Քաղաքական

27.09.2013 17:27


Լևոն Զուրաբյան. «Հավատ չենք ընծայում Ս.Սարգսյանի թեկնածուի նկատմամբ»

Լևոն Զուրաբյան. «Հավատ չենք ընծայում Ս.Սարգսյանի թեկնածուի նկատմամբ»

-Պարո՛ն Զուրաբյան, որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ դուք այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել եք, որ ԱԺ քառօրյայում Կոնգրեսը չի քննադատելու Կոստանյանին եւ ընդհանրապես շանս է տալու նրան աշխատելու: Ի՞նչ է սա նշանակում, եւ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք պատրաստ եք քվեարկել նրա թեկնածության օգտին:

-Ցավոք սրտի, իսկապես նման հրապարակումներ եղել են, եւ քանի որ արվել են իմ խոսքի միտումնավոր խեղաթյուրումներ, ստիպված եմ ավելի բարեխիղճ լրագրողների միջոցով ասել, թե իրականում որն է եղել հրապարկված դիրքորոշումը:

1. Մենք որեւէ պատրանք չունենք. Գեւորգ Կոստանյանը հաստատվելու է գլխավոր դատախազ այս ԱԺ-ի կողմից, որովհետեւ կեղծված ընտրություններով իշխանության եկած նախագահի կողմից Կոստանյանի թեկնածությունը ներկայացվել է մի ԱԺ-ի, որտեղ նույնպես իշխող ռեժիմը ունի կեղծված մեծամասնություն, որը կքվեարկի այնպես, ինչպես պետք է Սերժ Սարգսյանին: Հենց միայն այդ պատճատով, որ թեկնածուին ներկայացրել է Սերժ Սարգսյանը, Հայ ազգային կոնգրես խմբակցության որեւէ պատգամավոր կողմ չի քվեարկելու նրան:

2. Քանի որ Գեւորգ Կոստանյանը ցանկություն է հայտնել հանդիպելու մեր խմբակցության հետ, մենք օգտագործեցինք այս հանդիպումը որպես առիթ՝ նրա առջեւ դնելու մի քանի առաջնահերթ հարցեր, որոնցում Աղվան Հովսեփյանի ղեկավարած դատախազությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն կամ պարտակել է: Այն է՝ Մարտի 1-ի սպանությունների չբացահայտվածությունը, քաղբանտարկյալների տասնյակ դատավարությունների ընթացքում կայացրած ակնհայտ անարդար դատավճիռները, վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային գործի եւ կոռուպցիոն այլ փաստերի կապակցությամբ դատախազության գործունեության հարցը, Տիգրան Առաքելյանի եւ քաղաքական մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդման, Արդարադատության նախարարության կեղծիքի միջոցով ՍԴՀԿ-ի առեւանգման խնդիրը, նմանատիպ այլ հարցեր:

3. Քանի որ ե՛ւ մարտի մեկի գործի, ե՛ւ մյուս մեր բարձրացրած հարցերի շուրջ Կոստանյանը հայտնեց այդ հարցերը լրջորեն ուսումնասիրելու եւ քննելու պատրատակամության մասին, «շանս տալու» եւ «առժամանակ հրապարակայնորեն չքննադատելու» արտահայտությունը վերաբերում է միայն այդ հարցերում Կոստանյանի խոստացված գործունեությանը, ինչը բացարձակապես չի կարող ընկալվել որեւէ արգելանք՝ զինդատախազի կարգավիճակում նրա գործունեության քննադատության նկատմամբ: Հանդիպումից հետո ես չեմ ասել մամուլին (ինչպես դա, օրինակ, ներկայացրել է «Երկիր Մեդիա» լրատվամիջոցը), թե իբր մենք հրապարակայնորեն չենք քննադատելու Կոստանյանին առաջիկա քառօրյայի ընթացքում: Հակառակը՝ առաջիկա քառօրյայում մենք պատրաստվում ենք բարձրացնել զինդատախազի կարգավիճակում նրա կատարած խախտումների մասին հարցադրումներ: Մենք որեւէ հավատ չենք ընծայում Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուի նկատմամբ, բայց եթե ինքը խոստացել է մեր բոլոր բարձրացրած հարցերը նայել, մենք նրան ժամանակ կտանք դրա համար:

Օրինակ՝ դատավոր Եվա Դարբինյանին, որը նույնպես բազմաթիվ անարդար վճիռներ էր կայացրել քաղբանտարկյալների նկատմամբ, մենք այդ շանսը տվեցինք Տիգրան Առաքելյանի դեպքում, ինչից նա չօգտվեց: Ընդհանուր առմամբ, ասածիս էությունը հետեւյալն է՝ ապագա գործունեության քննադատությունը չի կարող հիմնված լինել մեր տեսական կանխատեսման վրա, որ լինելով Սերժ Սարգսյանի հլու հնազանդ կամակատարը՝ նա կատարելու է նույն հանցագործությունները, ինչ որ Աղվան Հովսեփյանը: Ապագա գործունության քննադատությունը մենք կհիմնենք ռեալ բացթողումների վրա: Եւ եթե նա վարվի նույնպես, ինչպես դա անում էր Աղվան Հովսեփյանը, մեր քննադատությունը կլինի նույնքան անխնա: Ավելին, եթե իր խոստացված հարցերում փոփոխություն չլինի, ինքը այդ հանցագործությունների համար նույնքան պատասխանատվություն կկրի, ինչքան Աղվան Հովսեփյանը:

-Բայց արդյոք արդեն նրան չի՞ կարելի քննադատել զինդատախազի պաշտոնում կատարած ապօրինությունների համար, եւ եթե նման ապօրինություններ կատարվել են, ապա ինչո՞վ իրեն կարելի է համարել ավելի ընդունելի, քան Աղվան Հովսեփյանին:

-Նախ՝ Աղվան Հովսեփյանից մասնագիտական կամ մտավոր որակներով ավելի ընդունելի լինելը դեռ չի նշանակում ընդհանրապես ընդունելի լինել: Աղվան Հովսեփյանը մի մարդ է, որը օրենքի գլխավոր պահապանը լինելու փոխարեն եղել է ապօրինությունների ամենամեծ աղբյուրը: Նա օգնեց ռեժիմին իրականացնել բոլոր քաղաքական հետապնդումները եւ պարտակել նրա հանցագործությունները, պաշտոնեական դիրքը օգտագործեց խոշորագույն օլիգարխ դառնալու նպատակով, իսկ դատախազական լծակները՝ սեփական եւ ռեժիմի քաղաքական նպատակների սպասարկման համար: Այս ֆոնի վրա՝ համեմատաբար ավելի լավ որակներ ունենալը դեռ ոչինչ չի նշանակում: Ավելին, Գեւորգ Կոստանյանի՝ զինդատախազի գործունեության ընթացքում հասարակությունն արդեն արձանագրել է զինդատախազության կողմից կատարված ապօրինություններ, օրինակ՝ կապված Լիսկայի մարդասպան որդուն անպատիժ թողելու, ինչպես նաեւ, օրինակ, «Գոմեշի մսի» գործի հետ:

Ինքը լավ բեռով չի գնում գլխավոր դատախազի պաշտոնին, եւ մենք որեւէ հիմք չունենք հավատալու, որ դատախազի ֆիգուրը փոխելով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած այս կառավարման արատավոր համակարգում որեւէ փոփոխություն կլինի: Ավելին, եթե մասնագիտական բարձր կարողություններն ու գրագիտությունն օգտագործվում են ի սպաս ռեժիմի շահերի, դա ավելի վատ հետևանքներ ունի, քան «հոգեխանգարմունքի» մասին Աղվան Հովսեփյանի այն պնդումները, որոնք ժամանակին աշխարհի զարմանքն էին հարուցում: Սա է մեր դիրքորոշումը, եւ մամուլի խեղաթյուրված հրապարկումների համար ես որեւէ պատասխանատվություն չեմ կրում:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը