Լրահոս

11.10.2013 15:50


Փոխվարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին և Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին, տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին։
Փոխվարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում ԵԽ հետ համագործակցության բավականին արդյունավետ օրակարգ է ձևավորվել:
«Ի սկզբանե մեծ կարևորություն ենք տվել տեղական ժողովրդավարության խնդիրներին: Հունիսին Երևանում տեղի ունեցավ մասնակցային ժողովրդավարությանը նվիրված համաժողովը, որին նախորդեց Կոնգրեսի բյուրոյի նիստը, այսօր աշխատանքը կսկսի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, իսկ հոկտեմբերի վերջին Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Կոնգրեսի լիագումար նիստի աշխատանքներին, կամփոփենք մեր նախագահության ժամանակահատվածը»,-նշել է փոխվարչապետը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման նպատակով Դանիայի կառավարության կողմից 1,7 մլն եվրոյի հատկացման համար` տեղեկացնելով, որ ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ աշխատում են նախանշված ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Փոխվարչապետը եվրոպացի գործընկերներին տեղեկություններ ներկայացրել էնաև նախատեսվող բարեփոխումների մասին. «Տեղական ժողովրդավարության համատեքստում բարեփոխումների մեծ օրակարգ ունենք` վարչատարածքային, ավագանու ինստիտուտի հզորացման, ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրման ուղղություններով»:

Արչմեն Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու վերջին ընտրություններին Կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ հայկական կողմը ծանոթ է պատրաստված զեկույցի վերջնական տարբերակի նախագծին և ընդհանուր առմամբ համարում է, որ օբյեկտիվ գնահատականներ են արտացոլված:
Հյուրերը նշել են, որ պատրաստակամ են աջակցել ինչպես 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների, այնպես էլ հետագա բարեփոխումների իրականացմանը, այդ թվում`անհրաժեշտ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով: Նրանք վստահեցրել են, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը և բաց են ցանկացած գործակցության համար: Միաժամանակ կարևորել են բարեփոխումների սահուն իրականացումը` հաշվի առնելով նաև ազգային առանձնահատկությունները:
Անդրադառնալով այսօր մեկնարկող Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին`հյուրերն այն համարել են լավ հնարավորություն` փորձի փոխանակման, տեղական իշխանությունների միջև կապերի հաստատման տեսանկյունից` ընդգծելով, որ ԵԽ-ն աջակցում է նման նախաձեռնությունները:
Քննարկվել են նաև 2013թ. նոյեմբերին Կոնգրեսի կողմից Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի վերաբերյալ մոնիտորինգի կազմակերպչական հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը