Մեկնաբանություն

26.07.2013 18:43


Չպետք է կորցնել ճիշտ թիրախին խփելու պահը

Չպետք է կորցնել ճիշտ թիրախին խփելու պահը

Խեղճ լինենք մենք: Ինչքա՜ն ենք կուչ եկած ապրել, որ «100 դրամանոց» հաղթանակը տոնում ենք որպես «10 000 դրամանոց» հաղթանակ....

Իսկ իշխանությունն էլ այնպես է փքվել, թե՝ տեսեք, ժողովուրդ մենք ձեր կողքին ենք, որ մարդու սիրտ է խառնում:
Հարգելիներս, էյֆորիայի մեջ պետք չէ ընկնել, երբ իշխանությունը կամայականորեն բարձրացնում է ուղեվարձը, իսկ հետո ողորմածաբար զիջում 50 դրամը:
Իշխանությունը տարիներ շարունակ մեզ քերթելով կլլել ու յուրացրել է միլիոններ ու միլիարդներ:
Եվ հիմա 50 դրամի ժամանակավոր զիջումը, անձամբ ես դժվարանում եմ հաղթանակ համարել: Ընդգծում եմ՝ ժամանակավոր զիջումը:
Այո՛, ինձ հրճվանք է պատճառում իրողությունը, որ ունենք այսպիսի ջահելություն: Շատ լավ է, որ համախմբված ձևով պայքար մղվեց, բայց եթե այս ջահելությունը շարունակելու է ապրել այս իշխանության տիրապետության ներքո, մեծ հաշվով, հաղթողն էլի նույն իշխանությունն է լինելու:

Բայց հուսանք, որ այդպես չի լինի, քանի որ քաղաքացիական նախաձեռնությունները եւ մի քանի կուսակցության երիտթեւի ներկայացուցիչները շարունակում են պայքարը:

Նրանք, ովքեր հավատում են, թե Տարոն Մարգարյանի ուղերձն իր հեղինակածն է, ուրեմն՝ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգի «պերճանքն ու թշվառությունը» լավ չեն պատկերացնում:

Նրանք, ովքեր հավատում են, թե Տարոն Մարգարյանն ինքն է ընդունել ուղեվարձի բարձրացման որոշումը եւ ինքն է կասեցրել նույն այդ որոշումը, ուրեմն՝ քիչ բան են հասկանում Սերժ Սարգսյանի վարած ներքին քաղաքականությունից:

Նրանք, ովքեր ի գիտություն են ընդունում այդ ուղերձի՝ տրանսպորտային բարեփոխումների անհրաժեշտության մասին հատվածը, եւ իրենք իրենց հարց չեն տալիս, թե ինչպես, որտեղ անհետացան վերջին 5 տարիներին միջազգային հիմնադրամներից ու տարբեր երկրներից վերցրած վարկերը, ուրեմն՝ մինչ օրս ծանոթ չեն վարկերն ըստ անհրաժեշտության չօգտագործելու վերին իշխանության գիշատչական գործելակերպին:

Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի եւ նրա ձախողված թիմի հրաժարականը պահանջելու փոխարեն պահանջում են միայն Տարոն Մարգարյանի եւ քաղաքապետարանի չինովնիկների հրաժարականը, ուրեմն՝ նրանք գլխավոր խնդիրը թողած, զբաղված են նույն իշխանության երկարակեցությունը ապահովելու հարցի լուծմամբ:

Բնականաբար, չպետք է կասկածել այս մարդկանց անկեղծությանը: Սակայն, երբ հիմնական թիրախը թողած, պայքարում ենք Սերժ Սարգսյանի խամաճիկների դեմ, ապա վերջինիս ստեղծած համակարգն, ըստ էության, մնում է նույնը՝ այն ստեղծողի հետ միասին:

Անշուշտ, հիանալի տարբերակն այն կլինի, եթե սկսված եւ թափ հավաքող շարժումն հզորանա եւ իր առջեւ դնի ԽՄԿԿ-ի վերածված ՀՀԿ-ից եւ նրա առաջնորդից երկիրը փրկելու կենսական խնդիրը:

Այդ ժամանակ իսկապես կարող ենք հույս տածել, որ մեր երկիրը փոխվում է:

Թեպետ, դրա նախանշաններն արդեն իսկ երեւում են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը