Մեկնաբանություն

30.10.2013 18:04


Մահապարտների իշխանությունն ու Լևոն Տեր–Պետրոսյանի դիտարկումները

Մահապարտների իշխանությունն ու Լևոն Տեր–Պետրոսյանի դիտարկումները

2008թ. մարտի 1ի միջոցով գալով իշխանության՝ Սերժ Սարգսյանն ինչ որ առումով դարձավ մահապարտ, ով պատրաստ չէ հանձնել իշխանությունը, քանզի երաշխիք չունի, որ հանձնելուց հետո չի հանձնվի իրավապահ մարմինների տնօրինմանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը վերջնականապես մահապարտների նեղ խմբակի վերածեց իշխանական գիլդային։

Քաղաքական ու տնտեսական դաշտում այնպիսի ավերածություններ են գործվել, որ իշխանությունից հեռացումն արդեն խնդրահարույց է Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի համար։ Սա հասկանում են բոլորը, այդ թվում ու նախևառաջ ՀՀԿ ղեկավարը։

«Մահ կամ իշխանություն». ահա՛ այն կարգախոսը, որով առաջնորդվում են ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալած, արտագաղթի սարսափելի չափերի պատճառ դարձած, տնտեսական անկում ապահոված, աղքատների քանակն ավելացրած ու երկրի անվտանգության ապահովման հարցը ձախողած իշխանությունները։ Իսկ դա նշանակում է, որ նրանք մինչև վերջին փամփուշտը փորձելու են կառչած մնալ աթոռից։

Ավելի շուտ նրանք համաձայն կլինեն Հայաստանի կորստին, քան իշխանության հանձնմանը։ Ասել է թե՝ ՀՀ իշխանութունների ու Հայաստանի շահերը խոր հակասության մեջ են։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերի ու անհատների համար այս իրողությունը չի կարող մտահոգիչ չլինել։

Այս ամենի համատեքստում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա դիտարկումները։

Հիմնավոր փաստարկներ ներկայացնելով Սերժ Սարգսյանի հեռացման անհրաժեշտության թեմայով՝ ՀՀ առաջին նախագահը նկատում է. «Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև՝ այն է, կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին»։

Մահապարտի վերածված և սեփական անվտանգության համար աթոռից կառչած Սերժ Սարգսյանին Տեր–Պետրոսյանը, ելնելով ռացիոնալ հաշվարկներից ու պետական շահից, որոշակի երաշխիքներ տալու առաջարկներ է ներկայացնում։

«Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»,– նշել է Տեր–Պետրոսյանը։

Իրոք, որ քաղաքական նպատակահարմությունից ելնելով պետք է անձնական անձեռնմխելիությամբ օժտել Սերժ Սարգսյանին ու նրան ուղարկել չվաստակած հանգստի, այլապես Հայաստանը պարբերաբար փորձանքների մեջ կհայտնվի ու կգա Տիգրան Սարգսյանի երազած պետության վախճանի պահը։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը կամովին չհեռանա, ապա միայն իրեն պետք է մեղադրի հետագա անկանխատեսելի զարգացումների համար։ Համաշխարհային փորձը բոլորիս աչքի առաջ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը