Մեկնաբանություն

09.09.2013 19:26


Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխանը ներսին ու դրսին

Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխանը ներսին ու դրսին

Ինչպես և սպասվում էր, Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական «նախաձեռնողականությանը» և վերջին շրջանի իրադարձություններին։ Նրա խոսքում կարող ենք առանձնացնել մի քանի հիմնական կետ։

1–ին

Ըստ ՀՀ առաջին նախագահի՝ Սերժ Սարգսյանի վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ անմեղսունակության դրսևորում։

Տեր–Պետրոսյանի հետ դժվար է չհամաձայնելը, քանզի միայն անմեղսունակը չորս տարի կբանակցեր ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ու դրա անբաժանելի մասը կազմող Խորը և համապարփակ առևտրի պայմանների շուրջ, հաստիքային ու արտահաստիքային «դհոլների» միջոցով կինքնահռչակվեր արևմտամետ գործիչ, թիմակիցներին կլծեր ասոցացման համաձայնագիրը գովերգելու և Մաքսային միությունը քննադատելու գործին, հակառուսական հիստերիա կհովանավորեր և վերջում կհայտարարեր ... Մաքսային միությանը միանալու մասին՝ անհեթեթ վիճակի մեջ դնելով թե՛ ինքն իրեն, թե՛ թիմակիցներին, թե՛ հաճախորդներին։

Սարգսյանի պատկերացրած «և, և»–ը, թերևս, հենց դա է։ Երբ «խուրդվում» են և՛ ինքը, և՛ իրեն կցվածները։

2–րդ

Տեր–Պետրոսյանը ԵՄ չինովնիկներին տեղը դրեց՝ հիշեցնելով, որ ինքը զգուշացրել է, որ կեղտոտ մեթոդներով հնարավոր չէ բարի նպատակների հասնել, այն էլ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ժողովրդավարական արժեքների բռնաբարման գնով։

Ըստ էության՝ ֆյուլեներն ու մյուսները, ովքեր իրենց բյուրոկրատական «դոդոշությամբ» և «քառակուսի» մտածողությամբ շատ չեն տարբերվում սովետական պոլիտբյուրոյի կամ Ցեկայի չինովնիկներից, ևս անմեղսունակի պիտակին արժանացան, քանզի տարիներ շարունակ հավատացել են, որ կազինոն քաղաքականության հետ խառնած մարդու հետ հնարավոր է ճանապարհ գնալ, այն էլ՝ եվրոճանապարհ։

Հիշեցնենք, որ Ֆյուլեն խոստացել էր դատի տալ եթե հանկարծ ՀՀ–ն չստորագրի ասոցացման համաձայնագիրը։ Դատի կտա թե չէ Ֆյուլեն Սարգսյանին, դժվար է ասել։ Բայց դատից առաջ կամ հետո Ֆյուլեն, որպես արևմտյան քաղաքական մշակույթից խոսող չինովնիկ, պարտավոր է հրաժարական տալ, քանզի Սերժի գիշերային որոշումը և Հայաստանի նվաստացումը նաև իր պարտությունն էր։

ԵՄ հանձնակատար Ֆյուլեն ու մյուսները ևս պատասխանատվություն են կրում այս ամենի համար, քանզի հայ ժողովրդի թիկունքում և Հայաստանի շահերի հաշվին որոշել էին «ատկատային» գործարք կնքել Սերժ Սարգսյանի հետ։

3–րդ

ՀԱԿ առաջնորդը ուղղակիորեն հայտարարեց, որ ինքն ու իր թիմը չեն մտնելու Ռուսաստանի ու Պուտինի դեմ հակաքարոզչական գործընթացի մեջ, ինչպես որ հակաարևմտյան քայլեր չեն ձեռնարկելու, քանզի այս ամենի մեղավորը բացառապես Սերժ Սարգսյանն է. «բորշը» եփել է, թող ինքն էլ ուտի։

Բացի այդ՝ միայն անմեղսունակներին ու պատվերով արևմտամետ խաղացողներին տեսանելի չէ, որ Սերժ Սարգսյանը, անձնական շահերից ելնելով, փորձում է կրկին հակառուսական քարոզ տանել և հետևաբար՝ Տեր–Պետրոսյանի որոշումը՝ չմտնել այդպիսի անհեռանկար և մեր պետությանը վնասող գործընթացի մեջ, լրիվ ճիշտ է և ողջունելի։ Ի վերջո, մենք տեսել ենք, թե ինչով են ամեն անգամ ավարտվում Սերժի «արևմտամետ» պրիստուպներն ու հակառուսական հիստերիայի խրախուսումը։

Որքան էլ հաճախորդները հիմա վայնասուն բարձրացնեն, թե բա Սերժի որոշման պատասխանատվությունը կիսում են նաև մյուս քաղաքական ուժերը, քանզի չեն արտահայտվում ՌԴ–ի դեմ՝ ընդամենը էժանագին քարոզ է։

Հենց «Lragir.am»–ը, «1in.am»–ը, ռուսախոս–«արևմտամետ» Իգոր Մուրադյանն ու նրա տիպի ռենեգատները, «թունդ արևմտամետ» դավիթշահնազարյանները, ազատ ու անազատ դեմոկրատները, Սարգսյան Տիգրանի փաստաբաններն ու բաժակի ընկերները, ինչպես նաև մյուս «անկախներն» են Սերժի հետ հավասար պատասխանատվություն կրում այս խայտառակ արտաքին քաղաքականության համար։

4–րդ

Տեր–Պետրոսյանը շատ հստակ նշեց, թե ինչ պետք է աներ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, որպեսզի կարողանար առավելագույնը ստանալ ցանկացած ինտեգրացիոն գործընթացից, տվյալ դեպքում՝ Մաքսային միությանը միանալիս։ Այսինքն՝ նա ոչ թե ողջունում կամ քննադատում է այդ միությանը միանալու որոշումը, այլ բացատրում, որ Հայաստանը դրանից բան չի շահել, այնինչ կարող էր։ Ինչպես որ կարող էր շահել ԵՄ–ի հետ ասոցացումից, եթե, իհարկե, դա տեղի չէր ունենալու գերտերություններին «շուստրիաբար» խաբելու տեխնոլոգիայով։

Մինչդեռ Սարգսյանն այնպիսի ղումարբազություն է արել, որ վերջում հայտնվել է Պուտինի առանձնասենյակում՝ քաքշված թշիկներով։ Արդյունքում՝ վատացել են թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները, իսկ Հայաստանը հայտնվել է անկյուն քշվածի կարգավիճակում։

Սրանք էին Լ. Տեր–Պետրոսյանի հիմնական թեզիսները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը