Մեկնաբանություն

25.07.2013 16:20


Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի «ինքնաբուխ» գնահատականը

Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի «ինքնաբուխ» գնահատականը

«Սա ինքնաբուխ շարժում է, ունի սոցիալական բնույթ, համերաշխության, սոցիալական արդարության կոչ պարունակող շարժում է»,- կառավարության նիստում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակվող բողոքի ակցիաներին՝ այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բավական հուզիչ է այնպես չէ՞: Հետաքրքիր է, չե՞ն պատրաստվում արդյոք վարչապետն ու Կճոյանը իրեն ծառայողական մեքենայով կամ «Բենթլիով» անվճար մարդ տեղափոխել կամ էլ օֆշորային գործարքների արդյունքում հետ գցած փողերով փոխհատուցել սակագնի տարբերությունը:

Իրոք, բողոքի ակցիաներին վարչապետի այս գնահատականը պետք է դիտարկել որպես իսկական նոու-հաու:

Սա առաջին դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը այս կերպ է արտահայտվում ծայր առած եւ թափ հավաքող շարժմանը:

Թափ հավաքող շարժումը «ինքնաբուխ» է գնահատում և սոցիալական արդարության տեսանկյունից գնահատում մի մարդ, ով մի երկու տարի առաջ հրապարակավ հայտարարում էր, թե՝ բա ինչ անենք, չթողնե՞նք, որ մարդիկ երկրից հեռանան, որ մնան այստեղ ու հեղափոխությո՞ւն անեն:

Հիմա պարզվում է, Տիգրան Սարգսյանը հայեցողի դիրքից է նայում ու գնահատում հուլիսի 20-ից սկսված ու շարունակվող «տրանսպորտային անհնազանդությանը» (ի դեպ, նաև քաղաքացիական անհնազանդությունն է հանգեցնում հեղափոխության):

Սակայն, ինչպես նկատում եք, Տիգրան Սարգսյանը այս ամենին հանգիստ է վերաբերվում: Չլինի՞ իսկապես նրա մոտ «մտածողության հեղափոխություն» է առաջացել:

Այլապես, ինչպես բացատրել մայրաքաղաքի կենտրոնը ամեն օր իրենց ակցիաներով «կաթվածահար» արած ակտիվիստերի գործողություններին տված նրա գնահատականը:

Ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց են հավաքվում սոցիալական արդարություն պահանջող մարդկանց տարբեր խմբեր՝ սկսած իրացման գոտու բնակիչներից ու 13 ամիս աշխատավարձ չստացած «Նաիրիտի» եւ այլ ընկերությունների աշխատակիցներից, վերջացրած՝ բանակում զոհված զինվորների ծնողներով ու հարազատներով:

Էլ չենք խոսում մայրուղիները փակող կարկուտից տուժած գյուղացիների եւ սոցալական այլ խնդիրների վրա ուշադրություն հրավիրող մարզային բնակչության բողոքի ակցիաների մասին:

Սակայն մինչ օրս վարչապետն իր «Հայկական աշխարհի պատուհանից» անգամ չի նայել, ուր մնաց այդ ակցիաները գնահատեր որպես «ինքնաբուխ սոցիալական բնույթ ունեցող եւ համերաշխության ու սոցիալական արդարության կոչ պարունակող»:

Հակառակը, կառավարության շենքի դիմաց հավաքված մարդկանց նույն կառավարության ներկայացուցիչը ասում էր՝ «Պաշոլ վո՛ն»:

Այժմ, սակայն, Տիգրան Սարգսյանը սկսված «տրանսպորտային անհնազանդությունը» եւ «Free car» ակցիաները գնահատում է իբրեւ «ինքնաբուխ և արդարության կոչ պարունակող շարժում»:

Այն դեպքում, երբ նրա կուսակցության փոխնախագահը նախօրեին համուզմունք հայտնեց, որ այս շարժումով «Հայաստանի գլխին սարքվում է»:

Իրոք, չափազանց ուշագրավ է տեղի ունեցողի նկատմամբ Տիգրան Սարգսյանի մոտեցումն ու գնահատականը: Նա, ակնհայտորեն, փորձում է տարանջատվել թանկացման որոշումից ու հանդես գալ սպիտակ ձեռնոցներով։ Կամ էլ ուզում է օֆշորային սկանդալից մաքրվել՝ «ինքնաբուխ» ելույթներ ունենալով։

Վարչապետի պահվածքի բացատրությունը նաև նրա մեկ այլ ձևակերպման մեջ կարելի է գտնել։ Նա ինքն իրեն ու կառավարության անդամներին շտապել է հանգստացնել, որ բողոքի ակցիաների հետևում կուսակցություններ չկան ու սա ապաքաղաքական գործընթաց է։ Այդպիսով Տ. Սարգսյանը բացահայտել է իշխանության ներքին ցանկությունը՝ հանկարծ այս ամենը չքաղաքականացվի։ Մնացած դեպքերում նրանք պատրաստ են ինքնաբուխ ելույթների ու անգամ գործողությունների։ Միայն թե մնան իրենց պաշտոններին։

Հ.Գ.։ Ի դեպ, սոցիալական արդարության համար է պայքարում նաեւ գործարար Փայլակ Հայրապետյանը, որին բառացիորեն կողոպտել է «օֆշորային եռյակը»: Այս թեմայով վարչապետը կարծես «ինքնաբուխ» սոլիդարություն չի հայտնել տուժող կողմին։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը