Լրահոս

10.10.2013 00:24


Առողջապահության նախարարության պարզաբանումը

Առողջապահության նախարարության պարզաբանումը

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն այսօր տված ասուլիսի ժամանակ նշել է, թե իբր Հայաստանում դեղարտադրող ընկերություններից որևէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն և չի կարողանում ստանալ «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիա։

Այդ առթիվ պարզաբանում ենք, որ այսօր Հայաստանում գործող դեղարտադրող բոլոր կազմակերպությունները գործում են օրինական դաշտում և ունեն գործունեության համապատասխան լիցենզիա։

Ինչ վերաբերում է «ՋԻ-ԷՄ-ՓԻ»-ին` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոններին, ապա դրանք հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N1603-Ն որոշմամբ և ներդաշնակեցված են Եվրոպական միությունում գործող համապատասխան պահանջներին: Պատշաճ արտադրական գործունեության սկզբունքները և պահանջները դեղերի որակի ապահովման համակարգի բաղադրիչներ են, որով երաշխավորվում է, որ դեղն անփոփոխ արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների համաձայն:

Այս պահանջներն արդեն 50 տարի է, ինչ ներդրված են աշխարհի առաջադեմ երկրներում։ Վերջին տասը տարում դրանք լայնորեն մտնում են նաև ԱՊՀ երկրներ, քանի որ առանց Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) համապատասխանության գնահատման դրական արդյունքների չի կարող լինել որևէ երաշխիք, որ կապահովվի դեղի հաստատուն որակը: Հայաստանում այս կանոնների ընդունումը միտված է ինչպես երկրում շրջանառվող դեղերի որակի ապահովմանը, այնպես էլ արտահանման խրախուսմանը: ՀՀ կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն 2010-2013թթ. ընթացքում և՛ պետական կառույցները, և՛ դեղարտադրողները Պատշաճ արտադրական գործունեության ներդրման ուղղությամբ հսկայածավալ աշխատանք են իրականացրել։ Մասնավորապես մշակվել և հաստատվել են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, ստեղծվել է ՊԱԳ համապատասխանության գնահատման կառույց, կազմակերպվել է մասնագետների վերապատրաստում, միջազգային տեսուչների հետ համատեղ իրականացվել են լիցենզավորված արտադրատարածքների նախնական դիտարկումներ, կազմվել են ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների ծրագրեր և այլն։ Միաժամանակ Հայաստանը ներկայացրել է «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային» անդամակցելու հայտ` գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը մոտ օրերս կընդունի նաև արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ համաձայնեցված ժամանակացույցի, երեք արտադրող նախապատրաստվում են դիմելու ՀՀ առողջապահության նախարարություն` ՊԱԳ համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով: Մյուս արտադրողները ևս այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը