ միմյանց հակասել: Դա ընդամենը իշխանական թաքնված պրոպագանդա է, որի նպատակն է սոցիալական ընդվզումներին մասնակցող պարզ, չքաղաքականացված քաղաքացիներին հակադրել համակարգային փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերին: Այստեղ հաշվարկը պարզ է ու մանիպուլյատիվ և հենված է դեռևս սովետական պատմագիտությունից եկող (այն էլ՝ դպրոցական մակարդակով) և հասարակության շոշափելի մասի մոտ պահպանված «բուրժուա» տերմինի բացասական ընկալման վրա:

Չպետք է մոռանալ նաև, որ համաշխարհային պատմագիտության մեջ ֆրանսիական անգլիական և այլ նմանատիպ հեղափոխությունները բնորոշվել են «սահմանադրական հեղափոխություն» կամ «դեմոկրատական հեղափոխություն»՝ ի տարբերություն սովետական «բուրժուադեմոկրատականի»: Վերջին հաշվով՝ գլխավորը մեր հասարակության զարգացմանը էապես խոչընդոտող, ազգային անվտանգությանը սպառնացող ու թալանի վրա հենված, իր էությամբ պարազիտային համակարգի կազմաքանդումն է և սահմանադրական կարգերի հաստատումը (թեպետ, ֆորմալ առումով՝ մենք սահմանադրություն ունենք): Այնպես որ՝ եթե ինչ-որ մարդկանց մոտ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը հակասական զգացողություններ է առաջացնում, ապա կարող են օգտագործել դրա վերոհիշյալ հոմանիշները: Իսկ եթե նկատի ունենանք, որ չնայած ժամանակակից ատրիբուտիկային՝ մեր հասարակությունը, խորքային իմաստով, կիսաֆեոդալական է, իսկ գործող իշխանությունը, ինչպես դիպուկ նկարագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ թաթար-մոնղոլական տիպի է, նաև այն հանգամանքը, որ վերջին տարիների փորձը լրացուցիչ անգամ ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը և իր անմիջական շրջապատը ոչ միայն հնարավորություն չունեն, այլ նաև ցանկություն չունեն իրավիճակը բարեշրջելու, ապա բուրժուադեմոկրատական հեղափոխությանը այլընտրանք չի մնում:

Իսկ ո՞րն է բուրժուադեմոկրատական հեղափոխության հենարանը:

– Դեմոկրատական հեղափոխության հենարանը շատ լայն է, և ՀԱԿ-ը, հռչակելով ու հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բոլորովին նկատի չունի միայն սեփական ուժերով այն իրականացնելը: Հայաստանում իշխող նեղ խումբը չի ներկայացնում ոչ միայն հասարակության, այլև նույնիսկ հասարակական որևէ խավի շահերը: Այն ներկայացնում է միմիայն սեփական նեղ խմբակային և իր իսկ կողմից բուծված պարազիտային խավի շահերը, որոնց գոյությունն ինքնին պայմանավորված է այս տիպի իշխանության գոյությամբ: Այս պարազիտային խավի մեջ են այն «գործարարները», որոնք ունակ չեն առանց իշխանության հովանավորչության բիզնես ստեղծել և զարգացնել, այն «մտավորականները», որոնք իրենց ապրուստը հոգում են իշխանության գովերգմամբ (եթե դա թույլատրված է իրեն), և այն պետական պաշտոնյան, ով կառավարչական ունակություններից զուրկ լինելով՝ իր դիրքը պահպանում է կոռուպցիոն սխեմաներում դերակատարումով: Մնացած՝ հասարակության ճնշող մեծամասնությունը կազմում են աշխատավոր խավերը, որոնք և հանդիսանում են բուրժուադեմոկրատական հեղափոխության պոտենցիալ հենարանը: Մի ճշտում. աշխատավոր ասելով՝ ես նկատի չունեմ, բառի նեղ իմաստով՝ միայն բանվորին ու հողի մշակին, աշխատավոր է նաև մտավորականը, որն իր մտավոր կամ ստեղծագործական կարողությունները կիրառելով ՝ ունակ է ապահովել իր բարեկեցությունը, աշխատավոր է նաև այն բուրժուան (այսօր մենք նրանց անվանում ենք գործարար կամ բիզնեսմեն), ով ունակ է և պատրաստ, առանց իշխանական հովանավորության, սեփական բիզնեսը զարգացնելու՝ անկախ կապիտալի չափից: Ահա այս՝ աշխատավորական խավերի շահերից է բխում բուրժուադեմոկրատական կամ սահմանադրական հեղափոխությունը, սակայն հեղափոխությունը ոչ միայն անհրաժեշտ է երկրում տնտեսական հակասությունները լուծելու և սոցիալականը մեղմելու, այլ նաև ազգային անվտանգության ու պետական ինքնիշխանության պահպանման տեսանկյունից:

Արդյոք հնարավոր կլինի՞ ընդդիմադիր ընդհանուր ճակատ բացել` մեկ գաղափարի շուրջ միավորել տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերին:

– Կարծում եմ՝ ՀԱԿ-ն այս հարցում համախոհ ընդդիմադիր կուսակցությունների և այլ ուժերի հետ պետք է հստակեցնի դեմոկրատական հեղափոխության ոչ մեծաքանակ կարգախոսները, դրանք հանրահայտ են, պարզ ու հասկանալի (սեփականության անձեռնմխելիություն, օրենքի գերակայություն, օրենքի առջև բոլորի հավասարություն, ժողովրդավարական ազատություններ, արդարադատություն և այլն):Առաջին հայացքից՝ սրանք հանրահայտ են և այնքան չարչրկված, սակայն հենց այս սկզբունքների չգոյությունը մեր կյանքում հանդիսանում է մեր հանրության հիմնախնդիրների մեծ մասի պատճառը, և հենց այդ սկզբունքների կիրառելիությամբ է տարբերակվում հասարակության ֆեոդալական կամ դեմոկրատական կացութաձևը:

Անհրաժեշտ է միասնական ուժերով վերսկսել ու լայնորեն ծավալել այդ լոզունգների շուրջ աշխատավոր խավերի համախմբման գործընթացը:

Կիսաֆեոդալական Հայաստանում, որտեղ չի գործում օրենքը, և հնարավոր չէ ունենալ կայուն-լեգիտիմ իշխանություններ, անիմաստ է միջկուսակցական, գաղափարախոսական մրցակցությունը: Հանրությանը ծառայելու տեսակետից միջկուսակցական, գաղափարախոսական մրցակցությունը իմաստ ունի միայն լեգիտիմ իշխանություններ ձևավորելու հնարավորության դեպքում:

Կարծում եմ՝ հանրային գիտակցությունում, մի կողմից՝ աշխատավորական խավերի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյան պլյուս պարազիտային խավի շահերի խոր հակասության առկայության արձանագրումը, ինչպես նաև հռչակվելիք լոզունգների շուրջը աշխատավորական խավերի, համախմբումը, շահերի ընդհանրության գիտակցումը՝ ի հայտ կբերեն մի նոր՝ գլխավոր բաժանարար գիծ: Հաշվի առնելով այդ բաժանարար գծի այն կողմում գտնվող մասի չնչին փոքրամասնություն լինելը և ազգային հարստության՝ անհամաչափ, անհամեմատ մեծ բաժնի անաշխատ-պարազիտային կուտակման փաստը՝ քաղաքական ուժերի միասնական պրոպագանդիստական աշխատանքի շնորհիվ նոր բաժանարար գիծը կստեղծի հեղափոխական իրավիճակ: Մնացածը ճիշտ կազմակերպչական աշխատանքի խնդիր է:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը