Քաղաքական

26.07.2013 17:05


Արամ Մանուկյան. «Իշխանական տարբեր թևեր իրար դեմ պայքար են տանում, և սա իշխանական բուրգի կործանման նախանշանն է»

Արամ Մանուկյան. «Իշխանական տարբեր թևեր իրար դեմ պայքար են տանում, և սա իշխանական բուրգի կործանման նախանշանն է»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ Կոնգրեսի ամենուրբաթյա բողոքի գործողությունների ժամանակ իր ելույթում անդրադարձել է ներիշխանական խմորումներին և տարաձայնություններին։ Ըստ նրա՝ իշխանություները ներսում շատ խնդիրներ ունեն, և իշխանական տարբեր թևեր «տակից», բաց, փակ, մամուլով իրար դեմ պայքար են տանում, ինչը բուրգի կործանման և հոտածության կարևորագույն նախանշանն է: Բուրգը այլևս չի կարողանում ինքն իրեն պահել. այն մոնոլիտը, որը թելադրվում էր Սերժ Սարգսյանի կողմից, կամաց–կամաց գնում է դեպի անիշխանության։ Իշխանության ներսում առաջացել են թիմեր, անհատներ, օլիգարխներ, քաղաքական գործիչներ, որոնք թիմ են ձևավորում իրար դեմ պայքարելու համար, և երեկվա ակցիայի ավարտը նաև կարող է կապված լինել նրա հետ, որ իշխանության մեջ կան տարբեր թիմեր, որոնք ուզում են իրար ինչ–որ բան ապացուցել, «քցել», վախեցնել, ինչ–որ «մեսիջներ» ուղարկել, ինչ–որ ձախողումների տանել:

–Այսօր ռեալ խմբեր կան կառավարության և խորհրդարանի մեջ, որոնք իրար դեմ պայքար են տանում, և սա Սերժի իշխանության թուլացման կարևորագույն միջոցներից մեկն է,–նշել է Արամ Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահն այդ ներքին գզվռտոցով է պայմանավորել նաև Տիգրան Սարգսյանի օֆշորային գործարքների մասին տեղեկատվության բացահայտումը՝ մասնավորապես նշելով.

–Այն ինֆորմացիան, որը Տիգրան Սարգսյանի մասին տպվեց, իշխանական ճամբարից է եկել. իշխանության տարբեր ճյուղեր տարբեր նյութեր են բացահայտում դատախազություններով, դատարաններով, ՀԿ-ներով, դրսի տարբեր քաղաքական ուժերով, որոնք վարկաբեկում են հենց իրենց։ Թիմի թուլությունից թիմն սկսել է ինքն իր դեմ պայքարել, ինքն իր դեմ աշխատել:

Եզրափակելով ելույթը՝ Արամ Մանուկյանն ասել է. «Երբեմն ասում ենք՝ ե՞րբ են իրար ուտելու, բայց դա մեզ ձեռք չի տալիս, մեզ ձեռք չի տալիս ո՛չ քաղաքացիական պայքարը, ո՛չ գզվռտոցը, ո՛չ կրակոցը, ո՛չ արտագաղթը. մենք ընդամենը ուզում ենք խելոք ընտրված իշխանություն, որ մենք էլ մեր գործով զբաղվենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը