Քաղաքական

11.09.2013 13:22


Քաղաքագետ. «Ասել, թե կարող ենք տնտեսապես ինտեգրվել Եվրոպային և մնալ անվտանգության այլ համակարգում, քաղաքական անմեղսունակության դրսևորում է»

Քաղաքագետ. «Ասել, թե կարող ենք տնտեսապես ինտեգրվել Եվրոպային և մնալ անվտանգության այլ համակարգում, քաղաքական անմեղսունակության դրսևորում է»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ընդգծել է, որ հայտարարությունները, թե Հայաստանը կարող է տնտեսապես ինտեգրվել Եվրոպային և մնալ անվտանգության այլ համակարգում, «քաղաքական անմեղսունակության դրսևորում են»։ Խոսելով Եվրամիություն, թե Եվրասիական միություն այլընտրանքի մասին՝ քաղաքագետը նշել է. «Խնդիրը ոչ այնքան արժեքային համակարգի ընտրության հարց է, որքան աշխարհաքաղաքական։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական արժեքային համակարգը ունիվերսալ է, որին պետք է ձգտի ցանկացած քաղաքակիրթ պետություն։ Արժեհամակարգի ընտրության մասին հայ հասարակության մեջ ոչ մի այլընտրանք չկա. մենք եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մասն ենք: Այս գործընթացն իր մեջ պարունակում է ոչ այնքան արժեհամակարգային խնդիր, որքան աշխարհաքաղաքական։ Եթե փոխում ենք աշխարհաքաղաքական գործոնը, պետք է լուծենք անվտանգության խնդիրը»։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը դե ֆակտո ստիպված եղավ իր ընտրությունը կատարել դեպի Մաքսային միություն։

Քաղաքագետը շեշտել է, որ Հայաստանը չունի սահման Մաքսային միության երկրների հետ, հետևաբար լուրջ խնդիրներ կունենա, այդ թվում՝ Արցախի հարցում։

«Հայաստանի ազգային, պետական շահերից կբխեր այն, որ իր նորմատիվային ակտերը մոտեցներ Մաքսային միության երկրներին, փորձեր նույն բանը անել Եվրամիության հետ՝ այդպիսով կամուրջ հանդիսանալով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Հայաստանը պատրաստ չէր մեծ համակարգին միանալուն»։

Նա նաև ըդգծել է, որ եթե Հայաստանը չգնար ԵՄ–ի հետ ասոցացման ճանապարհով, մեզ ոչ ոք չէր ստիպի մտնել Մաքսային միություն։

«Դա նման է այն բանին, երբ աղջիկն ու տղան ընկերություն են անում, աղջիկը ուզում է մեկ այլ տղայի հետ էլ ընկերություն անել, և ընկերը նրան ընտրության առաջ է կանգեցնում՝ կա՛մ ինձ հետ, կա՛մ նրա։ Հայաստանը պատրաստ չէր ամուսնությանը, փաստորեն, ամուսնացրին, որովհետև Հայաստանը փորձում էր խաղեր տալ մյուսի հետ։ Սա քաղաքական որոշում էր, որը պարտադրեցին մեզ, որպեսզի Հայաստանը խաղեր չտա»,-ասել է քաղաքագետը։

Բոզոյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում իշխանափոխությունը այն գլխավոր նախապայմանն է, որի միջոցով հնարավոր կլինի շտկել դրությունը, ինչի հետ համաձայն չի եղել նախախորհրդարանը ներկայացնող Հարություն Մեսրոբյանը, ում կարծիքով իշխանափոխությունը հիմա սխալ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը