Լրահոս

14.10.2013 10:44


«Կներե՛ս, Երևա՛ն, ես քեզ այսօր չեմ սիրում»

«Կներե՛ս, Երևա՛ն, ես քեզ այսօր չեմ սիրում»

Կներե՛ս, Երևա՛ն, ծնունդիդ չեմ եկել: Տասնհինգ անգամ կներես, որովհետև տասնհինգ անգամ կողքիդ եմ եղել ու չեմ եկել՝ ասելու շնորհավոր: Ու երբեք սերեր չեմ չափել քեզ համար:
Ձերոնք քեզ տատիկի շորեր են հագցնում՝ վուլգար, անճաշակ շորեր: Բայց դու ջահել ես, չէ՞: Տխրում ես…

Փակի՛ր ականջներդ, Երևա՛ն, աչքերդ փակի՛ր: Էսօր բոլորը հիշում են, որ դու Երևանն ես, իսկ դու… մոռացի՛ր: Տարվա մեջ մեկ-երկու օրով մոռացիր անունդ, տաիրքդ, թող ուրախանան, աղմկեն, հիշեն քեզ: Ուրախացի՛ր, որ մի ծնունդ ունես, որ մի անգամ ենք ես ու դու տեսնելու այն, ինչ տեսնում ենք:
Իսկ նրանք կարծում են, թե սրտիկներ ու փուչիկներ ես սիրում: Մտածում են, թե սիրում ես 2795 տարեկան լինել: Առավոտյան բարձրակրունկ ու տոնական շորեր հագնել, լողանալ գիշերը կեղտոտվելու ու հալից ընկնելու համար: Նրանք կարծում են, թե դու սիրում ես իրենց սրտի ուղեկիցը լինել: Դու էլի տխրում ես, ես՝ չգիտեմ:
Կներե՛ս, Երևա՛ն, ծնունդիդ չեմ եկել: Հյուսիսայինում էլի հիշելու էինք տատիս պապական տան մասին, որը քանդեցին նույն Հյուսիսայինը կառուցելու համար: Ես ու դու տխրելու էինք ծնունդիդ օրով:
Կներե՛ս, Երևա՛ն, ես քեզ այսօր չեմ սիրում: Սիրում եմ տարին 364-363 օր միայն, երբ «տոնական» չես, երբ պարզ ես, հանգիստ, ուրախ, ամենօրյա: Երբ կարողանում եմ հետդ ժամերով խոսել, կարողանում եմ հասկանալ, հասկացնել ինչ-որ բան: Ու սերերը թողնել չչափված-անչափ, բառերը թողնել ուրիշ, անծանոթ քաղաքների համար: Իսկ քեզ միայն դրական նվիրել ու մի ուրիշ դրական նվեր ստանալ քեզնից:

Մենք ապրում ենք Երևանում, իսկ մեր տանը երեք Երևան է ապրում՝ տատիս պապական տունը, ծնողներիս «Կուկուռուզնիկն» ու իմ «Փակ շուկան»:
Կներե՛ս, Երևա՛ն, էլ ո՞նց գամ ծնունդիդ:

Վիկա Մարկոսյանի բլոգից

Այս խորագրի վերջին նյութերը