Լրահոս

10.10.2013 11:09


ԲՀԿ-ն իր հարց տալու իրավունքը չէր զիջի Փոստանջյանին

ԲՀԿ-ն իր հարց տալու իրավունքը չէր զիջի Փոստանջյանին

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԵԽԽՎ պատվիրակության հիմնական անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

-Հայաստանի համար, ըստ Ձեզ, ինչ կարեւոր հարցեր հնարավոր եղավ բարձրացնել ԵԽԽՎ նիստում:

-Ինձ համար ինչ-որ տեղ ցավալի է նաեւ, որ շատ կարեւոր, դա ես չեմ ասում, որ իմ առաջարկն է եղել, այլ իրապես ասում եմ, որ շատ կարեւոր առաջարկ, որը ներառվեց զեկույցում, ուղղակի կարծես թե այս աղմուկի մեջ չնկատվեց: Ջիմ Շերիդան՝ բրիտանացի պատգամավոր, մի շատ կարեւոր նախագիծ էր ներկայացրել ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, այնտեղ անդրադարձ կար նաեւ ԼՂՀ կոնֆլիկտին, եւ այդտեղ ես մի կարեւոր առաջարկ ներկայացրեցի: Շատ տեւական ժամանակ չէր հաջողվում այդ առաջարկը ֆիքսել բանաձեւում, որովհետեւ ադրբեջանական պատվիրակությունը կատաղի դիմադրություն էր ցույց տալիս, բայց ինձ հաջողվեց ֆիքսել դա բանաձեւում, նաեւ այն պատճառով, որ հեղինակը ինքը գտավ, որ շատ կարեւոր է: Այսինքն անհետ կորածներին հայտնաբերելու համար պետք է աշխատել դե ֆակտո իշխանությունների հետ, պետք է տեղեկատվություն փոխանակել: Այդ ամենին կատաղի դիմադրում էր Ադրբեջանը հանձնաժողովի նիստերի ժամանակ, բայց ինձ հաջողվեց իհարկե հեղինակի հետ դա ամրագրել բանաձեւում եւ վեհոժողովը կողմ քվեարկեց այդ բանաձեւին:

-Դուք բարձրացրեցիք նաեւ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը, ԵԽԽՎ անդամներն ինչպե՞ս արձագանքեցին:

-Իրենց համար դա շատ կարեւոր հարց էր, որովհետեւ ԵԽԽՎ հարթակն այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեն այդ հարցերը, եւ հոկտեմբերի վերջին նախատեսված է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Մարդու իրավունքներին վերաբերող մեծ կոնֆերանս Հայաստանում, որտեղ կլինի նաեւ ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը, եւ ես այդ հարցը նաեւ այստեղ եմ բարձրացնելու: Մենք անընդհատ ցանկացած հարթակ պետք է օգտագործենք հայ զինվորին վերաբերող հարցը բարձրացնելու համար: Սուտ է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվությունը, թե Հակոբին Հայաստանում սպառնալու է ազատազրկում:

-Արդյո՞ք Արփինե Հովհաննիսյանը Դավիթ Հարությունյանի գիտությամբ հարց տալու իր իրավունքը զիջել է Զարուհի Փոստանջյանին:

-Ինձ համար էական չէ, թե ով ում է զիջել: Ես ինքս, որպես հիմնական ձայն ունեցող պատգամավոր, Զարուհի Փոստանջյանին անկախ իրավիճակից իմ հարցի իրավունքը չէի զիջի: Այլ բան է, Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է, դա իրենց մոտեցումն է, ես այստեղ որեւէ դավադրություն իրապես փնտրել չեմ ուզում, որովհետեւ ես վստահ եմ, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ հարց է հնչելու: Ես ինքս կրկնում եմ՝ չէի զիջի, որովհետեւ որոշակի հաշվարկներ կանեի, որ կարելի՞ է այս պատգամավորին զիջել քո հարցի իրավունքը: Այլ հարց է, որ նման հարց հնչեցնելը ԵԽԽՎ որքանով է ուղղակի քաղաքականապես գրագետ եւ ընդունելի: Մեր երկրում այնքան պրոբլեմներ կան, այնքան լրջագույն հարցեր կարելի էր բարձրացնել որ, ոչ թե այս հարցը: Ասում են՝ ԵԽԽՎ այն հարթակն է, որտեղ կարելի է ցանկացած հարց բարձրացնել, միգուցե այո, բայց այստեղ գալիս է դաստիարակության եւ ճաշակի հարց: Արդյոք ամեն մեկը կարող էր նման հարց հնչեցնել: Կարելի էր շատ ավելի սուր, բայց քաղաքական, քաղաքականապես գրագետ հարց հնչեցնել:

Մարնարամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը