Տնտեսական

03.08.2013 10:23


Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ. «Պետական պարտքի առումով մտահոգություններ չունենք»

Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ. «Պետական պարտքի առումով մտահոգություններ չունենք»

2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6% ով և 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում ձևավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 3.4 մլրդ դրամով:
2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4% ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9 տոկոսով: Այս ուղղությամբ պետական բյուջեն համալրվել է 479.6 մլրդ դրամով, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Չնայած ծախսերի արձանագրված շուրջ 91 տոկոս կատարողականին՝ պետական մարմինների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ֆինանսավորվել են ամբողջությամբ և ժամանակին:
Ծախսային ծրագրից շեղումները, որոնք գործնականում արձանագրվել են գրեթե բոլոր ծախսատեսակների գծով, Ա. Ջանջուղազյանի հավաստմամբ, ունեն իրենց բացատրությունները, օրինակ՝ աշխատավարձերի դեպքում շեղումը բացատրվում է այն հանգամանքով, որ փաստացի աշխատողների թվաքանակը ավելի պակաս է եղել հաստիքացուցակով նախատեսվածից, պետական գնումների ոլորտում դրանք կարող են պայմանավորված լինել տնտեսումներով, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխությամբ և այլն:
Անդրադառնալով պետական պարտքի սպասարկման հարցին՝ գլխավոր գանձնապետն ընդգծեց, որ պարտքը սպասարկվում է ժամանակին և ամբողջ ծավալով, և որևէ մտահոգություն այս տեսանկյունից մենք չունենք. Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով շարունակում է դասվել աշխարհի նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին: Ընդ որում, կարող ենք նշել, որ այստեղ նույնպես, կիսամյակի տվյալներով, առկա են խնայողություններ, քանի որ փաստացի արձանագրվել է պետական պարտքի տոկոսադրույքների սպասարկման 95.6 տոկոս կատարողական՝ հիմնականում պայմանավորված միջազգային շուկայում Libor-ի տոկոսադրույքով և պետական պարտատոմսերի հետգնման ծավալներով:

Այս խորագրի վերջին նյութերը